«Ըստ էության, ՄԻԵԴ-ը փորձում է իր խնդիրները լուծել». Լյուդմիլա Սարգսյան

«Հարգելի պատգամավորներ, մինչև ընդհատված հարցին անցնելը, ներկայացնեմ քննարկվող հարցերի հաջորդականությունը. էս «հաջորդականություն» բառը լսել եք, բոլորդ տեղում եք, շատ գոհ եմ դրանից, հիմա ուշադրությամբ լսեք»,- դիմելով պատգամավորներին՝ այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

Հիշեցնենք, որ այսօր քննարկվում է երեկ ընդհատված, 2013 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։

Պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարցերով դիմեց նախագծի հարակից զեկուցող պատգամավոր Կարեն Բեքարյանին.

«Ստացվում է, որ, եթե մենք այս արձանագրությունը շուտ ունենայինք,  կարող էինք և այդքան մեծ ծախսերի տակ չգցե՞լ պետությանը: Ըստ էության, այս արձանագրությունը վավերացնելուց հետո մեր քաղաքացին իրեն ավելի պաշտպանվա՞ծ պետք է զգա։ Զարմանալին, գիտե՞ք, ինչն է.  ստացվում է, որ դատավորները  որոշում կայացնելուց առաջ պետք է կապվեն Մարդու իրավունքների դատարանի հետ, հարցնեն՝ ի՞նչ որոշում կայացնենք կամ տուգանքի չափն ինչքա՞ն է լինելու։ Առաջարկում եմ, որ, եթե օրենքը սխալ կիրառվի, այդ դատավորին ուղղակի զրկել աշխատելու իրավունքից, այդ կետը նույնպես մտցրեք»։

Կ. Բեքարյանը նախ՝ հստակեցրեց, որ սա գործիք է, որը չունի պարտադիր բնույթ, և մնում է այդ հավատարմագրված դատարաններին՝ ըստ իրենց հայեցողության դա օգտագործել։

«Եթե շուտ ունենայինք, ավելի լավ վիճակում կլինեի՞ն.  չէինք կարող շուտ ունենալ, որովհետև այն ստորագրվել է 2013 թվականին, բայց իր մեջ ներառում է դրույթ, որ կարող է ուժի մեջ մտնել միայն այն դեպքում, երբ 10 երկիր վավերացնում են, մենք 7-րդ վավերացնող երկիրն ենք, մեր վավերացումից հետո էլ մենք դեռ ակնկալելու ենք ևս 3 երկրի վավերացում, որպեսզի սա ուժի մեջ մտնի։ Ինչ վերաբերում է  հարցնելուն և տուգանքի չափ որոշելուն, ոչ, այդքան էլ պարզեցված չէ,  այսինքն՝ քննվող գործի շրջանակներում հարցումը տրվում է, հարցմանը տրվում է եզրակացություն։ Այն, որ սա իր դրական նպաստը կբերի՝ միանշանակ կբերի»,- նշեց Կ. Բեքարյանը։

Լ. Սարգսյանն արձագանքեց՝ ասելով, որ, փաստորեն, եթե 10 երկրներն էլ վավերացնեն, այդ օրենքի մեջ դեռ շատ անհստակ կետեր են. «Ըստ էության, ՄԻԵԴ-ը փորձում է իր խնդիրները լուծել, բայց այն երկրները, որոնք պետք է  համագործակցեն այդ օրենքի շրջանակում, դեռ չգիտեն, թե ինչ հայեցակարգային խնդիրներ կլինեն, ու ինչպես կարող են դա օգտագործել՝ ի նպաստ իրենց երկրի։ Հաշվի առնելով մեր անարդար դատական համակարգի թերի լինելը, կարծում եմ՝ ամեն դեպքում իմաստ ունի որոշակի  օրենքի մեջ փոփոխություն մտցնել մեր ներքին շրջանառության համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31