«Պետական կառավարման համակարգում մարդկանց մեծ մասը երկատված է սեփական բիզնես շահերի և պետության շահերի միջև»

Մեր զրուցակիցն է «Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը

– Պարոն Չալաբյան, հայտնի է, և Դուք էլ մի անգամ ասել եք, որ ցանկացած առաջընթաց առաջին հերթին` սկսվում է պետական կառավարման համակարգի բարեփոխումներից։ Այսօր մեր պետական կառավարման համակարգն ինչպիսի՞ն է, և ի՞նչ է պետք փոխել։

– Մեր պետական կառավարման համակարգը, ըստ էության, ժառանգություն է Սովետական Միության պետական կառավարման համակարգից, որը հետագայում անցել է մի շարք փոփոխությունների միջով, բայց մեծ հաշվով` շարունակում է ապրել նույն տրամաբանությամբ։ Բայց քանի որ միջավայրը նոր է, շուկայական, անգամ` վայրի կապիտալիստական է, այն չի կարողանում իր գործառույթները համարժեք իրականացնել։ Մեր պետական կառավարման համակարգի խորագույն արատը սերտաճումն է տարբեր բիզնես շահերի հետ, որոնք գտնվում են պետական համակարգից ֆորմալ առումով դուրս, բայց սողոսկում են նրա ներսը։

Բազմաթիվ օրինակներ գիտենք, երբ պետական պաշտոնյաները ոչ միայն ունեն խոշոր բիզնես, այլև անթաքույց հովանավորում են իրենց բիզնեսը` օգտագործելով պետական լծակները։ Անուններ չեմ ուզում տալ, դրանք բոլորի շուրթերին են։ Նաև բազմաթիվ օրինակներ կան, որոնց մասին նույնիսկ չգիտենք, քանի որ դրանք ավելի ցածր մակարդակի վրա են, բայց համատարած են։ Ըստ էության, խախտվում է մրցակցային դաշտը, ստեղծվում են մեծ քանակությամբ կոռուպցիոն ռիսկեր, բայց կա ևս մի խնդիր, որը մենք ավելի քիչ ենք պատկերացնում, և որը նույնիսկ ավելի մեծ է` այդ համակարգը չի իրականացնում պետական կառավարման բուն գործառույթները, քանի որ մարդկանց մեծ մասը, որ գտնվում է այդ համակարգում, ըստ էության, երկատված է սեփական բիզնես շահերի և պետության շահերի միջև։ Սա շատ լուրջ խնդիր է իրականում և լուծման կարոտ է դեռ վաղուց։

Կարդացեք նաև

Ցավոք, մինչև հիմա ՀՀ ոչ մի իշխանություն քաղաքական քաջություն չի ունեցել այս խնդիրը լուծելու։ Եվ դա բոլորովին հեշտ չէ, որովհետև այդ սերտաճած շահերը պետք է կտրել, ինչը քաղաքական իմաստով ցավոտ է։ Եթե մենք ունենայինք պետության ղեկավար, որը չի ընտրվում, այլ նշանակվում է «վերևից» և բացարձակ կախված չի երկրի ներսի էլիտաների շահերից, գուցե նա գնար այդպիսի ցավալի անդամահատումների։ Սակայն իրականությունն այն է, որ մեր երկրում պետության ղեկավարությունը, այս կամ այն ձևով, ընտրվում է օլիգարխիկ էլիտայի կողմից և ստիպված է լինում այդ էլիտայի շահերը հաշվի առնել, որի հետևանքով էլ չի կարողանում խզել այդ կապվածությունները։

Բացի այդ, պետական կառավարման համակարգն ունի նաև պարզ սոցիալական սերտաճումներ։ Նրանում մոտ 35 հազար մարդ է աշխատում` նույնիսկ չհաշված բանակը, բժիշկներին կամ ուսուցիչներին։ Այսինքն` դա մոտ 35 հազար ընտանիք է, փոփոխությունների դեպքում առաջանում են սոցիալական դժգոհության ու քաղաքական ռիսկերը, և, փաստորեն, մենք ստանում ենք փակ շրջան։ Հիմա եկել է պահը, երբ հասկանում ենք, որ այսպես ապրել այլևս չի կարելի, պետք է ինչ-որ բան փոխել։ Եվ ամեն մեկը պետք է հասկանա, որ պետք է զոհաբերել ինչ-որ բան, որպեսզի հասնենք դրական հանրային արդյունքի։ Ո՞րն է, այդ իմաստով, մեր տեսլականը։ Մեր կարծիքով` մեզ պետք է ունենալ պետական կառավարման համակարգ, որը բավարարում է մի քանի կարևոր չափանիշերի.

  1. Այն պետք է ընդունակ լինի որակյալ իրականացնելու պետական կառավարման գործառույթները, և դա ամենակարևորն է։ Դրա համար պետք է, որ համակարգը լինի կոմպակտ, խորը մասնագիտացած, մոտիվացված, հնարավորին չափ տարանջատված բիզնես շահերից և կենտրոնացած իր հիմնական գործառույթների վրա։ Մեր պատկերացմամբ` դրա համար պետք է իրականացնել մի շարք միջնաժամկետ բարեփոխումների ծրագրեր, որոնց հիմքում կառուցվածքային բարեփոխումներ են, երբ, օրինակ, այդ համակարգի տարբեր կառույցներ չեն կրկնօրինակում իրար, այսինքն` դրանց իրավասություններն ու խնդիրները շատ հստակ են ձևակերպվում, կոնկրետ խնդրի լուծմանը չեն մասնակցում բոլորը, այլ մասնակցում է պատասխանատվությամբ օժտված շատ կոնկրետ կառույց։ Իհարկե, պետք են նաև հակակշիռներ, որպեսզի համակարգի ներսում վերահսկողություն լինի, բայց բոլորն ամեն ինչին չմասնակցեն, այսինքն` իրավասությունների պատասխանատվության հստակ ստորաբաժանում և կրկնօրինակման հնարավորինս վերացում, որը կբեռնաթափի համակարգը։
  2. Մեզ պետք է, որպեսզի համակարգում աշխատեն մրցունակ և կոմպետենտ մարդիկ։ Դրա համար պետք է պետական կառավարման համակարգում նույն կարգի մասնագետների վարձատրությունը համապատասխանի շուկայական մակարդակին, որպեսզի մասնագետի համար այն լինի հեռանկարային, և լավագույն մասնագետները պետական կառավարման համակարգը դիտարկեն իրենց համար` որպես գրավիչ աշխատատեղ։ Այսօր մենք դա բնավ չունենք, այլ ունենք իրականություն, երբ շուկայում մասնագետների վարձատրությունը 2-5 անգամ գերազանցում է պետական հատվածում համապատասխան աշխատանքի համար վարձատրության չափը։ Դա անթույլատրելի է, բերում է նրան, որ լավագույն մասնագետները նախընտրում են չաշխատել պետական կառավարման համակարգում, իսկ այն մասնագետները, որ կան համակարգում, աստիճանաբար հեռանում են դրանից։ Զուտ մոտիվացիոն տեսանկյունից, եթե պահանջարկված մասնագետն այսօր մնում է համակարգում, ուրեմն կա՛մ կոռուպցիոն շահ ունի, կա՛մ իսկապես հայրենասեր է և երկրի համար է աշխատում։ Բայց դա չի կարող երկար տևել, վաղ թե ուշ նա վերակողմնորոշվում է։ Մեզ պետք է այս փակ շրջանից դուրս գալ։ Եվ դրա համար անհրաժեշտ է վարձատրության չափը մոտեցնել շուկայական մակարդակի։

Բայց այստեղ առաջանում է 3-րդ խնդիրը. բոլոր պետական ծառայողների վարձատրությունը շուկայականին հասցնելու համար պետք է 2-5 անգամ ավելի ֆինանսական ռեսուրս, որը մենք չունենք։ Իսկ դա նշանակում է, որ պետք է պետական կառավարման համակարգն օպտիմալացնել` բեռնաթափել, խնդիրներն ավելի էֆեկտիվ լուծել, և պետք է ներքին գործառնական պրոցեսը կառուցել այնպես, որ յուրաքանչյուր պետական ծառայող իր տեղում առավելագույնս արդյունավետ լինի։ Դա թույլ կտա խնդիրները լուծել ավելի քիչ ռեսուրսներով, բայց յուրաքանչյուր մասնագետին ավելի լավ վարձատրել, այդպիսով` մասնագետներին հնարավորություն տալով ավելի շատ կենտրոնանալ սեփական կարողությունների աճի վրա, հնարավորություն տալով զարգանալ` որպես մասնագետներ, և լուծել մեր բոլորի համար կարևոր պետական կառավարման խնդիրները։ Սա է մեր տեսլականը։

– Կարեն Կարապետյանը, կարծես թե, սկսել է նման գործընթաց` ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների կրճատում։ Արդյո՞ք դա բավարար է։

– Ես կցանկանայի նշել, որ Կարեն Կարապետյանը սկսել է ապարատի կրճատման որոշակի գործընթաց, սակայն դա նույնը չէ, ինչի մասին ես ասում էի։ Այսինքն, նա ուղղակի փորձում է կրճատել այն, ինչը` իր տեսանկյունից, այս պահին իսկապես արդյունք և արժեք չի ստեղծում, և դա արդեն օգտակար է։

Սակայն այն խնդիրը, որը մենք ենք դնում, շատ ավելի ընդարձակ է, այսինքն` մեզ պետք է այս պահին ձևավորել կառավարման համակարգի ամբողջական տեսլական, հստակ պատկերացում, թե ինչպիսին ենք ուզում, որ լինի մեր կառավարությունը մի քանի տարուց։ Ենթադրենք` մենք այսօր կառավարման համակարգում ունենք 35 հազար ծառայող, ունենք 20-ից ավելի նախարարություն, ունենք կառույցներ, որոնք նախարարություն չեն կոչվում, բայց, ըստ էության, ունեն նախարարության գործառնություններ` Ոստիկանությունը, ՊԵԿ-ը, ԱԱԾ-ն և այլն։ Ունենք տարածքային բազմաթիվ մարմիններ, կոմիտեներ, գործակալություններ։

Խնդիրը, որից պետք է սկսենք, պետք է ասենք, թե 3 տարի հետո մենք ի՞նչ լուծում ենք ուզում ընդհանրապես, քանի՞ նախարարություն ենք ցանկանում ունենալ, ի՞նչ լիազորություններով, որքա՞ն քանակությամբ մասնագետներ, ուրիշ ի՞նչ կառավարման կառույցներ ենք ուզում ունենալ, նրանք ի՞նչ ենթակայության տակ պետք է լինեն, ինչպե՞ս պետք է հորիզոնական և ուղղահայաց համագործակցեն իրար հետ։

Ըստ էության, մեզ շատ ավելի համապարփակ, համակարգային լուծում է պետք, որը կայուն և աշխատող կլինի։ Այդ իմաստով այն, ինչ անում է վարչապետը, դա, մեղմ ասած, թեթև նախապատրաստությունն է նրա, ինչ դեռ անհրաժեշտ է անել։

– Կարեն Կարապետյանի կառավարությունը նաև տնտեսական բարեփոխումների է ձեռնամուխ եղել, հայտարարում է այլևս մենաշնորհների բացակայության և այլ ազատությունների մասին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք տնտեսական առումով։

– Կարծում եմ` այս ընթացքում որոշակի աշխատանք իրականացված է այն ոլորտներում, որտեղ կան մենաշնորհներ, դրանք թուլացնելու ուղղությամբ։ Համենայն դեպս, ակնառու է, որ բենզինի գները նվազել են, իսկ բենզինն այն ապրանքային խմբերից մեկն է, որն ամեն ընտանիք այս կամ այն կերպ սպառում է։ Եվ բենզինի շուկայում տեղի ունեցող զարգացումներն այդ առումով դրական եմ գնահատում։

Բնավ չեմ համարում, որ բոլոր մենաշնորհների հարցերը լուծված են, բայց կարծում եմ, որ կառավարությունն այդ մասով ճիշտ ուղղության վրա է գտնվում։ Եվ պետք է աստիճանաբար գնալ նրան, որ այն ոլորտներում, որտեղ մենաշնորհներն արհեստական են, ընդհանրապես դրանցից ձերբազատվել։ Այն ոլորտներում, որտեղ մենաշնորհներն այս կամ այն չափով բնական են, օրինակ` գազամատակարարման ոլորտում, կարելի է տեսականորեն ունենալ մրցակցող ենթակառուցվածքներ։ Ուղղակի այս պահին դա Հայաստանի համար շատ թանկ է։ Համենայն դեպս, միջնաժամկետ հեռանկարում մենք ունենալու ենք բնական մենաշնորհներ, բայց դրանք պետք է շատ արդյունավետ կառավարել։ Այն փաստը, որ վերջին մեկ տարվա ընթացքում և՛ գազի սակագներն են նվազել, և՛ էլեկտրականության, ցույց է տալիս, որ անցյալում դրանց կարգավորումը լավ չէր։ Հիմա այդ ուղղությամբ էլ որոշակի դրական զարգացումներ կան։

Սակայն տնտեսական զարգացումը բնավ չի հանգում մենաշնորհների դեմ պայքարին։ Մեր հասարակության զգալի մասն ունի թյուր պատկերացում, որ մեր տնտեսական զարգացումը սահմանափակվում և խոչընդոտվում է միայն մենաշնորհներով։ Դա այդպես չէ։ Մենաշնորհներն ակնհայտ և վնասակար գործոն են, որ պետք է հաղթահարել, բայց այդ խնդիրը լուծելուց հետո մենք ունենալու ենք բազում այլ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել տնտեսական զարգացումն արագացնելու համար։

Մի քանի գերակա խնդիր թվարկեմ. առաջին` եթե մենք ցանկանում ենք զարգացնել տնտեսությունը, պետք է զարգանա արտաքին առևտուրը, որովհետև մեր ներքին շուկան բոլոր դեպքերում սահմանափակ է։ Արտաքին առևտրի համար պետք են հուսալի, անվտանգ ու նաև էժան հաղորդակցության ճանապարհներ։ Եվ ուրախալի է, որ կառավարությունն այդ խնդրով սկսել է զբաղվել, արդեն լսում ենք որոշ նոր գաղափարներ։

Հաջորդը` 21-րդ դարում տնտեսությունը նույնը չէ, ինչ 20-րդ դարում։ Եթե 20-րդ դարում տնտեսությունն ուներ արդյունաբերական ուղղվածություն, ապա 21-րդ դարի տնտեսությունն առաջին հերթին` գիտելիքահենք տնտեսություն է։ Մարդն արդեն ձեռքով չի աշխատում, աշխատում է հիմնականում գլխով։ Որպեսզի գլխով աշխատեք, այդ գլխի պարունակությունը պետք է փոխել։ Իսկ պարունակությունը փոխվում է կրթական պրոցեսի միջոցով։ Այդ իմաստով տնտեսական զարգացման կարևորագույն անկյունաքարը նաև մեր կրթական բարեփոխումներն են` թե ինչ մասնագիտական որակներ է պատրաստ մեր կրթական համակարգը տալ ոչ միայն` մեր երիտասարդությանը, այլ նաև` միջին տարիքի մարդկանց, որովհետև գիտելիքն այսօր շատ արագ է հնանում։ Մեզ բոլորիս պետք է սովորել` անկախ տարիքից։

Մեր կրթական համակարգն այդ չափանիշերին, ցավոք, չի բավարարում։ Եվ դա հսկայական խնդիր է, որը մենք պետք է լուծենք։ Մենք պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք լինել բարեկեցիկ և ցանկանում ենք արժեք ստեղծել, ապա դրա համար պետք է ունենանք համապատասխան գիտելիք, այստեղ զարգացումները դեռ շատ համեստ են, և ավելի շատ` մասնավոր հատվածի ջանքերով։

Եվս մեկ խնդրի մասին. տնտեսական զարգացումը նաև կապիտալի ներգրավման հետ է կապված։ Կապիտալը պարզապես դրամական միջոց չէ։ Բավարար չէ, օրինակ, որ մարդիկ երկրի որևէ բանկում դեպոզիտ դնեն։ Կապիտալը և՛ նյութական միջոցներն են, և՛ այն կոմպետենցիաներն են, որոնք հնարավորություն են տալիս այդ նյութական միջոցների օգտագործմամբ ստեղծել հավելյալ արժեք։ Ուստի կարևոր է երկիր ներգրավել այն խաղացողներին, որոնք ունեն նյութական միջոցներ, բայց գիտեն նաև, թե այդ միջոցներից ինչպես ստեղծել այդ հավելյալ արժեքը։ Այդ խաղացողները կարող են լինել և՛ հայազգի, և՛ օտարերկրյա։ Նրանց գալու համար պետք է շահագրգռվածություն ստեղծենք, որովհետև կապիտալն ամբողջ աշխարհում հոսում է այնտեղ, որտեղ ամենամեծն է շահագրգռվածությունը։ Վերջինս 2 չափանիշ ունի` եկամտաբերություն և ռիսկայնություն։ Մեր երկրում եկամտաբերությունն օրենքով աշխատողի համար ցածր է, իսկ ռիսկայնությունը` բարձր։ Դա բերում է նրան, որ մեր երկիր կապիտալ քիչ է գալիս, բոլորս խոսում ենք նրա մասին, որ Հայաստանում ներդրումները կրճատվել են։

Հիմա մեզ պետք է փոխել այդ հավասարումը, պետք է կարողանալ բարձրացնել եկամտաբերությունը և պակասեցնել ռիսկայնությունը։ Ռիսկայնության մի մասն արտաքին աշխարհաքաղաքական ֆոնի հետ է կապված, մյուս մասը` երկրի ներսի ռիսկայնությունն է։ Օրինակ, որպեսզի երկրի ներսի ռիսկայնությունը պակասեցվի, պետք է ունենալ դատաիրավական համակարգ, որն առաջին հերթին` ապահովում է ներդրողների շահերը, որպեսզի ներդրողը չսեփականազրկվի, նրա դեմ պետական կառավարման մարմինները չկիրառեն տարբեր տեսակի անհիմն գործողություններ` հարկային, մաքսային և այլն, և դրա միջոցով չունեզրկեն։ Այդ առումով կարևորագույններից մեկը դատաիրավական համակարգի բարեփոխումներն են և դատական այնպիսի համակարգի ստեղծումը, որն իսկապես ապահովում է ներդրողների իրական շահերը, ներառյալ` անբարեխիղճ մրցակցությունից։

Եկամտաբերությունը բարձրացնելու համար պետք է հնարավորինս պակասեցնել նաև ծախսերը` տրանսպորտային, հեռահաղորդակցության և այլ։ Մեզ պետք է, օրինակ, որ դեպի Հայաստան օդային հաղորդակցությունն էժան լինի, պետք է, որպեսզի գրասենյակային տարածքներն էժան լինեն։ Որպեսզի օդային հաղորդակցությունն էժան լինի, այդ շուկայում պետք է ավելի մեծ մրցակցություն, լինեն ավելի մեծ քանակությամբ ավիաընկերություններ, որոնք կաշխատեն մեր շուկայում։ Դրա համար պետք է նրանց հրապուրել, բերել այստեղ` ինչ-որ փուլում լրացուցիչ արտոնություններ տրամադրելով։ Այդ առումով առաջին զարգացումն անցած տարի «Պոբեդայի» մուտքն էր Գյումրի, որը դրական փոփոխություն է օդային հաղորդակցության շուկայում։

Նման օրինակները կարելի է շարունակել, բայց մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ անել, որ մեր երկրում բիզնեսով զբաղվելու համախառն ծախսերը պակասեն, և դա բերի բիզնեսում շահութաբերության բարձրացման, որն էլ կբերի նրան, որ երկիր ավելի մեծ քանակությամբ միջոցներ կմտնեն, ավելի մեծ քանակությամբ բիզնեսներ կբացվեն, ավելի մեծ քանակությամբ աշխատատեղեր կստեղծվեն, և այլն։

– Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, ի՞նչ քաղաքական օրակարգ և խաղացողներ են սպասվում։

– Բարդ հարց է և միարժեք պատասխան չունի։ Տարբեր տեսակի խաղացողներ կան` ի դեմս իշխանության, ի դեմս նախկին իշխանավորների կողմից ձևավորված դաշինքների, նաև կան խաղացողներ, որ ներկայացնում են երիտասարդ ընդդիմությունը, կան խաղացողներ, որ ներկայացնում են հին ընդդիմությունը, և այլն։ Ազնվորեն ասեմ` չեմ նախանձում մեր ընտրողին, որովհետև այն կարգի բազմազանություն է առաջացել, որ նույնիսկ դժվար է կողմնորոշվել ու հասկանալ, թե բացի անձերից` իրականում ինչում է տարբերությունը։

Հնչած օրակարգերն էլ են բազմազան, մեկը խոսում է անվերապահ խաղաղության հասնելու մասին, մեկը` երկրի բարգավաճելու, մյուսը` միակ ելքի, և այլն։ Այդ իմաստով միշտ ակնկալում էի, որ Հայաստանում կլինեն ժողովրդավարական զարգացումներ, որոնք թույլ կտան ունենալ քաղաքական այլընտրանք, բայց այն, ինչ ունենք հիմա, նույնիսկ շփոթ է ստեղծում։ Ես հուսով եմ, որ մինչև ընտրություններն այդ շփոթի գործոնը կպակասի, և բնական նախընտրական տրամաբանությամբ` տեղի կունենա դաշինքների խոշորացում ու նաև ընտրողին ուղղված ուղերձների հստակեցում։ Բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ինչ դաշինքներ կառաջանան, իմ կարծիքով, կան մի քանի խնդիրներ, որոնց յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է պատասխանի։ Առաջինը` ինչպես ենք ապահովում երկրի անվտանգությունն այն միջավայրում, որ օբյեկտիվորեն ունենք։ Այսինքն` մի կողմից` Ադրբեջանն է` 25 տարի շարունակվող չհայտարարված պատերազմով, որի լուծման ճանապարհների մասին պետք է խոսել և շատ պրագմատիկ տեսլականներ ներկայացնել։

Մյուս կողմից` Թուրքիան է, որի հետ ևս ունենք չկարգավորված հակամարտություն, քանի որ այդ երկրի կողմից Հայաստանի շրջափակումը, ըստ էության, թշնամական գործողություն է։ Դրան գումարած` Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է, որը մեզ համար լուրջ վտանգ է, և ամեն պահի այդ պատերազմի կրակները կարող են տեղափոխվել Հայաստան։

Թուրքիայից այն կողմ «Իսլամական պետությունն» է, որն ամիջականորեն մեր սահմանների մոտ չէ, բայց շատ հեշտությամբ և՛ Թուրքիայով, և՛ Վրաստանով, և՛ Ադրբեջանով ներթափանցելով` կարող է սպառնալիք լինել մեզ համար։ Ըստ այդմ` սպառնալիքները մեր շուրջը շատ իրական են, ոմանք ամեն շաբաթ կորուստներ են պատճառում, ոմանք դրան չեն հասել, բայց ևս շոշափելի են։

Ուստի, ամենակարևոր խնդիրն այսօր անվտանգության ապահովումն է։ Սակայն անվտանգությունը չի կարելի ապահովել վերացական, պետք է հասկանալ, թե ինչն ենք պաշտպանում։ Այդ իմաստով, ներքին կյանքի 2 կարևորագույն խնդիրներից առաջինը` ժողովրդավարական, իրավական պետության կառուցումն է, որը կընկալվի արդար, քաղաքացու շահերին ծառայող, և երկրորդը` տնտեսական զարգացումը։ Եվ ինչ-որ իմաստով այս բոլոր խնդիրներն իրար հետ շաղկապված են։ Անվտանգությունն ապահովելու համար մեզ պետք են ռեսուրսներ, իսկ ռեսուրսներ ունենալու համար պետք է արագացնել տնտեսական զարգացումը, որի համար էլ ներսում պետք է արդարություն, կոռուպցիայի նվազում, օրենքի գերակայություն, որովհետև միայն այդ դեպքում ներդրողներն ու մեր բնակչությունը կվստահեն երկրին և իշխանություններին։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, այս իմաստով, պետք է շատ հետևողական, տրամաբանական լուծումներ առաջարկեն այս առանցքային երեք խնդիրներին, ըստ դրա է պետք գնահատել նրանց արժեքավորությունը` երկրի կառավարումը նրանց հետագա 5 տարով վստահելիս։

Տեսանյութեր

Լրահոս