
«Գոռում էի, օգնություն էի կանչում, որ գոնե մեկը լսեր ձայնս ու օգնության հասներ». սիրիահայ Գոհար Գալստյանը՝ պատերազմի արհավիրքների մասին

«Տարիներ շարունակ Հալեպի ժողովուրդը նեղություն չի քաշել, մանավանդ տեղի հայությունն իր հեղինակությունն ու պատիվն է ունեցել այդ երկրում: Հայն այնտեղ հարգանք, եկեղեցի, դպրոցներ ու ակումբներ ուներ, ինչի համար մինչև հիմա էլ փառք ենք տալիս Աստծուն: Վերջին վեց տարիները՝ սկսյալ 2011 թվականից, քաղաքի վիճակը գնալով վատացավ, սարսափելի դաժան օրեր ունեցավ հայությունը»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում պատմում էին մեկ շաբաթ առաջ Սիրիայից Հայաստան եկած սիրիահայ ամուսիններ Ժան և Գոհար Գալստյանները:
Լրագրողների հետ հանդիպմանն ամուսինները պատմեցին նաև Սիրիայում տիրող ռազմական գործողությունների հետևանքով սիրիահայերի կարիքների մասին, անդրադարձան նաև խնդիրներին, որոնց բախվում են դեռ պատերազմական Սիրիայում մնացած մեր հայրենակիցները:
«Արդեն վեց տարի է՝ Հալեպում էլեկտրականություն չկա, տաքանալու հնարավորություն չկար, ամիսներով ջուր չէինք ունենում, հորեր էինք փորում, որ մարդիկ գոնե հորերի ջուր խմեին: Շատ նեղություններ տեսանք, բայց սեպտեմբերի 30-ի առավոտյան հրթիռները սարսափելի ռմբակոծեցին քաղաքը: Երեխաներս դպրոցում էին: Վախի մեջ էինք, ամուսինս ապահով տուն բերեց նրանց: Արդեն կեսօրին երկրորդ հրթիռը տունս փլատակ դարձրեց, անգամ հագուստ չկարողացա գտնել, ամեն ինչ այրվեց, փլատակ դարձավ: Ամուսինս ու պստիկներս փլատակների տակ էին մնացել: Արյունոտված, վիրավոր վիճակում դուրս հանեցինք: Այնքան ծանր էր քարը, որ չկարողացա ամուսնուս հանել տակից, գոռում էի, օգնություն էի կանչում, որ գոնե մեկը լսեր ձայնս ու օգնության հասներ»,- պատմում է Գոհար Գալստյանը:
Գոհար Գալստյանը պատմում է, որ Հալեպում իրենք մշտապես ապահովված են եղել աշխատանքով և ապրել են բարեկեցիկ, արժանապատիվ կյանքով: Ամուսիններին այստեղ դեռևս միայն աշխատանք գտնելու հոգսն է տանջում.
«Ես երկար տարիներ բուժքույր եմ աշխատել, ամուսինս՝ պահակ: Հալեպից հեռանալուց հետո բարերար գտնվեց, որին շատ շնորհակալ ենք: Նա հոգաց մեր Հայաստան տեղափոխվելու ճանապարհածախսն ու Երևանի Կոմիտաս թաղամասում վեց ամիս ժամկետով տուն վարձակալեց մեր ընտանիքի համար: Սակայն ցավն այն է, որ մենք այստեղ աշխատանք չենք կարողանում գտնել, չգիտենք՝ ինչպե՞ս հոգանք մեր ու մեր փոքրիկների օրվա ապրուստը: Սիրիահայերը խոնարհ ու աշխատասեր մարդիկ են: Մենք՝ ես ու ամուսինս, համաձայն ենք ամեն տեսակի աշխատանքի, միայն իմանանք, որ մեր երեխաներին կարող ենք կյանք տալ: Տղաս չորս տարեկան է, աղջիկս՝ երկու: Նրանք իրենց ծնված օրվանից միայն ծանր օրեր են տեսել ու նույնիսկ այստեղ դեռ չեն մոռացել այն դժոխային օրերը, որ ապրել են Սիրիայում՝ պատերազմի ու հրթիռների տակ»:
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում: