«ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարի անդրադարձը Ղարաբաղին հստակ ուղերձ էր Ալիևի համար»
Հարցազրույց ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ
– Պարոն Սարգսյան, մինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը հույսեր կային, որ նա չի իրականացնի իր նախընտրական ծրագիրը, որով բավականին ռադիկալ փոփոխություններ էին նախատեսվում ամերիկյան թե արտաքին, թե ներքին կյանքում։ Թրամփի առաջին որոշումներն ու նշանակումներն արդեն իսկ հասցրել են մեծ աղմուկ բարձրացնել հենց ԱՄՆ-ում, Եվրոպայում և աշխարհում։ Ինչպե՞ս եք գնահատում Թրամփի աշխատակազմի առաջին օրերի աշխատանքը։
– Մեծ հաշվով, այն, ինչ խոստացել էր Դոնալդ Թրամփը, սկսել է իրականացնել արտաքին և ներքին քաղաքական ուղղություններով։ Ուշագրավ է միգրանտների հարցերով նրա որոշումը, որը ևս նրա նախընտրական ծրագրի բաղադրիչն էր։ Մնացած բոլոր ուղղություններով ևս նորընտիր նախագահը շատ ակտիվ սկսել է աշխատել։ Արտաքին քաղաքականության առումով կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները, նա մշտապես աջակցել է այդ հարաբերությունների կարգավորմանը։
Իսրայելին տրվելիք աջակցության հարցում ևս, որպես թեկնածու, որպես նախագահ` արդեն հայտարարել է ու այդ ուղղությամբ աշխատում է, կադրային քաղաքականության հարցերում նա պրոֆեսիոնալ մարդկանց է առաջադրել մի շարք պաշտոններում, չնայած ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Թիլերսոնը մասնագիտությամբ դիվանագետ չէ, պաշտպանության նախարար Մատիսը, Գերագույն դատարանի անդամները պրոֆեսիոնալներ են։ Մեծ հաշվով, իր նախընտրական խոստումների մի մասը սկսել է իրականացնել, մյուսի մասի վրա, վստահ եմ, աշխատում է։
– Հաշվի առնելով այն, որ Թրամփն իրականացնում է իր նախընտրական ծրագիրը, որում իր ուրույն տեղն ուներ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ապա` Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը, դրանից հետո սկսված լարվածությունն Ուկրաինայի արևելքում` Դոնբասում, ինչպե՞ս են դասավորվելու ԱՄՆ-Եվրոպա, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները։
– Եթե նկատի առնենք այն հանգամանքը, թե ինչպես է Թրամփը կարգավորում իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ակնհայտ է դառնում, որ որոշ ուղղություններով Թրամփը պետք է զիջումների գնա։ Տեսանք, որ նրանց հետախոսազրույցից անմիջապես հետո Դոնբասում որոշակի սրում նկատվեց, ագրեսիվ գործողություններ, սա կարելի է կապել այս հեռախոսազրույցի հետ, որովհետև այդ հեռախոսազրույցը տևեց մեկ-մեկուկես ժամ, և այդ ընթացքում նախագահները ենթադրաբար բոլոր հարցերով քննարկումներ ունեցան, վստահ եմ, քննարկումներ են ծավալվել նաև պատժամիջոցների վերաբերյալ, եթե դրանից հետո պայմանավորվել են հանդիպել, նշանակում է, որ դրական ազդակներ այստեղ կան, դրական միտումներ են նկատվում ռուս-ամերիկյան հարաբերություններում։
Պետք է նաև նկատենք, որ այսօր ողջ աշխարհում ԱՄՆ-ի միակ մրցակիցը Չինաստանն է, որովհետև որոշ հաշվարկներով` առաջին, որոշ հաշվարկներով` աշխարհի երկրորդ տնտեսությունը Չինաստանն է ԱՄՆ-ից հետո, այսինքն` իրատեսական մրցակից ԱՄՆ-ի համար կարող է լինել միայն Չինաստանը։ Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը Չինաստանին զրկել այդ դերից, նա պետք է փորձի չինական տնտեսական աճն ինչ-որ կերպ զսպել, և դա կարող է լինել մի քանի ուղղություններով։
Առաջին ուղղությունն այն է, որ Տրանսատլանտիկ համագործակցության պայմանագրից ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ, իսկ դա լուրջ հարթակ է Չինաստանի առևտրատնտեսական հարաբերությունների համար։ Հասկանում ենք նաև այն, որ ԱՄՆ-ը չի կարող առճակատման մեջ լինել և Չինաստանի, և Ռուսաստանի հետ, ուստի ստիպված է նրանցից որևէ մեկին դարձնել իր գործընկերը։ Իհարկե, ենթադրաբար գործընկեր կդարձնի Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը նույնիսկ համաշխարհային տնտեսությունների առաջին տասնյակում չկա, այսինքն` ԱՄՆ-ը Ռուսաստանին չի դիտարկում` որպես մրցակից, ոչ էլ մտահոգություն ստեղծող քաղաքական և տնտեսական ուժ, ուստի նա կփորձի պասիվացում մտցնել Չինաստանի տնտեսական աճի մեջ` թեկուզ ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման։
– Հաշվի առնելով Ձեր նշած դրական դինամիկան ռուս-ամերիկյան հարաբերություններում, ո՞ւմ էր ձեռնտու իրավիճակի սրումը Դոնբասում։ Կա կարծիք, որ սա պետք էր Կիևին ԱՄՆ-ի ուշադրությունը գրավելու նպատակով, մյուս կարծիքների համաձայն` Մոսկվան սրանով ազդակներ ուղղեց Վաշինգտոնին։ Դուք ի՞նչ եք կարծում այս մասին։
– Ընդհանրապես, եթե հետևենք համաշխարհային տեղեկատվական հոսքերին, ապա կնկատենք, որ ուկրաինական թեման վաղուց առաջին հնգյակում և տասնյակում չէ։ Բնականաբար, նման սրումը կարող էր ուկրաինական թեման բերել համաշխարհային լրատվական հոսքերի էպիկենտրոն` այն դարձնելով առաջնային։ Բայց թե որ կողմին է ավելի ձեռնտու այս քայլը` դժվար է ասել։ Ինչպես նշեցիք, սրանից երկու կողմերն էլ կարող էին որոշակի օգուտներ քաղել, Ուկրաինան կարող էր հիշեցնել իր խնդիրների գոյության մասին, ռուսները կարող էին սա ընկալել` որպես ազդակ, բայց ես չեմ կարծում, որ ռուսներն այնտեղ իրենց գործողությունները պայմանավորեին ԱՄՆ-ից ստացած ազդակներով, որովհետև այդ ազդակները մշտապես բացասական են եղել, բայց այնտեղ գործողություններ իրականացվել են, ուստի չեմ կարծում, որ սա ռուսական նախաձեռնություն լինի։
– Մինչ Թրամփի երդմնակալության արարողությունը շատ փորձագետներ կանխատեսում էին, որ նրա աշխատակազմը որոշակի հեռավորություն կպահպանի Ռուսաստանի հարևաններից և մեր տարածաշրջանից, այդ թվում` ԼՂ հակամարտությունից։ Օրերս պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել էր, որ աշխատելու է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ` խաղաղ, երկարաժամկետ լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ապահովել կայունությունն ու բարգավաճումը տարածաշրջանում։ Նրա խոսքով` ԼՂ չկարգավորված հակամարտությունն ԱՄՆ ազգային շահերի սպառնալիք է։ Այս հայտարարությունն ի՞նչ է ենթադրում ամերիկյան այս նոր քաղաքականության կոնտեքստում։
– Նախ` պետք է հասկանալ, որ այս հայտարարությունը նոր աշխատակազմի առաջին հայտարարությունն է, որը վերաբերում է Հայաստանին, մեր տարածաշրջանին և Լեռնային Ղարաբաղին։ Կարծում եմ, որ սա ոչ միայն հստակ ուղերձ էր Ադրբեջանի իշխանություններին առ այն, որ ԱՄՆ-ը շարունակում է պահպանել այն քաղաքական գիծը, որը որդեգրել է, այլև մի փոքր ավելի ագրեսիվ է ներկայանում` ասելով, որ այս հակամարտությունը պարզապես չի բխում ԱՄՆ ազգային անվտանգության շահերից։ Սա լրացուցիչ ազդակ է Ալիևին, ով վերջին ժամանակահատվածում դարձել է Սադամ Հուսեյնը և միջազգային հանրության կարծիքը հաշվի չի առնում, փորձում է ինքնուրույն խաղալ, ինքնուրույն որոշումներ կայացնել, ռազմական գործողություններ նախաձեռնել ոչ միայն` ԼՂ-ի հետ շփման գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։
ԱՄՆ-ը այն պետությունը չէ, որը պասիվ ներգրավվածություն ունենա ինչ-ինչ ուղղություններով, ԱՄՆ-ը գերտերություն է` օժտված գերտերության բոլոր հնարավորություններով, և պարզ է, որ ամեն տեղ ներկայացված է լինելու, ամեն տեղ իր շահերն է առաջ մղելու։ Շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ՄԽ բանակցային գործընթացում։ Չմոռանանք, որ ՄԽ-ի համանախագահությունը երևի թե միակ ձևաչափն է, որտեղ երեք պետություններն ունեն ընդհանուր պատկերացումներ, լարված մթնոլորտ չկա, ուստի այս ձևաչափը բավականին արդյունավետ է, չեմ կարծում, որ որևէ մեկի դերը կամ նշանակությունը կարող է էապես պակասել։ Չմոռանանք նաև, որ, երբ նույնիսկ ԱՄՆ նախագահի, ՌԴ նախագահի կողմից որոշակի գործողություններ նախաձեռնվում են` առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, համանախագահները գործում են համաձայնեցված։
– Հայաստանում բավականին դրական արձագանք ստացավ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Հեֆերնի նշանակումը Նուլանդի պաշտոնում։ Սա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար։ Ինչպե՞ս հայկական կողմը կարող է օգտագործել Հեֆերնի հետ կապերն ու նրա տարածաշրջանային իմացությունը հայ-ամերիկյան և աշխարհաքաղաքական հարաբերություններում։
– Հստակեցնեմ, որ Հեֆերնը դեռ պաշտոնակատար է, Նուլանդը հեռացող աշխատակազմի հետ հեռացել է, Հեֆերնը դեռ պաշտոնակատար է, և դեռևս պարզ չէ, թե Թիլերսոնը կնշանակի՞ նրան այդ պաշտոնում, թե՞ ոչ։ Համենայն դեպս, նա պատկերացում ունի տարածաշրջանի մասին, լավ դեսպան է եղել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ավելին ակնկալենք, քան նա կարող է անել մեզ համար։
– Օրերս իր ամենամյա ելույթով հանդես եկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, ով իր գերակայությունների շրջանակում նաև գնահատականներ հնչեցրեց ՀՀ կառավարության արդյունավետությանը մի շարք ոլորտներում, քննադատելով կոռուպցիայի դեմ պայքարի հարցում աշխատանքները։ Ըստ Ձեզ` ԱՄՆ-ը փոխո՞ւմ է Երևանում իր հռետորաբանությունը, սա պետք է դիտարկել նախընտրական զարգացումների կոնտեքստո՞ւմ։
– Գիտեք, որ կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես եղել է թե՛ ԱՄՆ կառավարության, թե՛ մեր կառավարության ուշադրության կենտրոնում, այստեղ նոր միտումներ չեմ տեսնում։ Ընդհանուր առմամբ պետք է ուշադրություն դարձնել այն ուղերձներին, որոնք եկել են ԱՄՆ-ից։