Անկախության խորհրդանիշ՝ Շեփոր Աշոտ
Մի ժամանակ Աշոտը եղել է մեր քաղաքի վառ գույներից մեկը՝ անկախության խորհրդանիշը: Նրա առաջ բաց են եղել հանրապետության բոլոր փակ դռները, ընդհուպ՝ երկրի ղեկավարի աշխատասենյակի դուռը: Աշոտի կյանքը բաժանվում է երեք անհավասար մասերի՝ երևանցի Աշոտը, հետո՝ Շեփոր Աշոտը, հետո՝ էլի երևանիցի Աշոտ՝ բայց Միացյալ Նահանգներում: Նույն կերպ Աշոտը եղել է մեր քաղաքի բնակիչ, հետո պատվավոր բնակիչ, հետո հեռացել է Հայաստանից, հիմա եկել ու մտածում է կրկին հեռանալու մասին…
Աշոտը մեր քաղաքի լեգենդն էր, իսկ իր շեփորը, որ գտնվել ու Աշոտին էր հանձնվել Ֆիլհարմոնիայի համերգասրահի նկուղից, Անկախության խորհրդանիշն է:
Հիշո՞ւմ եք շեփորի հայտնի նվագը՝ 88-ի Թատերական հրապարակից…
25 տարի անց «168 Ժամը» հանդիպեց Աշոտ Միրզոյանի հետ
Չգիտեմ՝ ինչպիսին է եղել Շեփոր Աշոտը 25 տարի առաջ, բայց հիմա հաստատապես մի տեսակ ուրիշ Աշոտի հանդիպեցի: Չէի էլ կարող պատկերացնել, որ այսպիսի կենցաղային պայմաններում ապրող ու այսքան մտահոգ կլիներ ժամանակին մի ողջ ազգի համախմբած լեգենդար շեփորահարը: Աշոտը չէր ցանկանում դուրս գալ տնից: Շոգն ու միջօրեի արևը վատ են անդրադառնում արդեն վատառողջ օրգանիզմի վրա: Աշոտի հետ մենք հանդիպեցինք իր տանը, որտեղ ապրում է եղբոր հետ:
Իսկ ամեն ինչ սկսվել է այսպես
Աշոտն առաջին անգամ հանրահավաքի է գնացել սեփական նախաձեռնությամբ՝ իր իսկ ծննդյան օրը՝ փետրվարի 21-ին: Մեզ հետ զրույցում նա պատմում է, որ երբեք՝ մինչև օրս, որևէ կուսակցության չի անդամագրվել ու չի էլ պատրաստվում: Օպերայի հրապարակում էլ անցկացվող հանրահավաքների մասին իմացել է աշխատավայրում՝ Նոր Նորքի վեցերորդ միկրոշրջանում գտնվող «Լազերային տեխնիկա» գիտահետազոտական ընկերությունում:
Աշխատանքից հետո հավաքվել են Բաղրամյանի պողոտայի վրա գտնվող ЦК-ի շենքի դիմաց, ընկերներից մեկի տանը, որտեղ հաճախ էին հավաքվում, խմում, նվագում: Փառքի ժամին սպասող շեփորը ձեռքներին՝ ընկերները քայլում են դեպի Օպերա:
Մեզ հետ զրույցում Աշոտ Միրզոյանը հիշում է, թե ինչ մարդաշատ էր Թատերական հրապարակն այդ օրը: Պատմում է՝ մարդիկ, խիտ կանգնելու պատճառով, հաճախ կորցնում էին գիտակցությունը՝ ընկնում: Բոլորն այդ օրը լարված սպասման մեջ էին՝ լսելու Մոսկվայից եկած խորհրդային քաղաքական գործիչների մեկնաբանությունները Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ովքեր ուշանում էին, իսկ Օպերայի բակում հավաքվածների լարվածությունը մեծանում էր:
Աշոտը կանգնած էր Օպերայի բակի ցայտաղբյուրի մոտ, և առաջ շարժվելն անհնար էր: Կողքին կանգնած երեխան նկատում է ձեռքի շեփորն ու խնդրում: Աշոտը չի մերժում, ու ահա անծանոթ երեխայի անհաջող փորձերը՝ նվագելու գործիքը, առաջացնում է հանրահավաքի մասնակիցների դժգոհությունը:
Ստեղծված իրավիճակը մեղմելու համար Աշոտը վերցնում է գործիքն ու շեփորում:
Լսելով Աշոտի մեղեդին՝ մարդիկ, առանց որևէ կոչի, վեր են բարձրացնում բռունցքներն ու մեկ միասնություն դառնալով՝ շարժվում Բաղրամյան փողոց՝ դեպի ЦК-ի շենք…
Փառքի ժամը մոտ էր
Առաջին մեղեդին, որ գալիս է Աշոտի մտքին՝ «Ինչու է աղմկում գետը» ֆիլմից մի երաժշտական հատված էր, որը հետագայում պետք է դառնար հանուն Անկախության պայքարի ելած մի ողջ ժողովրդի առաջնորդող ազդ: Աշոտ Միրզոյանը պատմում է, որ երբեք չի մոռանա, թե ինչպես Բաղրամյան պողոտայի ամբոխն իրեն ձեռքերի վրա, բազմահազարանոց թափորի վրայով, շեփորի հետ, հասցրեց հարթակ:
Հետագա հանրահավաքներին շեփորի ներկայությունը պահանջում էին իրենք՝ հանրահավաքի մասնակիցները: Պատահել է նաև դեպք, երբ Աշոտին աշխատավայրից հանրահավաքի հրապարակ է ուղեկցել միտինգավորների մի մեծ խումբ, որպեսզի շեփորը հնչի, մարդիկ մեկ միասնություն դառնան: Շեփոր Աշոտը պատմում է նաև, որ այլևս ինքն ու շեփորն անբաժան մաս էին կազմում Շարժման, որտեղ էլ որ լինեին առաջնորդներն ու ուր էլ որ առաջնորդեին ժողովրդին:
Շեփորը հարթել է նաև կոնֆլիկտային ու սուր իրավիճակներ, որոնք կարող էին վերածվել անխուսափելի բախման, եթե չլինեին Աշոտն ու իր շեփորը (օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի դեպքերի ժամանակ, երբ ընդհարում եղավ խորհրդային զորքերի հետ):
Շեփորի վերջին նվագը
Հեղափոխության օրերին Աշոտը վերջին անգամ շեփորում է՝ կանխելով, իր կարծիքով, առաջացած բեկումը՝ ԱԻՄ-ականների ու շարժման մյուս մասնակիցների միջև: Նկատելով, որ շարժումն արդեն հասել է իր նպատակին, Աշոտը մի վերջին անգամ գործի է դնում լեգենդար գործիքն ու այլևս չի վերադառնում Թատերական հրապարակ: Անցած 25 տարիների ընթացքում Աշոտի և իր ընտանիքի կյանքում տարատեսակ զարգացումներ են պատահում:
1990-ական թթ. կեսերին նա ընտանիքի հետ հեռանում է Հայաստանից՝ իր հետ տանելով նաև հայտնի շեփորը: Այսօր, թեև Աշոտն արդեն նոր գործիք ունի, այնուամենայնիվ, պատմական շեփորի տեղը, ինչպես և որոշել էր, Հայաստանի Պատմության թանգարանում է: Անկախության խորհրդանիշ համարվող այս ամենահասարակ, բայց ամենաթանկ գործիքն այլ տեղում չէր կարող լինել: Այսպես է կարծում Շեփոր Աշոտը և չի սխալվում:
Ափսոս միայն, որ Աշոտն այլևս առաջվա Աշոտը չէ: Մի տեսակ մտահոգ է, բայց հույսը չի կորցրել: Մեզ հետ զրույցում Աշոտը շատ երկար խոսեց գիտական իր երկու հայտնագործությունների մասին, որոնց մենք դեռ կանդրադառնանք, իսկ վերհիշել մեղեդին ու նվագել մեզ համար՝ շեփոր Աշոտը դժվարությամբ համաձայնեց:
Ամեն օր շեփոր նվագելու, բայց հարևան-դրկիցների անդորրը չխաթարելու համար Աշոտը ստիպված է եղել ձայնամեկուսացնել իր համեստ կացարանի հյուրասենյակը՝ դարձնելով այն գրեթե ձայնամեկուսիչ:
Ահա հենց այս հյուրասենյակից էլ, իսկ ավելի ճիշտ՝ ձայնագրման ստուդիա հիշեցնող տարածքից, 25 տարի անց լեգենդար Աշոտը կրկին շեփորում է հին ու հաղթական մեղեդին՝ Անկախության ոչ պաշտոնական խորհրդանիշը…