Ինչպես են վարկավորել բանկերը

ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը 2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 96.6 մլրդ դրամ։ Այդ թվում` 1 տրիլիոն 336.9 մլրդն արտարժույթով տրամադրված վարկերն են, 759.8 մլրդը` ՀՀ դրամով տրամադրված վարկերը։ Այս տվյալները վերցված են ՀՀ Կենտրոնական բանկի 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից։

Մենք մշակել ենք այդ տվյալները` հասկանալու համար, թե ինչպես է աճել բանկերի վարկային պորտֆելը` ըստ առանձին ճյուղերի, և որ ճյուղում են գերակշռում արտարժութային վարկերը։ Եվ այսպես, ռեզիդենտների մասով ՀՀ բանկերի վարկային պորտֆելը 2016 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում (2015 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ) աճել է 53.2 մլրդ դրամով կամ 2.6%-ով։ Ընդ որում, այս աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է դրամային վարկերի աճով (52 մլրդ դրամով կամ 7.5%-ով)։ Ինչպես տեսնում եք աղյուսակ 1-ում, 19 ճյուղերից 11-ի վարկային պորտֆելն աճել է, 8-ը` նվազել։

Տոկոսային առումով ամենից շատ` 21.9%-ով, աճել է կեցության և հանրային սննդի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը` հասնելով 113 մլրդ դրամի։ Բացարձակ ցուցանիշով ամենամեծ աճն ունեցել է առևտրի ոլորտը։ Այս ոլորտին տրամադրված վարկերի ծավալը տարվա առաջին 10 ամիսների ընթացքում աճել է 45.27 մլրդ դրամով և հասել 390.8 մլրդի։ Ընդ որում, վարկային պորտֆելի աճը տեղի է ունեցել արտարժութային վարկերի աճի հաշվին։ Առևտրի ոլորտին արտարժույթով տրամադրված վարկերի ծավալն աճել է 56.3 մլրդ դրամով, իսկ դրամային վարկերի ծավալը` նվազել 11 մլրդ դրամով։

Տոկոսային առումով ամենից շատ` 34.2%-ով, նվազել են ջրամատակարարման, կոյուղու և թափոնների կառավարման ոլորտին տրամադրված վարկերը և հասել 1.39 մլրդ դրամի։ Իսկ բացարձակ ցուցանիշով ամենից շատ նվազել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտի վարկային պորտֆելի ծավալը` 23.9 մլրդ դրամով։ Իսկ այս փոփոխություններից հետո ի՞նչ տեսք է ստացել առևտրային բանկերի վարկերի պորտֆելի կառուցվածքը` ըստ ճյուղերի։ Տարբեր ճյուղերի տեսակարար կշիռների կառուցվածքը ներկայացված է Գծապատկեր 1-ում։

varker-gcap1

Ամենախոշոր ուղղությունը սպառողական վարկերն են, որոնց կշիռն ընդհանուր վարկային պորտֆելի մեջ 20.4% է։ Երկրորդ տեղում առևտրի ոլորտի վարկերն են, որոնք առևտրային բանկերի տրամադրած վարկերի ընդհանուր ծավալի 18.6%-ն են կազմում։ Հիպոթեքային վարկերին բաժին է ընկնում 8.7%-ը, մշակող արդյունաբերությանը` 8.3%-ը։ Ամենափոքր տեսակարար կշիռը` 0.1%, ունի ջրամատակարարման, կոյուղու և թափոնների կառավարման ոլորտը։

Անդրադառնանք նաև վարկային պորտֆելի արժութային կառուցվածքին, կամ, եթե կուզեք, դոլարայնացմանը։ Ինչպես հոդվածի սկզբում նշվեց, ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը մեծ մասը` 1 տրիլիոն 336.9 մլրդը, արտարժույթով տրամադրված վարկերն են։ Դա ընդհանուր ծավալի 63.8%-ն է։ Սակայն դրամային և արտարժութային վարկերի հարաբերակցությունը խիստ տարբեր է` ըստ առանձին ճյուղերի։

Աղյուսակ 2-ում մենք ներկայացրել ենք այդ ճյուղերը` դասավորելով ըստ «դոլարայնացվածության» մակարդակի։ Ամենադոլարայնացված վարկային պորտֆելը, ինչպես տեսնում եք, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտինն է. այստեղ տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի 98.1%-ն արտարժույթով է։

varker-axy1

Հանքագործական արդյունաբերության վարկային պորտֆելն արտարժութային է 94.3%-ով, ջրամատակարարման ոլորտինը` 90.3%-ով, կեցության և հանրային սննդի կազմակերպման ոլորտինը` 89.3%-ով։ Դրամային և արտարժութային վարկերի հարաբերակցությունը հավասարակշռված է 2 ոլորտներում` կրթության (52% արտարժութային, 48% դրամային) և հիփոթեքային վարկերի դեպքում (47.9% արտարժութային, 52.1% դրամային)։ Սպառողական վարկային պորտֆելի մեծ մասը` 77%-ը, դրամային է։

Այստեղ ընթերցողների մոտ կարող է հարց առաջանալ` իսկ ինչո՞ւ սպառողական վարկերը 100%-ով դրամային չեն։

Բանն այն է, որ այս տեղեկագրում ԿԲ-ն սպառողական վարկերի մեջ մտցրել է նաև քարտային վարկերը, ավտովարկերը, ոսկու գրավով վարկերը, կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերը։ Ու եթե կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերը 100%-ով դրամային են, քարտային վարկերի առումով գերակշռում են դոլարային վարկերը։ Իսկ ամենից քիչ «դոլարայնացված» վարկային պորտֆելն ունի ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը։

varker-axy2

Հոկտեմբերի վերջի դրությամբ այս ոլորտի ընդհանուր վարկային պորտֆելի ծավալը կազմել է 115.4 մլրդ դրամ, որից 92 մլրդ դրամը (79.7%) դրամային վարկերն են։ Ուշագրավն այն է, որ տարեսկզբին այս ոլորտի վարկային պորտֆելում դրամային և արտարժութային վարկերի կշիռները գրեթե հավասար էին (50.6%/ 49.4% հարաբերակցությամբ)։

Այսինքն, ֆինանսական ոլորտը տարվա ընթացքում վերակառուցել է վարկային պորտֆելը և ինքն իրեն ազատել դրամի արժեզրկման ռիսկից։

Տեսանյութեր

Լրահոս