Ռուսաստանը, Ադրբեջանն ու Եվրոպան

Մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանն ու նույնքան ոխերիմ թշնամիներն ակտիվ շփումների մեջ են: Մի քանի օր առաջ ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները փաստաթուղթ ստորագրեցին, այսպես կոչված, «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման մասին:

Այս գազատարի շուրջ երկու երկրների միջև պայմանավորվածությունները ձեռք էին բերվել այն բանից հետո, երբ Եվրոպան հայտարարել էր, որ փորձելու է նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Հետո, ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման պատճառով, գազատարի շուրջ բանակցություններն ընդհատվեցին: Հիմա դրանք նոր փուլ են մտել: Ավելին, խոսվում է, որ «Թուրքական հոսքը», մեկի փոխարեն` երկու ճյուղ է ունենալու: Այս գազամուղի բուն նպատակը Ռուսաստանի համար ոչ թե Թուրքիային, այլ հարավային Եվրոպային գազ մատակարարելն է:

Ըստ նոր ստորագրված համաձայնության՝ գազագիծը շահագործվելու է 2019-ի դեկտեմբերին: Բայց այդ պայմանավորվածության ձեռքբերումից մի քանի օր անց ռուսական պաշտոնական լրատվության առաջին դեմքը՝ Հայաստանում Գրիբոյեդովյան ակումբի գործունեությամբ հայտնի Դմիտրի Կիսելյովը, հարցազրույց վերցրեց Ադրբեջանի նախագահից: Վերջինս պարզ-պարզ ասաց, որ ռուս-թուրքական գազամուղն իր երկրի շահերին չի կարող հակասել: Որովհետև չի կարող մրցակցել «Հարավային գազային միջանցքի» հետ: Արևմուտք-Ռուսաստան հակամարտության հենց սկզբից եվրոպական երկրները սկսեցին նոր ծրագրեր մշակել իրենց տնտեսությունը ռուսական ազդեցություններից առավելագույնս պաշտպանելու համար: Հիմա արդեն սկսվել է միջինասիական ու ադրբեջանական գազը Հարավային Եվրոպա հասցնելու գազատարի կառուցումը:

Գազատարը Միջին Ասիայից Կասպից ծովով մտնելու է Ադրբեջան, այնտեղից Վրաստանի վրայով անցնելու է Թուրքիա, ապա` Հունաստան: Վերջին հատվածը՝ «Տրանսադրիատիկ գազատարը» (շինարարությունն արդեն սկսվել է) գազը կհասցնի Իտալիա: Ալիևը ռուսական հեռուստատեսության հարցազրույցում մանրամասն նկարագրեց այս ծրագիրը: 2018թ. Ադրբեջանը կընդլայնի գազի արդյունահանումը՝ 2020-2021թթ. հասցնելով բարձրակետին: Նախագծով «Հարավային գազային միջանցքով» առաքումը տարեկան կազմելու է 16 մլրդ խորանարդ մետր:

Այս ծավալից 6-ն օգտագործելու է Թուրքիան, իսկ 10 մլրդ-ն անցնելու է Եվրամիություն, մասնավորապես` Իտալիա: Այսօր Իտալիայի սպառվող գազի մեկ երրորդը ռուսական է: Փաստորեն, ադրբեջանական և միջինասիական գազը լուրջ հակակշիռ է դառնում եվրոպական շուկայում: Հակակշիռ ռուսականին: Դրան գումարած, ի տարբերություն ռուսական գազատարների` ԵՄ երկրներն իրենք են ֆինանսավորում «Հյուսիսային միջանցքի շինարարությունը»: Ավելին, ԵՄ-ն արդեն ընդունել է այդ գազատարին տնտեսական արտոնություններ տալու որոշում:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ արդեն գազի մատակարարման երկու պայմանագիր է կնքվել ԵՄ-ի անդամ երկրների հետ: Ուստի, ռուս-թուրքական «Հարավային հոսքի» շինարարությունն իրենց չի անհանգստացնում: Ալիևը հատուկ ընդգծել է, որ այդ գազատարի հարցով Ռուսաստանի հետ ոչ մի երկիր առայժմ պայմանագիր չի կնքել: Իսկապես դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը կմտնի «Հարավային հոսքի» շինարարության բեռի տակ՝ միայն թուրքական շուկայի համար:

«Գազպրոմի» հրապարակած տվյալներով` 2015թ. Թուրքիա առաքվել է 27,1 մլրդ խորանարդ մետր գազ, որը կազմում է այդ երկրի պահանջարկի 60 տոկոսը: Բայց մյուս կողմից` պարզ է, որ «Հարավային գազային միջանցքը» Թուրքիայի համար այլընտրանք է դառնում և մասամբ լուծում է ռուսական էներգակիրներից կախվածության հարցը: Ռուսաստանի հանդեպ ընդունած տնտեսական պատժիչ որոշումներում Եվրոպան բավական լուրջ կառուցվածքային փոփոխություններ է կատարել, որոնց հետևանքներն արդեն «զարմացնում» են ռուսաստանյան փորձագետներին:

Տեսեք, մոտ տասը տարի առաջ Եվրոպայի գազի սպառումը տարեկան կազմում էր 500 մլրդ խորանարդ մետր: Փորձագետները ենթադրում էին, որ այն հիմա պիտի հասած լիներ տարեկան մոտ 700 մլրդ-ի ցուցանիշի: Այնինչ ԵՄ-ն տնտեսական սանկցիաներին զուգահեռ կիրառված քայլերով կարողացավ տարեկան պահանջարկը կրճատել՝ հասցնելով 400 մլրդ-ի: Ու հիմա փորձում է միջինասիաադրբեջանական գազի մատակարարման նոր հոսքագիծ կառուցել: Միջազգային շատ փորձագետների կարծիքով՝ այս ոլորտում առաջիկա տարիներին որոշիչը ոչ թե տնտեսական շահերն են լինելու, այլ՝ քաղաքականը:

Հետևաբար` ԵՄ-ն չի արտոնելու Ուկրաինան շրջանցող «Հյուսիսային հոսք 2-ի» շինարարությունը: Ինչպես նաև հնարավորություն չի տալու ռուս-թուրքական «Հարավային հոսքով» գազ մատակարարել հարավային Եվրոպայի երկրներ: Այս պարագայում ռուսական գազ արդյունահանող պետական ընկերությունների հույսը մնում է ԵՄ-ից անջատվող Մեծ Բրիտանիան: «Գազպրոմն» իր հաշվետվություններում ընդգծում է, որ այդ երկիր գազի մատակարարումն այս տարի աճել է 50 տոկոսից ավելի: Իսկ մյուս իրական հույսը թուրքաադրբեջանական ընկերությունների «ճկունությունն» է: Իր գազը ԵՄ երկրներին առաջարկող ու նրանցից ֆինանսատնտեսական աջակցություն ստացած Ադրբեջանն արդեն գործող պայմանագիր ունի Ռուսաստանից տարեկան 2 մլրդ խմ գազ ներմուծելու մասին:

Հիմա խոսվում է նոր կնքվելիք պայմանագրի մասին, որը կկազմի 3-5 մլրդ խմ: Այս ծավալը, իհարկե, լուրջ չէ ՌԴ-ի համար: Բայց բավական լուրջ գումարներ կապահովի Ադրբեջանին, որ դառնում է ռուսական գազը Եվրոպա արտահանող «ծպտված» միջնորդ: Ահա միջպետական հարաբերությունների ժամանակակից ու քաղաքական յուրօրինակ մի պատկեր:

Տեսանյութեր

Լրահոս