Մարզական 2016
Տարվա վերջին օրերին փորձում ենք վերհիշել անցնող տարվա մեր ձեռքբերումների, բացթողումների, տեսածի և չտեսածի, գտածի և կորցրածի մասին, նոր հետևություններով խոստանում ենք սկսել նոր տարին, ազատվելով հին սխալների կրկնությունից: Մարզական 2016-ն անօրինակ էր, հիշողության մեջ մեկընդիշտ դաջված և հաջորդ քառամյակի համար օրինակ ծառայող: Այս տարին հայ մարզիկներին մի նոր փորձ տվեց, բայց և ստիպեց հարգանքով ընդունել պարտությունը, խոսել հաղթողի լեզվով և լռել պարտության լռությամբ:
Մարզական տարին մեկնարկեց ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերով: Հայաստանն այդ խաղին ներկայացրեց երկու մարզիկ` գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը: Այստեղ գործեց օլիմպիական գաղափարախոսությունը` կարևորը մասնակցությունն է:
Մարտին կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վարշամ Բորանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Փոխչեմպիոնի տիտղոսներ նվաճեցին Արթուր Ալեքսանյանը և Ռոման Ամոյանը: Բրոնզե մեդալ նվաճեց Կարապետ Չալյանը:
Կանանց հայկական ծանրամարտում նոր էջ գրվեց նորվեգական Ֆորդե քաղաքում: Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը դարձան չեմպիոն, իսկ կանանց թիմը` Եվրոպայի առաջնության թիմային չեմպիոն: Սոնա Պողոսյանը 4-րդ տեղում էր, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ: Տղաների պայքարում Վանիկ Ավետիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, Անդրանիկ Կարապետյանը` ոսկե մեդալ, Տիգրան Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը դարձան արծաթե մեդալակիր, Սիմոն Մարտիրոսյանը` բրոնզե:
2016 իր ուրույն հետքը թողեց նաև հայկական մարմնամարզության մեջ: Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ փոխչեմպիոնի կոչումը նվաճեցին Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը:
Անկախ Հայաստանի պատմության մեջ մեր երկրի թիմը, առաջին անգամ մասնակցելով Փոքր երկրների բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը, նվաճեց հաղթողի տիտղոսը և իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլին: Հաջողության հասավ նաև Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը դառնալով Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող:
2016 թ. հուլիսի 6-ին վերջապես տեղի ունեցավ այն, ինչի մասին այդքան խոսում էին նախորդ ամիսների ընթացքում: Դորտմունդի «Բորուսիայում» երեք մրցաշրջան անցկացնելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Հենրիխը կնքեց 4-ամյա պայմանագիր «Յունյաթեդի» հետ` պայմանագրի ժամկետը հետագայում երկարաձգելու պայմանով:
Տարվա կամ քառամյակի մարզական մեծագույն տոնը այս անգամ կայացավ աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկում` Ռիոյում: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցեց 32 մարզիկով` նրանցից միայն 4-ը մեդալ նվաճեցին: Խաղերի ֆավորիտների շարքին դասվող ըմբիշ Արթուր Ալեքսանյանը մեկ շնչով հասավ եզրափակիչ և դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Եզրափակիչ հասավ նաև 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ում տրվեց արծաթե մեդալը:
Ամառային խաղերի փոխչեմպիոններ դարձան նաև ծանրորդներ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը: 206 երկրների շարքում Հայաստանը մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում գրավեց 40-րդ տեղը:
Այս խաղերը նոր էջ բացեցին Հայաստանի կանանց մարմնամարզության համար: Հուրի Գեբեշյանը դարձավ առաջին հայ կին մարմնամարզիկը, ով ներկայացրեց Հայաստանը խաղերում: Գեբեշյանին հաջողվեց նաև իր անունով մարմնամարզական տարր գրանցել` «Գեբեշյան»:
#Gymnastics skill invented by @HouryGebeshian and named after her “The Gebeshian” https://t.co/FCjTNcevcS #Rio2016 pic.twitter.com/ApWfQe4x5Z
— Gegham Vardanyan (@reporterarm) August 31, 2016
Շախմատային գերտերության համբավն արդիական էր նաև այս տարի: Մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն հռչակվեց Հայկ Մ. Մարտիրոսյանը: Նա 11 տուրերում վաստակեց 9 միավոր: Մինչեւ 18 տարեկանների պայքարում էլ աշխարհի չեմպիոն դարձավ Մանուել Պետրոսյանը, ով 11 հնարավորից կրկին վաստակեց 9 միավոր:
Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Պետրոսյանը: Մինչ այս Պետրոսյանը 10 տարի աշխատել էր շվեյցարական «Ցյուրիխ» ակումբի համակարգում՝ գլխավորելով ակումբի տարբեր տարիքային թիմերը:
Նոյեմբերի 1-6-ը Իսրայելում անցկացվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի մրցակիցներն էին Լեհաստանի, Իսրայելի և Իսլանդիայի հավաքականները: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կարողացավ հաղթահարել ընտրական փուլի արգելքը և դուրս եկավ էլիտ ռաունդ, որտեղ արդեն 2017 թ. մարտին ուժերը կչափի Գերմանիայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ:
Այս տարին էլ պատմության սպորտի էջում թողեց ուրախության արցունքներով, դրամատիզմով լեցուն, անակնկալ վնասվածքներով գրված ձեռագիր: 2016-ը ոսկե տարի էր` անկախ ամեն ինչից: Հայկական սպորտի ոսկե տարին էր:
Վարվառա Հայրապետյան
«Արմենպրես»