«Հայաստանին քաշում են շատ վտանգավոր ծուղակ, որից դուրս գալը վտանգավոր է լինելու և գրեթե անհնար. հանդիպման բովանդակությունը լինելու է ոչնչի մասին». Գրիգոր Բալասանյան

Կառավարությունից հաստատել են, որ առաջիկա ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Միացյալ Նահանգներ, որտեղ Ալիևի հետ միասին հանդիպելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ըստ Կառավարության հաղորդագրության, Վաշինգտոնում Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

Ամերիկյան The Washington Post-ն էլ գրել էր, որ  Թրամփի հետ հանդիպման ժամանակ հնարավոր է հայտարարվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։

Ավելի վաղ «Թուրան» գործակալության՝ Պետդեպում պաշտոնական թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն էր հայտնել իր X-ում, որ ուրբաթ օրը տեղի է ունենալու այս հանդիպումը։

Կարդացեք նաև

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ եթե այս հանդիպման հետ կապված ամերիկյան լրատվամիջոցների 3-օրյա տարածած տեղեկատվությունը մոնիթորինգ արվի, ապա կստացվի, որ առաջին օրվա տարածած հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանն ու Ալիևը մեկնելու են Վաշինգտոն, որտեղ վերջնականապես կստորագրվի «Խաղաղության պայմանագիրը» և կարտապատվիրակվի «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Այսօր եմ նայել ամերիկյան մամուլը, այնտեղ շատ հետաքրքիր կերպով տերմինների փոփոխություն է տեղի ունեցել։ Խոսքը վերաբերում է ոչ թե «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, այլ խաղաղության հասնելու վերաբերյալ մտադրության մասին հուշագրի ստորագրմանը։ Ըստ էության, սա տարբեր բան է, և նման մտադրության մասին հուշագիր Փաշինյանը և Ալիևը, որ մայրաքաղաքում հանդիպել են, նման մի բան ստորագրել են։

Այսինքն՝ սա որևէ բան ըստ էության չի տալու։ Շատ զարմանալի է, բայց կարծում եմ՝ տերմինների փոփոխությունը պատահական չէ, ամեն դեպքում ինչ-որ զգուշացումներ կամ զանգեր եղել են, նաև Թրամփին է փոխանցվել դիվանագիտական խողովակներով, որպեսզի հետ կանգնեն «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նման ճոխ բառապաշարից և այդ պայմանագիրը ստորագրելու մտադրությունից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Բալասանյանը։

Միջազգայնագետի կարծիքով՝ այս անգամ էլ Վաշինգտոնում պարզապես ականատես կլինենք ուղղակի մտադրությունների մասին հուշագրի ստորագրման, կամ գուցե որևէ բան էլ չստորագրվի։ Ավելին՝ կողմերը հերթական անգամ կհայտարարեն, որ խաղաղություն, «Խաղաղության խաչմերուկ» են կառուցում, և այլն։ Ըստ Գրիգոր Բալասանյանի, այս անգամ մամուլի ասուլիս ևս չի լինի, ինչպես եղավ արտգործնախարարների մակարդակով, երբ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները 4 օրով մեկնեցին Վաշինգտոն, որտեղ 4 օր անցկացնելուց հետո անգամ մամուլի ասուլիս չհրավիրվեց։

«Այս հանդիպումը ևս այդ շարքից է, ընդամենը Թրամփի իմիջի համար է, որպեսզի ցույց տա, որ ամեն դեպքում խաղաղություն բերող նախագահ է։ Նաև ցույց տալու, թե՝ տեսեք, ոչ ոք չկարողացավ նման բան ստորագրել, ինքը կարողացավ, մինչդեռ հանդիպման բովանդակությունը լինելու է ոչնչի մասին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Գրիգոր Բալասանյանը նաև շեշտեց՝ հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագրի» ստորագրման և կողմերի միջև խաղաղության հաստատման հարցում ԱՄՆ նախագահը կոմպետենտ չէ, նա նույնիսկ «Հայաստանն ու Ադրբեջանն է մեծ դժվարությամբ տարբերում իրարից, ուր մնաց թե՝ կարողանա խորամուխ լինել խնդրին ու փորձի խնդրի կարգավորման հրաշք տարբերակ առաջարկել», ինչպես նա սիրում է կրկնել։

«ԱՄՆ նախագահը բացառապես առաջնորդվում է ԱՄՆ-Իսրայել շահով, «Զանգեզուրի միջանցքի» վերապատվիրակման հետ կապված հարցերով։ Իրենց օդ ու ջրի նման պետք է դուրս գալ հայ-իրանական սահման և հսկողություն սահմանել այս սահմանի վրա։

Մարդասիրական տարբեր և այլ նկատառումներից ելնելով՝ բերել ու տեղակայել ամերիկյան և իսրայելական հետախուզական ներկայացուցիչների՝ իրենց համապատասխան տեխնիկայով՝ Իրանի հյուսիս-արևմուտքը հսկելու համար։ Դրանից հետո գործի կդնեն Իրանի վրա հարձակվելու իրենց նոր պլանը, իսկ այն, որ Իրանի վրա հարձակվելու են, դա, կարծում եմ՝ բոլորիս համար ակնհայտ է։

Հիմա ընթանում է Իրանի վրա հարձակման դիվանագիտական նախապատրաստությունը, բայց որպեսզի դա չխրտնեցնի տարածաշրջանի ժողովրդին, հատկապես հայերի մոտ մտահոգություններ չառաջացնի, այդպես են անում, և Ադրբեջանը վաղուց արդեն այդ խաղի մաս է կազմում։ Այդ մասին, նորից եմ ասում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրապարակեց մի տեսանյութ, որ Խոդաֆերինի կամրջի մոտ Իսրայելը մեծ օդանավակայան է կառուցել, որն ընդունակ է ընդունել ծանր ռազմատեխնիկա։ Որպեսզի Հայաստանին ներքաշեն այդ խաղի մեջ, պետք է դա անեն խաղաղության, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու կոնտեքստում, ամերիկյան խնդրանքը չմերժելու անհրաժեշտությամբ։

Իրականությունը բոլորովին այլ է՝ մեզ քաշում են ծուղակ և շատ վտանգավոր ծուղակ, որից դուրս գալը վտանգավոր է լինելու և գրեթե անհնար»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս