«Չի բացառվում, որ կրկին բռնկվի իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում». բրիտանացի վերլուծաբան
«Միջնորդները չեն կարող վերացնել բանակցային գործընթացում առաջացած փակուղին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Օքսֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Մասնավորապես, արձագանքելով օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին, որում տեղ էր գտել միտք այն մասին, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում փոխզիջում հնարավոր է, և Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն, Մաքֆարլեյնն ասաց, որ այս, ինչպես նաև վերջին շրջանում հակամարտող երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հնչեցրած հայտարարությունները խոսում են այն մասին, որ բանակցային սեղանին դրված փաստաթղթերն այլևս կենսունակ չեն, քանի որ կողմերի միջև կարգավորման ընդհանուր որևէ եզր գոյություն չունի։
Ըստ նրա՝ քիչ բան է հաջողվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին կողմերի այս դիրքորոշումների պատճառով։ «Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ինքն էական արդյունքների չի հասել իր աշխատանքի առաջին իսկ օրից, բայց կարծել, թե առանց կողմերի ցանկության հնարավոր էր նման արդյունք արձանագրել, անիմաստ է։ Մինսկի խումբը ապահովում է բարենպաստ մթնոլորտ բանակցությունների համար, անում է նույնիսկ ավելին՝ կասեցված բանակցությունները ջանում է վերականգնել, կողմերի մոտ երբեմն հակամարտությունը կարգավորելու ցանկություն առաջացնել։
Փաստորեն այսօր ևս բանակցային գործընթացում նման մի իրավիճակ է ստեղծվել, երբ կողմերից յուրաքանչյուրը բարձրաձայնում է իրեն հարմար սկզբունքի մասին, խոսք կա սկզբունքների վերանայման անհրաժեշտության մասին, ինչը խոսում է այն մասին, որ կողմերը որոշել են էլ ավելի կոշտացնել իրենց դիրքորոշումները։ Սակայն պետք է հիշել, որ Մադրիդյան սկզբունքները լավ աշխատված փաստաթուղթ է, այս պահի դրությամբ՝ միակ ընդունելի փաստաթուղթը։ Ստեղծված իրավիճակը լավ զարգացումներ չի խոստանում։ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ես պնդում էի, որ պետք է սկսվեն ինտենսիվ բանակցություններ, և հարթվի պատերազմից հետո առաջացած լարումը, այլապես այն կարող է նորից կրկնվել։
Տեսնում ենք, որ լարումը չի վերացել, բանակցային սեղանին իրերի դրությունն էլ ավելի է սրվել»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը՝ շարունակելով չբացառել, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում կարող են նոր բռնկումներ լինել։ Նրա համոզմամբ՝ լուծման մասին խոսելը բարդ է, երբ չկա ցանկություն կողմերի մոտ։ «Այս իրավիճակում ի՞նչ կարող են անել միջնորդները։ Նրանք իրենց դիրքորոշումները բազմիցս հայտնել են, նրանց համար ոչինչ չի փոխվել։ Որևէ միջնորդ ոչ կարող է հրահրել նման խորքային փակուղի, ոչ էլ կարող է վերացնել այդ փակուղին»,- ընդգծեց բրիտանացի փորձագետը։ Վերջինիս համոզմամբ՝ ազդեցության լծակներ ևս նրանք չունեն, նրանք պետք է իրենց դրսևորեն՝ որպես չեզոք միջնորդներ։
«Ապրիլյան պատերազմից հետո խոսվում էր շփման գծում անվտանգությունն ամրապնդելու մեխանիզմներ ներդնելու մասին։ Այս հարցը, ամենայն հավանականությամբ, այս անգամ փակուղու պատճառ դարձավ, և ակնհայտ է, որ հարցին դեմ էր Ադրբեջանը։ Այդ միջնորդների ներդրումը բարենպաստ պայմաններ կստեղծեր հետագա կառուցողական բանակցությունների համար, իսկ եթե դրանք չներդրվեցին, որի ուղղությամբ միջնորդներն ակտիվորեն աշխատեցին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, նշանակում է, որ հակառակ գործընթացի ականատեսն ենք դառնալու»,- նման կարծիք հայտնեց Մաքֆարլեյնը։ Վերջինիս համոզմամբ՝ չի բացառվում, որ այս իրավիճակում բռնկվի ԼՂ հակամարտությունը կրկին։
«Սա ցանկալի սցենար չէ արտաքին խաղացողների, մասնավորապես՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համար, սակայն մենք ականատեսն ենք այն բանի, որ նրանք մեծապես չեն կարողանում ազդել կողմերի վրա»,- նկատեց բրիտանացի վերլուծաբանը։ Վերջինիս դիտարկումներով՝ պետք է համակերպվել այն մտքին, որ հակամարտության կարգավորումը կրկին հետաձգվում է երկար ժամանակով։