«Ավելի կարևոր է, որ համայնքից թեկուզ մեկ հայ պատգամավոր ներկայացված լինի, բայց ավելի ակտիվ լինի». Ալիկ Էրոյանց
Հարցազրույց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ
– Պարոն Էրոյանց, այս տարվա հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները մեզ համար ի՞նչ կարևորություն ունեն ու ինչո՞վ կտարբերվեն նախորդներից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված քաղաքական վիճակը, Վրաստանի տնտեսական վիճակը և այլ գործոններ։
– Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Վրաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է՝ իր տարանցիկության առումով, եթե որպես դեպի Հյուսիս ցամաքային ճանապարհ դիտարկենք։ Մյուս կողմից էլ՝ Հարավկովկասյան տարածաշրջանում որպես անմիջական հարևան, բարեկամ և բնական դաշնակից, որին կարող ենք ինչ-որ չափով նույնացնել Իրանի հետ, քանի որ իր երկու հարևանների հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, և այդ երկու հարևանները շարունակում են վարել Հայաստանին մեկուսացնելու քաղաքականություն։ Այս առումով, իհարկե, Վրաստանը մեզ համար շատ կարևոր է։ Այդ կարևորության մեջ պետք է դիտարկենք Վրաստանի ներքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ ընտրությունները։ Ինչ վերաբերում է խորհրդարանական այս ընտրությունների և նախորդ՝ 2012թ. ընտրությունների տարբերությանը, ապա մասնակից քաղաքական ուժերի առումով տարբերությունն այն է, որ այն ժամանակ որպես իշխանական ուժ՝ հանդես էր գալիս այսօրվա ընդդիմությունը՝ Սահակաշվիլիի հիմնադրած «Ազգային շարժումը», իսկ 2012թ. հիմնական ուժ հանդիսացող ընդդիմությունն այսօրվա գործող իշխանությունն է՝ «Վրացական երազանքը», որը միասնական չի մասնակցում։
Այսօր վերջնաժամկետն է, ու ամբողջ պատկերը կունենանք։ Այլ ուժեր էլ են միավորվել, որոնք բնութագրվում են՝ որպես պրոռուսական։ Այսինքն՝ եթե նախկինում հիմնականում պրոարևմտյան ուժերն էին մասնակցում ընտրություններին, ապա հիմա չասենք՝ ուղիղ պրոռուսական, ապա ավելի հակված Ռուսաստանին։ Այդ ուժերից կարող ենք առանձնացնել Բուրջանաձեի կուսակցությունը, որն ակտիվ համագործակցում է Մոսկվայի ներկայացուցիչների հետ, ինչը, ընդհանուր առմամբ, դժգոհություն է առաջացնում վրաց հասարակության շրջանում, քանի որ գիտենք, թե վերջին տասնամյակում ինչքան հետ մղվեց ռուսամետությունն այդ երկրում, ու պրոարևմտյան քաղաքականություն վարող իշխանությունների շնորհիվ՝ հասարակության մեջ ձևավորվեց հակառուսական դիրքորոշում։
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հնարավորություններին և հայկական համայնքի համար դրանց նշանակությանը, ապա կարող եմ ասել, որ հիմնական հավակնորդն այժմ էլ «Վրացական երազանքն» ու «Ազգային շարժումն» են, ուղղակի, ինչպես նշեցի՝ հակառակ թևերում են։
Եթե գնահատելու լինենք այսօրվա իրավիճակով, կարծում եմ՝ խորհրդարանի կազմում լուրջ փոփոխություններ չեն լինելու՝ կոնկրետ այդ ուժերի ձայների բաշխման առումով, քանի որ ոչ շատ լուրջ հեղինակություն են ստեղծել իրենց համար գործող իշխանությունները, և արդեն իսկ հեղինակազրկված եղել է «Միացյալ ազգային շարժումը»։ Հասարակությունը դեռ հիշում է նախորդ իշխանությունների վարած ճնշողական քաղաքականությունը։
– Այսինքն՝ «Վրացական երազանք» կուսակցության հաղթելու շանսերը մեծ են, ու այն, որ սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով բնակչությունը դժգոհ է իշխող քաղաքական կոալիցիայից, չի նշանակում, որ նախապատվությունը կտան ընդդիմությանը։
– Այսօրվա դրությամբ, այո, իրենց շանսերն ավելի մեծ են։ Այնքան մեծ չէ գործող իշխանությունների վարկանիշը, որքան ցածր է ընդդիմության վարկանիշը։ Չկա այդքան լուրջ հնարավորությունների հավակնող ընդդիմություն։ Լուրջ ասելով՝ նկատի ունեմ, որ գան ու մեծամասնություն դառնան պառլամենտում։ Իսկ ընդհանուր առմամբ, քարոզարշավի ընթացքում ինչ-որ բան կարող է փոխվել։
«Վրացական երազանքն» իշխանություն է, վարչական լծակներ, ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ ունի, Իվանաշվիլիի մասնակցությունը կա՝ որպես հովանավոր, ինչ-որ չափով, այո, նա մասնակցում է հենց իր կողմից ստեղծված քաղաքական ուժի քաղաքականությանը։ Ինչ վերաբերում է հայերին առնչվող խնդիրներին, ապա, եթե համեմատելու լինենք նախկինի հետ՝ առաջ էլ եմ ասել, որ նախորդ ժամանակաշրջանից տարբերվում է այն առումով, որ նախկին իշխանությունները, հատկապես Ջավախքում, խիստ քաղաքականություն էին վարում։ Գիտեք՝ ակտիվ քաղաքական գործիչներն էին ձերբակալվում, իսկ հիմա այդ լարվածությունը թուլացել է։ Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական իրավիճակին, ապա այսօր ողջ Վրաստանի համար է տնտեսական ծանր վիճակ։ Վերջին տարիներին արտաքին ազդեցության պայմաններում Վրաստանը ևս լրջորեն տուժեց՝ ազգային արժույթի արժեզրկում, տրանսֆերտների կրճատում։ Վերջին ամիսներին տնտեսությունը կարծես սկսում է ոտքի կանգնել, ու այս ընտրությունների ֆոնին իշխանություններն էլ կփորձեն որոշակի քայլեր իրականացնել, որպեսզի իրավիճակը բարելավվի։
– Վրաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո այդ երկրի ընտրաշրջաններն ընդլայնվել են, ինչի հետևանքով՝ հայաբնակ երկու շրջանները` Ախալքալաքն ու Նինոծմինդան, միավորվել են մեկ ընտրատարածքում. Սամցխե-Ջավախեթիի հայկական համայնքը նոր խորհրդարանում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ, որն ընտրվելու է մեծամասնական կարգով։ Սա դժգոհություններ չի՞ առաջացրել Վրաստանի հայկական համայնքում։ Այս ընտրություններին ազգությամբ հայ պատգամավորներ մասնակցո՞ւմ են, խորհրդարանում ընդգրկվելու շանսեր ունե՞ն։
– Ձեր նշած հանգամանքը, բնական է, որ պետք է դժգոհություն առաջացնի, և այդ գժգոհությունը պետք է արտահայտվի տարբեր մակարդակներում։ Այսինքն՝ իշխանությունները պետք է հասկանան, թե իրենք ինչ քայլեր են անում, որպեսզի շահագրգիռ կողմը կարողանա տեղ հասցնել իր բողոքը։ Այդ առումով կարող եմ ասել՝ «Վրացական երազանքը» հայտարարեց, որ, եթե Նինոծմինդայում ու Ախալքալաքում մեկ թեկնածու է լինելու, իրենք խոսք էին տվել, որ կընդգրկեն իրենց համամասնական ցուցակում, և այնպիսի տեղերում, որ այդ թիվը կարողանան պահպանել խորհրդարանում։ Ընտրությունների վերջնարդյունքում մենք կտեսնենք այդ թիվն ու կկարողանանք համեմատել՝ նվազե՚՞լ է, թե՞ շատացել։
Եթե իմ կարծիքն ասեմ, ապա բնական է՝ որքան շատ լինեն հայազգի պատգամավորներ, դա միայն օգուտ է համայնքին, բայց ավելի կարևոր է, որ թեկուզ մեկ պատգամավոր ներկայացված լինի, սակայն ավելի ակտիվ լինի ու ավելի հաճախ անդրադառնա հայապահպանությանը, պառլամենտում բարձրացնի հայերին առնչվող խնդիրները, քան լինի 5-10 պատգամավոր, բայց իրենց ձայնը չբարձրացնեն տարբեր խնդիրների առնչությամբ։ Եղել են ազգությամբ վրացի պատգամավորներ, որոնք հայանպաստ դիրքորոշումներ են արտահայտել պառլամենտում։ Եղել են նաև հայազգի պատգամավորներ, որոնք ընդհանրապես ոչ մի խնդիր չեն բարձրացրել։
– Վրաստանի վարչապետի այցը Հայաստան Դուք որակել էիք՝ հերթական կայծ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման համար։ Հայ-վրացական հարաբերություններում ի՞նչ դրական տեղաշարժեր եք տեսնում։
– Նախկինում՝ Սահակաշվիլիի իշխանության ժամանակ, նման փոխայցերն ավելի պասիվ բնույթ էին կրում, ու բնական է, որ այդ ֆոնին շատ ու շատ հարցեր չէին լուծվում։ Վրաստանի քաղաքականությունն էլ այն ժամանակ այլ էր. ավելի ազդեցիկ էին պրոթուրքական, պրոադրբեջանական մոտեցումները։ Քանի որ այսօր իրավիճակը փոխվել է, ու իշխանությունները ձեռնամուխ են եղել հարևանների հետ հավասարակշռած քաղաքականություն վարելուն, այդ առումով հայկական կողմը պետք է օգտագործի հնարավորությունները։ Կարծում եմ՝ վերջին տարիներին դա ստացվում է, որովհետև կոնկրետ փոխայցելությունների ժամանակ ձեռք են բերվել այնպիսի պայմանավորվածություններ կամ այնպիսի հարցերի է հաջողվել լուծում տալ, որ նախկինում նման դեպքերն ավելի քիչ էին։ Օրինակ՝ Լարսի հետ կապված խնդիրները նույնիսկ հեռախոսազանգով հնարավոր եղավ լուծել, նախկինում նման դեպքեր, իհարկե, չկային։ Հիշենք «Հայ-վրացական կամուրջի» մասին պայմանավորվածությունը, որը պետք է շուտով գործարկվի և 2018թ. ավարտվի, և որը շատ կարևոր է ընդհանուր սահման ունեցող հարևանների համար, քանի որ որոշ սեզոնների խցանումներ էին լինում, ինչը խանգարում էր ոչ միայն՝ զբոսաշրջիկների տեղաշարժին, այլ նաև բեռների տեղափոխմանը։ Այսինքն՝ այդ հարցին ևս փորձում են լուծում տալ հենց երկխոսության միջոցով։
Եթե հայ-վրացական հարաբերությունները չլինեին այնպիսին, ինչպիսին այսօր է, ապա նման նախագծեր դժվար թե իրականացվեին։ Համագործակցության մակարդակը բարձր է, ուղղակի առկա ռեսուրսը պետք է միշտ ավելի ամբողջական օգտագործել ու հասնել առավելագույնի։ Նույն «Հյուսիս-Հարավ» մայրուղու (որի շինարարությունը, որ այդպես երկար ձգվում է, ու ավարտն էլ չի երևում) գործարկումը ավելի կամրացնի ոչ միայն հայ-վրացական կապերը, այլև Իրանի հետ հարաբերությունները։