Ձեն բուդդիստական առակներ
Ըմբռնումը
Մի անգամ ձենի ուսուցչի մոտ եկավ ոմն մարդ ու ասաց.
– Ես չեմ կարողանում զգալ անձրեւը:
Ուսուցիչը նրան պատասխանեց.
– Մոռացիր երրորդ խոսքը եւ հաջորդ շաբաթ արի:
Մի շաբաթ անց մարդը նորից եկավ ուսուցչի մոտ եւ ասաց.
– Ես չեմ զգում անձրեւը:
Ուսուցիչը շրջվեց նրա կողմն ու ասաց.
– Ինձ մոտ թող երրորդ խոսքն ու մեկ ամսից արի:
Անցավ մեկ ամիս, եւ մարդը դարձյալ եկավ ուսուցչի մոտ:
– Ես անձրեւ չեմ,- ասաց նա:
Ուսուցիչն ուշադիր նայեց նրան եւ ասաց.
– Դե ինչ, հիմա դու կարող ես մի կողմ թողնել եւ երկրորդ խոսքը եւ ինքնուրույն գնալ անձրեւի տակ, եւ եթե կամենաս, մեկ տարուց եկ ինձ մոտ:
Մեկ տարուց ուսուցչի մոտ եկավ անձրեւը:
Սպիտակ թուղթը
Ուսուցչի համար վրա հասավ աշակերտներին ստուգելու ժամանակը: Նա կանչեց երեքին, վերցրեց սպիտակ թղթի մի էջ, դրա վրա թանաք կաթեցրեց ու ասաց.
– Դուք ի՞նչ եք տեսնում:
Առաջինը պատասխանեց. «Սեւ կետ»: Երկրորդը. «Բիծ»: Երրորդը. «Թանաք»:
Վանականն արտասվեց ու գնաց իր խուցը: Ավելի ուշ աշակերտները հարցրեցին.
– Դուք ինչո՞ւ արտասվեցիք:
Վանականն ասաց.
– Ձեզանից ոչ մեկը չտեսավ սպիտակ թուղթը:
Սոսանը` ազատագրման ուղու մասին
Մի անգամ Դոսինը իր ուսուցիչ Սոսանին դիմեց.
– Խնդրում եմ, ցուցանիր ինձ ազատագրման ուղին:
– Իսկ ո՞վ է քեզ կաշկանդել:
– Ոչ ոք:
– Եթե այդպես է,- ասաց ուսուցիչը,- ապա դու ինչո՞ւ ես ազատագրում փնտրում:
Սոսանի աղոթքը
Մի անգամ կայսրը ուսուցիչ Սոսանին խնդրեց գալ պալատ եւ աղոթել իր համար: Սոսանը եկավ, բայց հրաժարվեց աղոթել: Նա ասաց.
– Դա անհնար է: Կյանքում կա մի քանի բան, որ յուրաքանչյուրը պետք է ինքն անի: Օրինակ, եթե դու ուզում ես գրկել կնոջը, ես չեմ կարող դա քո փոխարեն անել, քո անունից, կամ, եթե դու պետք է քիթդ մաքրես, ապա ստիպված ես ինքդ դա անել: Ես չեմ կարող դա քո փոխարեն անել, դա քեզ չի օգնի: Նույնը վերաբերում է եւ աղոթքին: Ինչպե՞ս ես կարող եմ քո փոխարեն աղոթել: Դու ինքդ աղոթիր, եւ ես էլ կաղոթեմ:
Այդ ասելով` նա փակեց աչքերն ու թաղվեց խորունկ աղոթքի մեջ։
Լին-ցզին դիմավորում է դատարկ նավակը
Լին-ցզին պատմում էր. «Երբ ես երիտասարդ էի, ես ստիպված եղա լողալու նավով, ես մի փոքրիկ նավակ ունեի, միայնության մեջ ես ուղեւորվում էի լճակով նավարկելու եւ կարող էի դա ժամերով անել: Մի անգամ ես նստած էի փակ աչքերով եւ մեդիտացիա էի անում: Հիասքանչ գիշեր էր: Հոսանքին համընթաց ինչ-որ դատարկ նավակ էր լողում, որ դիպավ իմին: Իմ մեջ զայրույթ բռնկվեց:
Ես բացեցի աչքերս եւ պատրաստվում էի բարկությունս թափել ինձ անհանգստացրած մարդու գլխին, բայց տեսա, որ նավակը դատարկ է: Զայրույթս ելք չուներ։ Ո՞ւմ վրա պիտի այն պարպեի: Ինձ անելու ոչինչ չէր մնում, քան դարձյալ աչքերս գոցել եւ սկսել զննել իմ զայրույթը: Այն պահին, երբ ես այն տեսա, ես արեցի առաջին քայլն իմ Ճանապարհին:
Այդ անդորրավետ գիշերը ես մոտեցա իմ ներսի կենտրոնին: Դատարկ նավակը դարձավ իմ ուսուցիչը: Այդ պահից ի վեր, եթե ինչ-որ մեկը փորձում էր նեղացնել ինձ, եւ իմ մեջ զայրույթ էր ծնվում, ես ծիծաղում էի ու ասում. «Այս նավակը նույնպես դատարկ է»: Ես փակում էի աչքերս եւ ուղեւորվում էի ի ներս:
Լին-ցզին` ներքին բնույթի մասին
Լին-ցզին խոսում էր ժողովվածների առաջ այն մասին, որ յուրաքանչյուր մարդ պետք է դրսեւորի իր ներքին բնույթը: Ամբոխից մի հարց հնչեց.
– Բայց ինչպե՞ս դա անել, եթե ես չգիտեմ, թե ով եմ ես:
Լին-ցզին դադարեց խոսել: Բոլորը լարվեցին: Ի՞նչ պատասխան նա կտա: Բայց նա չպատասխանեց: Նա իջավ իր բազմոցից եւ սկսեց մոտենալ այն մարդուն, ով հարց էր տվել: Բոլորը ուշադիր զննում էին: Մարդիկ նույնիսկ դադարեցին շնչել: Ի՞նչ է նա պատրաստվում անել: Չէ՞ որ նա կարող էր պատասխանել` տեղից չելնելով: Նրա գործողության մեջ անհրաժեշտություն չկար:
Լին-ցզին ավելի մոտեցավ, այդ մարդուն հայացքով շամփրելով` ձեռքը դրեց նրա ուսին եւ ասաց.
– Փակիր աչքերդ եւ հիշիր նրան, ով հարց տվեց:
Մարդը փակեց աչքերը եւ ուղեւորվեց ի ներս, նրա փնտրտուքում, ով հարց էր տվել:
Մարդիկ, զննելով նրան, սպասում էին: Նրա հայացքը դարձավ հանգիստ, հանդարտուն եւ մեղմ: Այդժամ Լին-ցզին ստիպված էր թափահարել նրան.
Այժմ դուրս եկ եւ ասա ամենքին, ո՞վ ես դու:
Մարդը սկսեց ծիծաղել: Հետո ասաց.
– Հարցերին պատասխանելու ինչ հիանալի եղանակ է:
– Ուրեմն ո՞վ ես դու,- կրկնեց Լին-ցզին:
Մարդը պատասխանեց.
– Ես գիտեմ, բայց չեմ կարող պատասխանել:
Լին-ցզին` այգու չոր տերեւների մասին
Կայսերական այգին ստեղծվում էր երեք տարի: Եվ ահա բացմանը կայսրը հրավիրեց մեծատոհմիկ հյուրերի` գեղեցկությամբ զմայլվելու: Բոլորը հիացած էին եւ լոկ հաճոյախոսություններ էին շաղ տալիս: Սակայն կայսրին հատկապես հետաքրքրում էր Լին-ցզիի կարծիքը, ով համարվում էր այգու արվեստի անգերազանցելի վարպետ: Երբ կայսրը դիմեց նրան, բոլոր ներկաները սկսեցին լսել պատասխանը: Լին-ցզին ասաց.
– Ես ոչ մի չոր տերեւ չեմ տեսնում: Ինչպե՞ս կարող է կյանքը գոյություն ունենալ առանց մահվան: Այն պատճառով, որ այստեղ չոր տերեւներ չկան, այգին մեռած է: Ես կարծում եմ, որ այսօր առավոտյան դրանք ավլել են: Հրամայեք փոքր-ինչ չոր տերեւներ բերել:
Երբ տերեւները բերեցին ու սփռեցին, քամին սկսեց դրանց հետ խաղալ: Տերեւների շրշյուն, եւ այգին կենդանացավ: Ուսուցիչն ասաց.
– Այժմ ամեն ինչ կարգին է, ձեր այգին հիասքանչ է, բայց այն չափազանց լավ էր ծրագրավորած: Արվեստը դառնում է մեծագույնը, երբ չի բացահայտում իրեն:
Լին-ցզին լալիս է
Մի անգամ Լին-ցզին բոլորին զարմացրեց: Երբ մահացավ նրա ուսուցիչը, Լին-ցզին կանգնել ու լալիս էր: Արցունքները հոսում էին նրա այտերով: Նրա ընկերներից շատերը սկսեցին ասել.
– Այդ ի՞նչ ես անում: Այստեղ այսքան մարդ է հավաքված: Նրանք արդեն քննարկում են քո վարքը եւ տարակուսում են. «Անհավանական է: Լին-ցզին լալիս է: Մենք մտածում էինք, որ նա կապվածություններից լիովին զերծ է, եւ նրա ոգին ազատ է: Եվ ահա նա լալիս է: Նա ինքն է մեզ ուսուցանել, որ հոգին անմահ է, մահանում է միայն մարմինը, որ մարմինը աճյունափոշի է, փոշին վերածվում է փոշու: Ինչո՞ւ է ուրեմն նա այսօր լալիս:
– Դու ինչո՞ւ ես լալիս,- հարցրեցին նրանք: – Դու ասում ես, որ բանալին չկապվածությունն է: Ինչո՞ւ ես դու ուրեմն կապված քո ուսուցչին:
Դրան Լին-ցզին պատասխանեց.
– Ձեր հարցը տրամաբանական է: Արցունքները հոսում են: Ես ինքս հայտնաբերեցի, որ լալիս եմ: Ինքս էլ եմ զարմացած: Բայց ի՞նչ կարող եմ ես անել: Այդպես է իմ մեջ դրսեւորվում կյանքը: Եվ ես չեմ սկսի ճնշել այդ դրսեւորումը: Ես միշտ լիովին ընդունել եմ այն:
Բասյոյի ճշմարիտ դեմքը
Վանականը խնդրեց ձենի ուսուցիչ բանաստեղծ Բասյոյին.
– Ինձ ցույց տվեք ճշմարիտ դեմքը:
Բասյոն անշարժ նստած էր: Նստել անշարժ, լինել էներգիայով լեցուն, բայց հավակնություններից զուրկ` ամենադժվարն է աշխարհում:
Բասյոն եւ ցուպը
Բասյոն աշակերտին ասաց.
– Եթե դու ցուպ ունես` ես քեզ այն կտամ: Եթե դու ցուպ չունես` ես այն քեզանից կխլեմ:
Բասյոյի խոսքերը` ծաղիկներ
Բասյոյին հարցրեցին.
– Պատմեք ինչ-որ բան ձեր զրույցների մասին: Դուք խոսում եք եւ դրա հետ մեկտեղ` ձեր խոսքին հակառակ եք: Դուք ասում եք. «Նա, ով գիտի` լռում է»: Բայց չէ՞ որ դուք չեք լռում: Ինչպե՞ս դա հասկանալ:
Բասյոն պատասխանեց.
– Խոսում են ուրիշները, ես ծաղկում եմ:
Ոչինչ գոյություն չունի
Յամաոկա Տեսյուն լինելով ձենի երիտասարդ աշակերտ` մեկը մյուսի ետեւից այցելում էր ուսուցիչների: Մի անգամ նա եկավ Դակուոնի մոտ, որ Սակուկոյից էր: Կամենալով ցույց տալ իր գիտելիքները` նա ասաց.
– Բանականությունը, Բուդդան, զգայական գոյությունը, ի վերջո` գոյություն չունեն: Երեւույթների ճշմարիտ բնույթը` դատարկությունն է: Գոյություն չունի ոչ մարմնավորում, ոչ մոլորություն, ոչ իմաստություն, ոչ միջակություն: Ոչինչ չի կարելի տալ, ոչինչ չի կարելի վերցնել:
Դակուոնը, որ հանգիստ ծխում էր, ոչինչ չասաց:
Հանկարծ նա ուժեղ խփեց Յամաոկային բամբուկե փայտով: Պատանին շատ զայրացավ:
– Եթե ոչինչ գոյություն չունի,- հարցրեց Դակուոնը,- ապա որտեղի՞ց է այս չարությունը:
Ինչպես չինական բանաստեղծություն գրել
Հանրահայտ ճապոնացի բանաստեղծին հարցրեցին, թե ինչպես չինական բանաստեղծություն գրել:
– Սովորաբար չինական բանաստեղծությունը կազմված է չորս տողից,- բացատրեց նա:
Առաջին տողը բովանդակում է նախնական փուլը:
Երկրորդը` այդ փուլի շարունակությունն է:
Երրորդը երես է դարձնում դրանից եւ նոր փուլ է սկսում:
Չորրորդը միավորում է ողջ երեքը:
Այդպես է, օրինակ, կառուցված հանրահայտ ճապոնական երգը.
Մետաքսավաճառի երկու դուստրերն ապրում էին Կիոտոյում,
Մեծը քսան տարեկան էր, փոքրը` տասնութ:
Զինվորը կարող է տապալել սրով,
Իսկ այս գեղեցկուհիները` իրենց աչքերով:
Ոսկե միջինը
Չինաստանի կայսրը նստած էր տախտակամածի վրա, ծածկի տակ եւ գիրք էր կարդում: Ներքեւում վարպետ-անվագործը վերանորոգում էր նրա կառքը: Կայսրը նրան հարցրեց.
– Ինչո՞ւ դու այդքան ծեր` ինքդ ես վերանորոգում կառքը: Մի՞թե դու օգնականներ չունես: Նա պատասխանեց.
– Ճիշտ ես ասում, տեր: Արհեստը ես սովորեցրել եմ իմ զավակներին, բայց իմ արվեստը նրանց փոխանցել չեմ կարող: Իսկ այստեղ պատասխանատու աշխատանք է, առանձնակի արվեստ է պահանջվում:
Կայսրը ասաց.
– Ինչ-որ շատ տարօրինակ ես խորհրդածում: Միտքդ պարզաբանիր:
Ծեր վարպետն ասաց.
– Կարո՞ղ եմ ես քեզ հարցնել, ի՞նչ ես դու կարդում: Եվ արդյո՞ք ողջ է այն մարդը, որ գրել է այդ գիրքը:
Կայսրը սկսեց զայրանալ: Ծերունին տեսնելով այդ` ասաց.
– Մի բարկացիր, խնդրում եմ, ես հիմա միտքս կպարզաբանեմ: Գիտես ինչ, իմ որդիները լավ անիվներ են սարքում, բայց այդ գործում նրանք կատարելության չեն հասել: Ես հասել եմ դրան, բայց ինչպե՞ս իմ փորձը փոխանցեմ նրանց: Ճշմարտությունը միջինն է…
Եթե անիվը շատ ամուր սարքես, ապա այն ծանր ու տգեղ կլինի: Եթե ջանաս այն նրբին սարքել, ապա այն անհուսալի կլինի: Ո՞ւր է այն սահմանը, այն չափը, որով ես ղեկավարվել եմ: Այն իմ ներսում է, ես ըմբռնել եմ այն: Դա էլ հենց արվեստն է, ինչպե՞ս այն փոխանցել:
Քո կառքում անիվները միաժամանակ պիտի լինեն ամուր եւ նուրբ: Ահա եւ ես ստիպված եմ ինքս սարքել դրանք:
Ճիշտ նույնն է տրակտատը, որ դու կարդում ես: Դարեր առաջ այն գրող մարդը հասել է բարձրագույն ըմբռնման, բայց դա փոխանցելու ոչ մի հնար չկա:
Համեմատությունը
Հիշեք` դուք անհրաժեշտ եք: Ոչ ոք ավելի բարձր կամ ցածր չէ: Յուրաքանչյուրն իր տեղում է:
Մի սամուրայ, շատ մեծամիտ մի ռազմիկ, եկավ ձենի ուսուցիչներից մեկի մոտ: Սամուրայը շատ մեծատոհմիկ էր, բայց նայելով ուսուցչին, տեսնելով պահի հմայքը` հանկարծ ինքն իրեն ինչ-որ չնչին զգաց: Նա ասաց.
– Ինչո՞ւ եմ ես զգում իմ չնչինությունը: Մի ակնթարթ առաջ ամեն ինչ լավ էր: Հենց որ ես մտա քո բակը, ես կարկամեցի: Երբեք նախկինում նման բան չեմ զգացել: Ես բազմիցս մահվան դեմ հանդիման եմ ելել եւ երբեք ահ չեմ զգացել` ինչո՞ւ եմ ես հիմա վախեցած:
Ուսուցիչն ասաց.
– Սպասիր: Ես կպատասխանեմ, երբ բոլորը գնան:
Մարդիկ ողջ օրը գալիս էին ուսուցչին տեսնելու, եւ սամուրայը սպասելուց ձանձրացավ: Երեկոյան, երբ սենյակը դատարկ էր, սամուրայը հարցրեց.
– Հիմա դու կարո՞ղ ես ինձ պատասխանել:
– Դուրս արի:
Լիալուսին էր: Եվ լուսինը ելնում էր հորիզոնն ի վեր: Ուսուցիչն ասաց.
– Նայիր այս ծառերին` այս մինչ երկինք ձգվող բարձրուղեշին եւ դրա կողքի այն փոքրին: Դրանք երկուսն էլ արդեն շատ տարիներ աճում են իմ պատուհանի առաջ, բայց ոչ մի խնդիր չունեն: Այս փոքրիկ ծառը երբեք մեծին չի ասում. «Ինչո՞ւ եմ ես քո հանդեպ հարգանք զգում»: Սա փոքրիկ ծառ է, իսկ մյուսն` այնքան մեծ` ինչո՞ւ ես երբեք նրանց տրտունջը չեմ լսել:
Սամուրայը մտորեց ու ասաց
– Որովհետեւ նրանք չեն կարող համեմատել:
– Ահա տեսնում ես, դու ինքդ պատասխանը գիտես: Երբ դու չես համեմատում` ողջ չնչինությունը եւ ողջ վսեմությունն անհետում է: Դու գոյում ես: Փոքրիկ թուփը կամ մեծ ծառը` փույթ չէ, դու ինքզինքդ ես: Խոտի ծեղը նույնքան կարեւոր է, որքան մեծագույն աստղը: Կկվի այս ձայնը նույնքան մեծ է, որքան ցանկացած Բուդդա` աշխարհը նվազ հարուստ կլիներ, եթե կկուն անհետանար: Շուրջդ նայիր: Ամեն բան անհրաժեշտ է, եւ բոլորը միասին լավ է: Այդ խորունկ միասնությունը, ոչ ոք ավելի բարձր կամ ցածր չէ, ոչ ոք ավելի կարեւոր չէ, ոչ ոք ավելի չնչին չէ: Ամենայն ինչ անհամեմատելիորեն բացառիկ ու անհրաժեշտ է: Այստեղ է գիտակցման կրոնը:
Նրբին մետաքսը
Ինչ-որ մեկն ասել է, որ նրբին մետաքսից կազմերը անհարմար են այն պատճառով, որ շուտ են փչանում:
Տոի-ան ի պատասխան նկատեց.
– Նրբին մետաքսը դառնում է հատկապես գրավիչ այն բանից հետո, երբ նրա ծայրերը քրքրվում են, իսկ սադափով պատված գլանափաթեթը` երբ խեցին փշրվում է:
Այդ ժամանակից ի վեր բոլորը սկսեցին նրան նրբաճաշակ մարդ համարել:
Ի պատասխան խոսքերի առ այն, թե իբր տհաճ է նայել բազմահատոր ստեղծագործությունները, եթե այն միեւնույն կազմով չի պատված, Կոյու Սոջյուն ասաց.
– Իրերը ի մի բերելու ձգտումը հիրավի տգետների զբաղմունքն է: Շատ ավելի լավ է, երբ նրանք տարանջատված են:
Այդ միտքը հիասքանչ է: Ընդհանրապես, ինչ էլ որ վերցնես, մասերը միասնական ամբողջի մեջ ժողովելը լավ չէ: Հետաքրքիր է, երբ ինչ-որ անավարտ բան այդպես էլ մնում է, դա այնպիսի զգացողություն է հարուցում, ասես կյանքը հոսում է երկար ու հանդարտ:
Մի մարդ մեկ անգամ ասաց.
– Նույնիսկ կայսերական պալատի կառուցման ժամանակ մի մասը հատուկ կեսկատար էին թողնում: Հին իմաստունների գրած ստեղծագործություններում նույնպես շատ ու շատ չբավող գլուխներ եւ բաժիններ կան:
Ճախրել հավատից վեր
Պատմում են, որ մի անգամ Բուդդային հարցրեցին. «Արդյո՞ք կա Աստված»: Եվ նա հաստատակամ պատասխանեց. «Այո»: Նույն օրը մի այլ մարդ նրան հարցրեց. «Արդյո՞ք գոյություն ունի Աստված»: Եվ Բուդդան նույնքան հաստատակամ պատասխանեց. «Ոչ»: Իսկ նույն օրվա երեկոյան երրորդ մարդը Բուդդային հարցրեց Աստծո գոյության մասին, եւ Հրաշափառը լռեց` ի պատասխան լոկ ցուցամատը վեր տնկելով:
Այդ ամենը տեսավ նրա եղբայր եւ աշակերտ Անանդան: Գիշերը նա Բուդդային հարցրեց.
– Ես չեմ կարողանում քնել: Ասա խնդրեմ, ինչո՞ւ միեւնույն հարցին դու երեք տարբեր պատասխան տվեցիր:
Բուդդան հոժարակամ բացատրեց.
– Հարցմունք անողները տարբեր մարդիկ էին: Առաջինը հավատում էր, որ Աստված չկա, եւ նա շատ էր կամենում, որ ես ամրապնդեմ իր հավատը: Նրան ես պատասխանեցի, որ Աստված կա: Որովհետեւ առ Ճշմարտություն մարդ կարող է հասնել` սոսկ ազատվելով այն բանից, ինչին նա հավատում է: Մյուս մարդը համոզված էր, որ Աստված կա: Նա շատ ցանկանում էր, որպեսզի ես հաստատեմ իր հավատի իսկությունը: Նրան ես պատասխանեցի, թե Աստված չկա: Ես այստեղ եմ այն բանի համար, որ կործանեմ ամենայն հավատ, որպեսզի միտքը կարողանա ճախրել դրանից վեր եւ մտնի ի ճշմարտություն: Երրորդ մարդը ոչ հավատացյալ էր, ոչ էլ աթեիստ, այդ պատճառով նրան պետք չէր ոչ «այո» ասել, ոչ էլ` «ոչ»: Եվ ես լռեցի` դրանով ասելով. «Արա, ինչպես ես, պարզապես խորասուզվիր լռության մեջ, եւ այդժամ կիմանաս»:
Բոդհիդհարմայի ընտրությունը
Պատմում են, որ Բոդհիդհարման տասնչորս տարի ապրեց Չինաստանում: Այդ ընթացքում նա կարողացավ տարածել Բուդդայի ուսմունքը Երկնատակում եւ անձնապես դհարմա էր ուսուցանում շատ ու շատ աշակերտների: Սակայն տասնչորս տարի հետո Դամոն կամ Պուտիդամոն, ինչպես կոչում էին նահապետին Չինաստանում, ծերացավ եւ կամեցավ վերադառնալ ոչ այն է` Հնդկաստան, ոչ այն է` գնալ Հիմալայներ, որպեսզի կորսվի եւ անհետի հավերժական ձյուների մեջ, ինչպես այնուհետեւ վարվում էին այդ ուսմունքի պայծառատեսության հասած շատ ու շատ առաջընթաց հետնորդներ:
Դամոն շատ աշակերտներ ուներ, բայց նրանցից լոկ չորսին ընտրեց, մեկուսացավ նրանց հետ եւ ասաց.
– Ես ձեզ սոսկ մի հարց կտամ` ո՞րն է իմ ուսմունքի էությունը: Ձեզանից նա, ով լավագույն պատասխանը տա, կդառնա իմ հետնորդը:
Վերահաս լռության մեջ բոլորը նայեցին առաջին աշակերտին, ով ամենագիտունն էր համարվում, ամենակարդացածը: Եվ նա պատասխանեց.
– Ելքը բանականության սահմաններից անդին է` ահա թե որն է ամենագլխավորը քո ուսմունքում:
Դամոն ասաց.
– Դու դիպար իմ ուսմունքի մաշկին, բայց ոչ ավելին,- եւ շրջվեց երկրորդ աշակերտի կողմը, ով ասաց.
– Չկա մեկը, որ կարողանա մտքի սահմաններից անդին գնալ: Ամենայն ինչ դատարկություն է: Տարբերություն չկա այն բանի միջեւ, որ պետք է ըմբռնել, եւ այն բանի` ինչ հարկ է ըմբռնել: Դա է քո ուսմունքի էությունը:
Բոդհիդհարման արտաբերեց.
– Դու դիպար իմ ուսմունքի ոսկորներին,- եւ շրջվեց երրորդ աշակերտի կողմը, ով ասաց.
– Քո ուսմունքի էությունն անարտահայտելի է:
Բոդհիդհարման ծիծաղեց.
– Բայց դու այն արտահայտեցիր: Դու դիպար ողնուղեղին:
Նա շրջվեց չորրորդ աշակերտի կողմը, ում աչքերին լոկ արցունքներ էին, եւ ով բառ իսկ չարտասանեց, այլ լոկ փռվեց Բոդհիդհարմայի ոտքերի առաջ:
Ահա հենց նրան էլ Դամոն ճանաչեց իր հետնորդը:
Հարցերի արժեքի մասին
Պատմում են, որ երբ Մուլինկյապուտան առաջին անգամ եկավ Բուդդայի մոտ, ապա մեկեն Ամենահաղթին բազում հարցեր տվեց: Ի պատասխան` Բուդդան ասաց. «Սպասիր: Ինչո՞ւ ես դու հարցնում` արդյո՞ք այն բանի համար, որ այդ հարցերը լուծես, թե՞ այն բանի համար, որ դրանց պատասխանները ստանաս:
Մուլինկյապուտան շփոթվեց.
– Կարծես թե ես եմ եկել քեզ մոտ, մեծ իմաստունի, որպեսզի հարցնեմ քեզ, իսկ այնպես է ստացվում, որ այդ դու ես ինձ հարցնում: Թույլ տուր փոքր-ինչ մտածեմ:
Գիշերն այդ ամենի շուրջ խորհրդածելով` հաջորդ օրը նա ասաց.
– Ես եկել եմ այն բանի համար, որ լուծեմ իմ հարցերը:
Այդժամ Բուդդան նրան հարցրեց.
– Իսկ դու այդ հարցերը այլ մեկին տվե՞լ ես:
– Իհարկե,- պատասխանեց Մուլինկյապուտան: -Արդեն երեսուն տարի ես մշտապես հարցնում եմ այդ մասին բազում իմաստունների:
– Դե ուրեմն,- ժպտաց Բուդդան,- երեսուն տարվա ընթացքում դու, երեւի թե, շատ-շատ պատասխաններ ես ստացել: Դրանցից գեթ մեկը լուծե՞լ է քո հարցը:
– Ոչ,- պատասխանեց Մուլինկյապուտան:
– Ահա թե ինչու ես քեզ նոր պատասխաններ չեմ տա,- ասաց Բուդդան,- դրանք լոկ կհավելվեն հներին եւ ոչնչով չեն օգնի: Ես քեզ կտամ ոչ թե պատասխաններ, այլ` լուծումներ:
– Դե, ուրեմն տուր ինձ այդ լուծումները,- համաձայնվեց Մուլինկյապուտան:
Բայց Բուդդան ասաց.
– Ես չեմ կարող դա քեզ տալ, այն պետք է ինքնին առաջանա քո մեջ: Այնպես որ, մնա ինձ հետ, բայց մի տարվա ընթացքում քեզ արգելվում է ինձ անգամ մեկ հարց տալ: Լիակատար լռություն պահպանիր` պարզապես իմ կողքին եղիր, իսկ մեկ տարի անց կարող ես հարցնել` ինչի մասին ուզես: Եվ ես քեզ կպատասխանեմ:
Քիչ հեռու, ծառի տակ, նստած էր Շարիպուտրան, Բուդդայի աշակերտներից մեկը, եւ նա ծիծաղեց: Մուլինկյապուտան անհանգստացավ:
– Ինչո՞ւ է նա ծիծաղում: Այստեղ ծիծաղելու ի՞նչ կա:
– Ինքդ նրան հարցրու,- պատասխանեց Բուդդան: -Հարցրու նրան` ինչի մասին ուզում ես, բայց արդեն վերջին անգամ:
Իսկ Շարիպուտրան ասաց.
– Եթե ուզում ես նրան հարցնել, ապա հիմա հարցրու: Այս մարդը մեծ խաբեբա է, այդպես է եղել եւ ինձ հետ, մեկ տարի անց նա քեզ ոչ մի պատասխան էլ չի տա, չէ՞ որ դու ինքդ արդեն ոչնչից չես հարցնի:
Մեկ տարվա ընթացքում Մուլինկյապուտան լռություն էր պահպանում` ներհայեցման մեջ էր եւ առավել լռակյաց էր դառնում: Նա դարձավ խաղաղ լճախորշ` առանց տատանումների եւ կամքի, նա նույնիսկ մոռացել էր, որ մեկ տարի անցել է, եւ վրա է հասել այն օրը, երբ նա կարող է տալ իր հարցերը: Եվ այդժամ Բուդդան ասաց.
– Ինչ-որ տեղ այստեղ Մուլինկյապուտա անունով մի մարդ կար: Ո՞Ւր է նա: Այսօր նա ինձ պետք է իր հարցերը տա:
Այնտեղ շատ աշակերտներ կային, եւ յուրաքանչյուրը ջանում էր հիշել, թե ով էր այդ Մուլինկյապուտան: Եվ Մուլինկյապուտան նույնպես սկսեց մտաբերել այդ, շուրջբոլորը նայելով:
Բուդդան նրան իր մոտ կանչեց եւ քմծիծաղեց.
– Դե, ի՞նչ ես դու շուրջբոլորդ նայում: Չէ՞ որ այդ դու ես: Եվ այժմ ես պիտի կատարեմ իմ խոստումը: Այնպես որ, հարցրու` ինչի մասին կամենում ես, եւ ես քեզ կպատասխանեմ:
Սակայն Մուլինկյապուտան գլուխն օրորեց:
– Նա, ով հարցնում էր, վաղուց մահացել է: Ահա թե ինչու էի ես շուրջբոլորս նայում` փնտրելով, թե ով է այդ Մուլինկյապուտան: Ես էլ եմ լսել այդ անունը, բայց այն վաղուց չկա:
Այնպիսին, ինչպիսին բոլորը
Կար-չկար մի մարդ: Աշխատում էր` ինչպես բոլորը, եւ նույնիսկ մահացավ` ինչպես բոլորը:
Սակայն ինչ-որ մեկը նրա մասին առակ գրեց եւ այն տվեց ձենի ուսուցչին: Ձենի ուսուցիչը գիտեր, թե դրա հետ ինչ անի, եւ այդ պատճառով այն իր ուսմունքը դարձրեց: Եվ ուսմունքը տարածվեց տեղանքով մեկ, եւ մարդիկ սկսեցին փառաբանել ձենի ուսուցչին, ում, ընդհանուր առմամբ, այդ ամենը քիչ էր հուզում: Եվ նրանք սկսեցին կուտակ-կուտակ գալ նրա մոտ, որպեսզի հաղորդակից լինեն այդ մեծ ուսմունքին:
Եվ մի օր ձենի ուսուցչի ուսմունքը լսելու եկավ սովորական մի մարդ, ով ապրում էր` ինչպես բոլորը, եւ աշխատում էր` ինչպես բոլորը: Եվ նրան ուսմունքը շատ դուր եկավ, եւ նա հետեւեց դրա խորհուրդներին: Եվ նա դարձավ ավելի պայծառ ու իմաստուն, թեպետ, բացի իրենից, նրան համարյա ոչ ոք չնկատեց: Եվ նա մի առակ գրեց իր հարեւանի մասին, ով երբեք չէր գալիս ուսուցչի ուսմունքն ունկնդրելու, բայց ապրում էր ինչպես բոլորը: Եվ այդ առակը տվեց ձենի ուսուցչին: Իսկ ձենի ուսուցիչը, ում համար միեւնույն էր, ասաց. «Շնորհակալություն»: Եվ շարունակեց տարածել իր ուսմունքը:
Թարգմանությունը՝ Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆԻ
«168 ԺԱՄ»