«Ընտրողն այլևս հնարավորություն կունենա ընտրակաշառք չվերցնել». Լևոն Զուրաբյան

Ընտրական օրենսգրքի շուրջ Ազգային ժողովի 5 խմբակցությունների կողմից համաձայնագրի ստորագրումից հետո ՀԱԿ ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ առցանց հեռարձակում իրականացնող տեսախցիկների տեղադրումը և ստորագրած ցուցակների հրապարակումը զրկում է իշխանություններին ընտրությունների արդյունքները շուրջ 500 հազար կեղծ քվեներով հավելագրելու հնարավորությունից: Թե ընտրակեղծարարության մյուս տեսակների դեմ ինչպե՞ս է պայքարելու ՀԱԿ-ը և ի՞նչ ակնկալիքներ կան համապետական ընտրություններից, այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:

– Պարոն Զուրաբյան, բազմիցս փաստվել է, որ բացի քվեները կեղծելուց՝ ընտրակեղծարարության բազմաթիվ այլ տեսակներ կան, օրինակ` նախընտրական շրջանում ընտրողներին կաշառելը, վարչական ճնշումները, և այլն: Այդ կեղծիքների դեմ ինչպե՞ս եք պայքարելու:

– Այսինքն` Դուք ընդունում եք, որ մենք հանում ենք այդ կես միլիոնի ընտրակեղծարարությունը, և կհաշվարկվի միայն այն մարդկանց ձայնը, ովքեր կենդանի, ողջ ընտրողներ են, ովքեր գալիս են ընտրատեղամասեր:

Սա, որ մենք ապահովել ենք, արդեն իսկ լուրջ երաշխիք է ստեղծում նրա համար, որպեսզի մենք հնարավոր դարձնենք իշխանափոխության ծրագիրը: Ինչո՞ւ ենք, ի վերջո, անընդհատ օգտագործում «իշխանափոխություն» արտահայտությունը: Ընտրությունների հիմնական առաքելությունն այն է, որ ժողովուրդը հնարավորություն ունենա իր համար այլևս ոչ վստահելի իշխանությունից խաղաղ միջոցներով` ընտրություններով, քվեաթերթիկներով ազատվելու:

Հիմա մենք ինչ-որ հնարավորություն ստեղծել ենք այդ կես միլիոնանոց զեղծարարությունը խաղից դուրս հանելու համար: Իշխանությունը, իհարկե, կկիրառի ընտրակաշառք, կկիրառի ադմինիստրատիվ ճնշումներ, բայց անգամ այդ մեթոդների կիրառումը հիմա շատ ավելի քիչ ազդեցիկ կլինի: Ինչո՞ւ:

Որովհետև ընտրողն արդեն իմանալու է` իր քվեարկությունից է ամեն ինչ կախված: Եթե նախկինում գիտեր, որ ոնց էլ քվեարկի, անգամ՝ եթե քվեարկի հօգուտ ընդդիմության կամ հօգուտ իշխանափոխության, միևնույն է, վերջում ընտրազեղծարարությամբ իշխանությունը կապահովի իր հաղթանակը, և նա ավելի հակված էր կաշառք վերցնելու կամ սպառնալիքին ենթարկվելու: Հիմա ամբողջ հոգեբանությունը կփոխվի, դա կլինի մի վիճակ, որտեղ ընտրողն ինքը կորոշի` գնո՞ւմ է ազդեցության, թե՞ այնուամենայնիվ, շանս տեսնելով, որ կարող է լինել իշխանափոխություն, ընտրում է իշխանափոխությունը: Այսինքն` սա նաև հոգեբանական առումով նվազեցնում է ընտրակաշառքի և ադմինիստրատիվ ռեսուրսի ազդեցությունը:

– Սակայն ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեսանք, որ ընդդիմադիրներն ասում էին՝ ընտրողների քվեն պահվել է, և ընտրությունների արդյունքներն արտացոլում են իրական քվեարկությունը:

– Նախ` այդպես չէ. հայտնաբերվե՞ց կոնկրետ մի տեղ, որ 100 քվեաթերթիկներ պատշաճ կերպով ստորագրված չէին, այսինքն` նշանակում է՝ արդեն եղել է կեղծիք, և դա, փաստորեն, ոչ ոք չի կարողացել նկատել: Իսկ եթե տեսախցիկները լինեին, լրիվ այլ պատմություն կլիներ: Նաև` վստահ ենք, որ ինչքան էլ ուժեղ վստահված անձ դնես, կրկնաքվեարկությունների դեմն առնելը հնարավոր չէ, եթե չի գործում այն մեխանիզմը, որի մասին մենք խոսում ենք` ցուցակների հրապարակումը, նաև փաստաթղթերով իդենտիֆիկացիան: Այս մեխանիզմներն արդեն գործելու են: Այսինքն` որքան էլ հիմա ասեն, որ այդպիսի բաներ չեն կիրառել, միևնույն է, դա էլ է ազդեցություն ունեցել Գյումրիի և Վանաձորի ընտրությունների վրա:

– Հանրապետականներն ասում են` ՀԱԿ-ը ՏԻՄ ընտրություններում պարտվեց, այլևս ի՞նչ հույս կարող է ունենալ համապետական ընտրությունների համար: Ձեր կարծիքով` որքանո՞վ կհաջողվի Ձեզ հաջողության հասնել:

– Դա դեմագոգիա է: Հանրապետականն ինքն էլ շատ լավ գիտի, որ և՛ Վանաձորում, և՛ Գյումրիում չի եղել քվեարկություն, որը որոշել է կուսակցությունների ռեյտինգները: Ժողովուրդն այնտեղ չի գնացել և քվեարկել կուսակցությունների օգտին, այլ գնացել և քվեարկել են թեկնածուների օգտին, ովքեր իրենց կարծիքով՝ ինչ-որ մի բարիք կտային: Իսկ ընդդիմությունն այս կոռումպացված ընտրական համակարգում երբեք չի կարող ունենալ մարդիկ, ովքեր կարող են բարիքներ տրամադրել ընտրողներին: Այդ հարցում ընդդիմությունը ոչ մի շանս չունի: Երբ լինի համապետական քվեարկություն, որը որոշում է իշխանության ճակատագիրը, այդ ժամանակ իսկապես դեր կխաղան կուսակցությունների ռեյտինգները:

– Իսկ որքանո՞վ կհաջողեք կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը:

– Մենք երկու սցենարին էլ պատրաստվում ենք` և՛ կոնսոլիդացման տարբերակին, և՛ եթե այդ կոնսոլիդացումը չհաջողվի՝ նաև միայնակ գնալով, բայց այդ դեպքում էլ մենք պետք է կուսակցության հնարավորությունները բացենք նոր խմբերի, նոր անձավորությունների, այսինքն` հասարակական, քաղաքական գործիչների համար, այսինքն` անենք այդ նույն համախմբումը Կոնգրեսի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս