
Ուղեղի իմպլանտն ու պրոթեզը վերադարձրել են երիտասարդի շոշափելու զգացողությունը

Փիթսբուրգի համալսարանի հետազոտողները ստեղծել են մի համակարգ, որի շնորհիվ ձեռքի և ոտքի պրոթեզ կրող երիտասարդին վերադարձրել են շոշափելու զգացողությունը:
Օրեցօր պրոթեզների որակն ավելի ու ավելի է լավանում, սակայն մինչև հիմա պրոթեզները չեն կարողացել դրանք կրողներին վերադարձնել շոշափելու զգացողությունը: Սա շատ լուրջ խնդիր է, եթե հաշվի առնենք այն փաստը, թե որքան կարևոր է շոշափելու զգացողությունը ձեռքերի համար:
Փիթսբուրգի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Գոնտն իր գործընկերների հետ ստեղծել է մի համակարգ, որը կօգնի հաղթահարել այս սահմանափակումը: Այս համակարգի շնորհիվ 28-ամյա երիտասարդի մոտ հնարավոր է եղել վերականգնել շոշափելու զգացողությունը:
Համակարգն աշխատեցնելու համար գիտնականները միջին չափսի միկրոէլեկտրոդները փոխպատվաստել են երիտասարդի ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է շոշափելիքի համար և սենսորային ազդակներ է ստանում մարմնից: Մինչև վիրահատությունը՝ ուղեղի հետազոտությունը ցույց է տվել, թե կոնկրետ ո՞ր հատվածում է տեղի ունենում մատներից և ափերից ստացվող ազդակների վերամշակումը:
Վիրահատությունից հետո բոլոր ազդակները գալիս էին էլեկտրոդների միջոցով: Համակարգչի օգնությամբ սա թույլ տվեց, որ երիտասարդի մոտ արհեստական ձեռքի միջոցով վերականգնվի շոշափելու զգացողությունը: Կարևորն այն է, որ գլխուղեղի կեղևի ստիմուլյացիան ոչ միայն ծակծկոց, այլև բնական զգացողություն է հաղորդում, իսկ վիրահատության ազդեցությունն ամիսներ է տևում:
Երիտասարդ Նաթան Կոուփլենդն այժմ տարբերակում է առարկաները 80%-ի դեպքում և զգում է ճնշումը, սակայն նա դեռ չի կարողանում տարբերակել սառնությունն ու տաքությունը:
Պրոֆեսոր Գոնտի խոսքերով, նրանց առաջնային նպատակն է՝ ստեղծել մի համակարգ, որը կօգնի պրոթեզներ օգտագործող մարդկանց բնականի նման շարժել և զգալ արհեստական վերջույթները:
«Դեռ շատ աշխատանք կա անելու, կարևորը՝ սկիզբը դրվել է»,- ասել է պրոֆեսորը: