«Վաշինգտոնը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում գործելու է ուժի դիրքերից»

«168 Ժամի» զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը

– Պարոն Տրոֆիմչուկ, հաշվի առնելով ԼՂ հակամարտության կողմերի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, ձեր գնահատմամբ` ո՞ր փուլում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, և ինչպե՞ս ապագայում կարող է զարգանալ բանակցային գործընթացը։

– ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն այն նույն փուլում են, ինչ 2016թ. ապրիլի վերջին, եթե հաշվի չառնենք նույնիսկ դրսից ակնհայտորեն երևացող բանակցային ինտենսիվության անկումը։ Այսօր արդեն չկան հանդիպումներ, հայտարարություններ, այցեր։ Երևի թե ինչ-որ մեկը համարում է, որ ամեն ինչ հարթվել, հանդարտվել, մոռացվել է, և նույնիսկ ավելին, վերադարձել է իր ստանդարտ ձևաչափին, որը նախորդում էր ապրիլյան պատերազմին։ Սա վտանգավոր մոլորություն է։

Ներկայիս քնի վտանգն այն է, որ հակամարտությունից հանվել է ստատուս-քվո կնիքը, և իրավիճակը կարող է պայթել ցանկացած պահի։ Հայաստանն ու Ադրբեջանը վաղուց նույնը չեն, ինչ մինչ ապրիլը։ Ադրբեջանը մշտապես պատրաստ է պատերազմել, իսկ Հայաստանը պատրաստ չէ հանձնել ոչ մի միլիմետր հող` ինչ կարգավիճակում էլ որ դրանք ֆորմալ կերպով լինեն։

Չեն իրագործվել նույնիսկ այն որոշումները, որոնք ընդունվել էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման չափանիշների լայն սպեկտրի, դրանք պետք է իրականացվեին այդ գագաթաժողովներում ընդունված որոշումների համաձայն։ Դիտորդներին գրեթե ոչինչ հայտնի չէ շփման գծում այն քայլերի մասին, որոնք պետք է իրականացվեին վերոնշյալ գագաթաժողովներում կայացված որոշումների համաձայն։ Չկա նաև պատասխան մի շարք կարևոր հարցերի` ո՞վ է սկսել պատերազմը, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի, այդ թվում` ֆինանսական և տնտեսական։

Ուստի ամենավատ դեպքում բանակցային գործընթացը կրկին կակտիվացվի` ցույց տալու համար ջանքերի առկայության փաստը։ Բայց ամենածանր դեպքում որոշում` նախկինի նման, չի լինի։ Իսկ բանակցային գործընթացի նպատակը, ինչպես միշտ, կանխելն է, որպեսզի իրավիճակը չվերաճի պատերազմականի։ Սա, իհարկե, մարտավարություն է` առանց որևէ ռազմավարության։

– Ըստ Ձեզ` ինչո՞ւ Մամեդյարովը մեկնեց Մոսկվա, որտեղ կայացած բանակցություններից վերադարձավ դժգոհ։ Եղավ նաև տեղեկատվություն այն մասին, որ Մոսկվան փորձում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել։ Ինչպիսի՞ն էր բանակցությունների մոսկովյան սցենարն այս փուլում, և ինչո՞ւ է դրան հակադրվում Ադրբեջանը։

– Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի այցը Մոսկվա պայմանավորված էր հակամարտությունը շուտափույթ կերպով կարգավորելու անդադար ցանկությամբ, ցանկությամբ` գոնե դատարկ միջավայրում ինչ-որ դինամիկա հաղորդել գործընթացին, քանի որ այս հարցով ընդհանրապես չհանդիպել պարզապես չի կարելի, դա նաև շատ տարօրինակ կլիներ։ Ուստի հանդիպման արդյունքներն էլ չէին կարող լինել այլ, քան ֆորմալը։ Հենց այդ պատճառով Է. Մամեդյարովը հրապարակայնորեն դժգոհություն արտահայտեց գործընթացի վերաբերյալ, որը դիվանագետին այդքան էլ հարիր չէ։ Եթե բարձր դիվանագետների նյարդերը տեղի են տալիս, ապա կարելի է արդեն պատկերացնել ընդհանուր լարվածությունը, որն առկա է հակամարտության գոտում, որտեղից շարունակաբար զոհեր են դուրս բերում։

Իրավիճակը լարված է, նույնիսկ, եթե չխոսենք ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի մասին` Սպիտակ տանը նոր աշխատակազմի առկայություն, ինչն իր հերթին` նյարդ է մտցնում գործընթացում, քանի որ մի շարք մասնակիցներ, հակամարտության կողմեր չեն հասկանում, թե ուր է հոսում իրավիճակը, և արժե՞ արդյոք սպասել Վաշինգտոնից որևէ ազդանշանի։ Առավել ևս, երբ արդեն պատրաստ է ողջ Հարավային Կովկասում իրավիճակի սրման նոր գործոնը` Դոնալդ Թրամփի կտրուկ բացասական վերաբերմունքն Իրանի նկատմամբ։ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները եղել ու կլինեն, ինչպես միշտ։ Սակայն ներկայումս այդ հանդիպումներն այլևս ոչինչ չեն որոշում։

Մոսկվայի սցենարը մեկն է` թույլ չտալ հակամարտության ռազմական լարում, պատերազմ, քանի որ մեկը մյուսից ոչ հեռու երկու պատերազմ (Դոնբաս, Ղարաբաղ) հաղթահարելը քիչ հավանական է որևէ մասնակցի համար։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ կողմը հանդես է գալիս տարածքների վերադարձի դիրքերից, և որքան հնարավոր է` շուտ։ Բաքուն պատրաստ է դիտարկել տարբեր սխեմաներ, բայց գլխավոր չափանիշը հետևյալն է` կոնկրետություն և արագություն։ Դեռ չկա ո՛չ առաջինը, ո՛չ` երկրորդը, և դա նյարդայնացնում է Ադրբեջանի իշխանություններին։

– Նկատո՞ւմ եք արդյոք լարվածություն Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում։ Եթե այո, ապա, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված այդ լարվածությունը։

– Բաքվի և Մոսկվայի միջև լարվածություն չկա։ Ինչպես ես արդեն ասացի, կա Բաքվի դժգոհությունն առ այն, որ ապրիլից հետո ոչինչ չի արվել։ Եթե իրավիճակը երկարաձգվի, ապա լարվածություն հնարավոր է` հատկապես, որ Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականության ակտիվացումն ուղիղ անդրադարձ է ունենալու տարածաշրջանային բոլոր գործընթացների, այդ թվում` Ղարաբաղի վրա։ Կարևոր հարցը հետևյալն է` ի՞նչ դիրքորոշում կստանձնի Վաշինգտոնն Ադրբեջանի նկատմամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանում լուրջ ադրբեջանական համայնք է ապրում։ Այս ամենից ելնելով` մեկ բան կարելի է ասել, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը բաց թողեցին տարածաշրջանային իրավիճակի կայունացման իրենց վերջին հնարավորությունը, որը պետք էր օգտագործել նախորդ տարվա աշնանը, երբ ԱՄՆ-ը զբաղված էր սեփական խնդիրներով։ Պետք չէր սպասել «Թրամփի գահի» բետոնացմանը։

– ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն օրերս հայտարարեց, որ աշխատելու է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղին գտնելու ուղղությամբ, և, որ չկարգավորված հակամարտությունը տարածաշրջանային կայունության համար սպառնալիք է։ Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է լինելու նոր աշխատակազմի և նոր պետքարտուղարի դիրքորոշումը, ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործընթացում, և ինչպե՞ս են այս հարցում աշխատելու Մոսկվան և Վաշինգտոնն այսուհետ։

– Սա չափազանց լուրջ հայտարարություն է, քանի որ շատ փորձագետների, չգիտես ինչու, թվում էր, որ Թրամփը գոնե նախագահության առաջին տարվա ընթացքում բացարձակապես Ղարաբաղին չի հասնելու։ Պարզվեց, որ այս հակամարտությունը ոչ միայն ամերիկյան միջազգային քաղաքականության առաջնահերթությունների թվում է, այլև Թիլերսոնի կողմից դիտարկվում է` որպես ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր։ Թվում է, որ նույնիսկ տրանսպորտային, հումքային սխեմաներն այդքան չեն հետաքրքրում Վաշինգտոնին, որքան հակամարտության քաղաքական կարգավիճակը։ Կասկածից վեր է, որ Վաշինգտոնը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում գործելու է այն նույն մեթոդներով, որոնք արդեն գործի են դրվել աշխարհակարգի մնացած կարևոր հարցերի ուղղությամբ։ Այսինքն` ուժի դիրքերից։

Եվ հատկանշական է, որ Թրամփը դրա լիակատար իրավունքը ձեռք է բերել այն բանի շնորհիվ, որ ԱՄՆ-ը կտրուկ ամրապնդվել է իր 44-րդ նախագահի օրոք։ Իսկ ներկայումս 45-րդ նախագահի` Թրամփի համար շատ ավելի հեշտ է գործել` Օբամայի ուսերին կանգնած։ Թրամփի աշխատակազմը ձևավորելու է և առաջ մղելու ԼՂ հակամարտության կարգավորման սեփական տարբերակները և ողջ Հարավային Կովկասի կոնֆիգուրացիան, իսկ մյուս երկրները ստիպված են լինելու, ցավոք սրտի, կա՛մ հնազանդվել, կա՛մ ընթանալ ուղիղ առճակատման ճանապարհով։ Սա արդեն դեմոկրատ Օբաման չէ, ում ինչ-որ տեղ կարողանում էին համոզել։

Տեսանյութեր

Լրահոս