ԱՄՆ-ի և Ուկրաինայի տղամարդկանց հավաքականները շախմատային օլիմպիադայի առաջատարներն են
Շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադայի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած 9-րդ տուրում, տղամարդկանց մրցաշարում կենտրոնական էին Ուկրաինա-Հնդկաստան, ԱՄՆ-Նորվեգիա և Ադրբեջան-Ռուսաստան մրցախաղերը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Ուկրաինայի հավաքականը կարողացավ 2,5-1,5 հաշվով առավելության հասնել Հնդկաստանի նկատմամբ. որոշիչ դարձավ Անտոն Կոլոբովի հաղթանակը Սետուրամանի նկատմամբ: ԱՄՆ-ի հավաքականը առանց դժվարության հաղթանակի հասավ Նորվեգիայի նկատմամբ, որը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, իսկ Ռուսաստանը 3-1 հաշվով հաղթեց Ադրբեջանին:
Այպիսով մրցաշարային աղյուսակը գլխավորում են 16-ական միավոր վաստակած ԱՄՆ-ի և Ուկրաինայի հավաքականները, իսկ Ռուսաստանը, որն իր ակտիվում գրանցել է 15 միավոր, ընթանում է 3-րդ հորիզոնականում:
10-րդ տուրում կենտրոնական են լինելու Վրաստան-ԱՄՆ, Չեխիա – Ուկրաինա և Հնդկաստան-Ռուսաստան մրցախաղերը:
Կանանց մրցաշարի 9-րդ տուրում կենտրոնական էր ԱՄՆ-Չինաստան մրցախաղը, որն ավարտվեց Չինաստանի հաղթանակով: Մրցախաղում որոշիչ դարձավ Յու Վենյունի հաղթանակը Նազի Պայկիձեի նկատմամբ: Լեհաստանի հավաքականը կարողացավ հեշտությամբ հաղթել Իսրայելի հավաքականին. մրցախաղն ավարտվեց 3,5-0,5 հաշվով: Ռուսաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Վիետնամին, իսկ Ուկրաինան 3,5-0,5 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Չինաստանի ընտրանին, որը վաստակել է 16 միավոր: Լեհաստանն իր ակտիվում գրանցել է 15 միավոր և ընթան ում է 2-րդ հորիզոնականում, իսկ Ուկրաինայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի հավաքականները վաստակել են 14-ական միավոր և կիսում են 3-6-րդ հորիզոնականները:
10-րդ տուրի կենտրոնական հանդիպումն է լինելու Չինաստան-Լեհաստան մրցախաղը: