«Հուսանք, որ եթե ժամ առաջ այս կոնվենցիան ընդունենք, այն մանդատները, որ մեր քաղաքական ուժերից օդից կախված վերցվեց և նվեր տրվեց, հետ կվերադարձվի»

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է 2013 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշեց, որ ներկայումս Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից 16-ն են ստորագրել այն, և միայն 6-ը վավերացրել են։ Նա նկատեց, որ այս արձանագրության ուժի մեջ մտնելը չի պահանջում  բոլոր 47 պետությունների  կողմից վավերացում, ընդամենն անհրաժեշտ է 10  պետությունների կողմից այդ սահմանադրական ընթացակարգի իրականացում. «Մենք, վավերացնելով այս արձանագրությունը, մոտեցնում ենք նրան կյանքի կոչելը։ Նպատակն է՝ բարձրացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ազգային իշխանությունների միջև փոխգործակցության մակարդակը՝ ընդլայնելով կոնվենցիայի  շրջանակներում կիրառվող սուբսիդառության սկզբունքը»։

ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է խնդիրը, որ մյուս երկրները, մեղմ ասած. չեն շտապում վավերացնել։ Ի պատասխան՝ հիմնական զեկուցողն ասաց. «Նայելով այն պետությունների ցանկը, որոնք վավերացրել են, դրանք հիմնականում այն պետություններն են, որոնք նոր անդամներ են հանդիսանում Եվրոպայի խորհրդի, նրանց համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված այդ իրավական համակարգը նորույթ է հանդիսանում, ու, բնականաբար, նման տիպի պետությունների համար, որոնց թվին է պատկանում նաև ՀՀ-ն, նշված  մեկնաբանությունները, խորհրդատվությունը, որը կարող է տրամադրել դատարանը, ավելի արդիական են ու կարևորվում են, դրանով է բացատրվում այն, որ նման պետություններն են ակտիվություն ցուցաբերում այս գործընթացում»։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը շարունակեց Ա. Հովհաննիսյանի հարցը. «Նայում եմ՝ խոշորագույն երկիր Գերմանիան ընդհանրապես չի ստորագրել, Ֆրանսիան 2013 թվին ստորագրել է ու չի շտապում վավերացնել, ի՞նչն է պատճառը»։

Վ. Քոչարյանն ասաց, որ գաղտնիք չէ, որ նրանք որոշակի վերապահումներով են մոտենում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությանը: «Գիտենք, որ Մեծ Բրիտանիան ընդհանրապես հարց է բարձրացրել այդ համապատասխան կոնվենցիայից դուրս գալու, մենք գիտենք Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, որը նույնպես լուրջ հարցեր է իր մեջ պարունակում, ընդհանուր եզրահանգումը կայանում է նրանում, որ տվյալ պետությունները որոշակի վերապահում ունեն ՄԻԵԴ-ի հետ հարաբերություններում»,- նկատեց փոխնախարարը։

Պարզաբանելով, թե մենք ինչու ենք վավերացնում այս կոնվենցիան՝ Վ. Քոչարյանն ասաց, որ շատ դեպքերում ՄԻԵԴ-ի դիրքորոշումները տարբեր իրավական խնդիրների վերաբերյալ կողմնորոշիչ նշանակություն կարող են ունենալ մեր իրավական բարեփոխումների համար. «Շատ օրենսդրական նախաձեռնություններ ձեռնարկվում են այն բացերը փակելու համար, որոնք հայտնաբերվում են ՄԻԵԴ-ում»։

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նույնպես հարցով դիմեց հիմնական զեկուցողին. «Այս կոնվենցիայի վավերացնելուց հետո, ըստ ձեզ՝ մեր քաղաքացիները դատաիրավական բարեփոխումների այս գործընթացում իրենց մաշկի վրա ինչպիսի՞ փոփոխություն կզգան, արդարադատության համակարգում կուտակված խնդիրների համար ի՞նչ առաջընթաց կգրանցվի, կոնկրետ ընտրությունների ակտիվ և պասիվ իրավունքի վրա ինչպե՞ս  է ազդելու, արդյոք այս կոնվենցիան հնարավորություն կտա՞, որ եվրոպական չափորոշիչներին համահունչ՝  մեր այդ իրավական համակարգում հասնենք նրան, որ այսպիսի ոտնահարում չլինի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքի հետ կապված»։

Հիմնական զեկուցողն ասաց, որ իրենց գնահատականով՝ ազդեցությունը մեր դատական համակարգի վրա միայն դրական ազդեցություն կթողնի. «Այդ ամենը նաև վերաբերում է  ընտրությունների հետ կապված վեճերին, որոնք նույնպես կարող են դառնալ քննարկման առարկա ՄԻԵԴ-ում»։

«Հուսանք, որ, եթե ժամ առաջ այս կոնվենցիան ընդունենք,  այն մանդատները, որ մեր քաղաքական ուժերից օդից կախված վերցվեց և նվեր տրվեց, հետ կվերադարձվի, հուսանք՝ այդպես կլինի»,- արձագանքեց Հ. Մարգարյանը։

Նիստերի դահլիճում հնչեցին որոշ պատգամավորների բացականչություններ՝ «հետ տվեք մեր մանդատները»։

Տեսանյութեր

Լրահոս