Հայաստանում ապրելու գինը

Ինչու են մարդիկ արտագաղթում Հայաստանից, իսկ նրանք, ովքեր չեն կարողանում արտագաղթել, ցանկանում են արտագաղթել։ Այս և արտագաղթի հետ կապված բազմաթիվ հարցեր չունեն հիմնավոր, մասնագիտական, օբյեկտիվ պատասխաններ։

Արտագաղթն ուսումնասիրված չէ գիտականորեն, մասնագիտորեն, հասարակագիտորեն ու տնտեսագիտաբար, քաղաքագիտորեն ու սոցիոլոգիապես։ Ու քանի որ Հայաստանում չկան ուսումնասիրություններ, կա տարածված կարծիք, որ մարդիկ արտագաղթում են առավելապես սոցիալական պատճառներով, վատ ներկայից փախչելու համար ու լավ ապրելու՝ հացի խնդրի իմաստով՝ լավ ապրելու ապագայի փնտրտուքով։ Բայց դա եթե սխալ կարծիք չէ, ապա առնվազն ճշմարտությունը շատ հարաբերականորեն արտահայտող տեսակետ է, որը պարզունակացնում է խնդիրը՝ արտագաղթի թեման հասցնելով քաբաբի ու «Մաքդոնալդսի» միջև երկընտրանքի։

Մինչդեռ Հայաստանից արտագաղթում են ոչ միայն աղքատներն ու սոցիալապես անապահովները, այլև հարուստներն ու սոցիալապես չափազանց ապահովվածները։ Սոցիալական խնդիրները, վատ տնտեսական վիճակն իրականում այն շղարշներն են, որոնցով պատված են արտագաղթի հիմնական, ավելի խորքային պատճառները։ Այն պատճառները, որոնք ստիպում են Հայաստանից հեռանալ ոչ միայն «Մաքդոնալդսի» հետևից գնացողներին, այլև անգամ նրանց, ովքեր կարող են «Մաքդոնալդսը» բերել Հայաստան։

Իրականում սոցիալական վիճակն արտագաղթի մղող ոչ միայն՝ առաջնային պատճառը չէ, այլև՝ գուցե ամենավերջիններից մեկն է։ Բայց դա շատ հարմար ու անշառ պատճառ է իշխանությունների համար, որոնք կարող են արտագաղթողներին անգամ մեղադրել հայրենիքի շենացման տեսլականը կուշտ կյանքի հետ փոխարինելու հայրենադավության մեջ։

Հարմար պատճառ է, որովհետև թույլ չի տալիս մտածելու այն մյուս պատճառների մասին, որոնք անգամ ամենահարուստ պաշտոնյային են ստիպում մտածել արտագաղթի մասին։ Բայց այդ՝ ամենահարուստ պաշտոնյան՝ ունենալով ամեն ինչ, չունի սեփական կյանքի մասին որոշումներ կայացնելու ինքնուրույնություն։ Որովհետև սեփական գերբարեկեցիկ ներկան, հնարավոր է՝ ունի շատ կեղտոտ քրեական անցյալ, իսկ նման տեսակի անցյալն էլ՝ ապագայում բացահայտվելու սովորություն ունի։ Անկախ գտնվելու վայրից։

Ուստի պաշտոնյան այդ հարուստ շարունակում է հարստանալ՝ կրելով այնպիսի վնասներ, որոնք դրամային, դոլարային ու անգամ ֆունտ-ստեռլինգային չափման չեն ենթարկվում։
Հայաստանում հանրային, քաղաքական կյանքը, առավել ևս՝ իշխանական ու պետական կառավարման համակարգը, կառուցված է ստորացման, նվաստացման անտեսանելի սկզբունքի հիման վրա։ Նվաստացնում ու նվաստանում են գրեթե բոլորը՝ կախված սոցիալական, քաղաքական ու իշխանական համակարգում զբաղեցրած աստիճանի բարձրությունից։

Նվաստացվելով ավելի վերևում գտնվողից՝ նվաստացնում են ավելի ներքևում գտնվողին, վերջինս՝ իրենից ցածրին, ցածրը՝ ավելի ցածրին։ Համակարգն այդպիսին է, որովհետև, մեծ հաշվով, այդպիսին է պետությունը՝ պետությունների ընտանիքում՝ աշխարհում։

Սեփական երկրում նվաստացնելու ու ստորացնելու իրավունքը պահպանելու համար իշխանությունը ստիպված է լինում նվաստանալ հյուսիսում, հարավում, արևելքում կամ արևմուտքում գտնվողների առաջ։ Նվաստացնողի մենաշնորհը, այդուամենայնիվ պատկանում է հյուսիսում գտնվողին, իհարկե։

Նվաստացմանը հիերարխիան գործում է այն սկզբունքով, որը հոգեբանության մեջ կոչվում է փոխադրում։ Այսինքն՝ նվաստացվողն իր ստորացումը փոխարինում է իրենից ավելի ցածրին նվաստացնելով, ինչը կրկին, հոգեբանական հիմնավորմամբ, ստեղծում է նվաստացումից ձերբազատվելու պատրանք։ Հենց այդ պատրանքում է ապրում Հայաստանը, որին ժամանակին նախագահ Սերժ Սարգսյանը տվել է «գաղջ մթնոլորտ» անվանումը։

Համակարգում գտնվողների, պաշտոնյաների ու պետական ծառայողների, կուսակցականների ու անկուսակցական ուժայինների, բոլոր մյուսների պարագայում նվաստացումն ավելի առարկայական է և արտահայտվում է ավելի տեսանելի դրսևորումներով, քան մյուսների՝ համակարգում չգտնվողների, բնակչության մեծամասնության համար։ Այս՝ երկրորդ խմբի դեպքում նվաստացումը պակաս շոշափելի է, սակայն հնարավոր է՝ ավելի խորքային։ Որովհետև երբ մարդը հայտնվում է ընտրության առաջ՝ լինել կուշտ, բայց հանրապետական, կամ չլինել կուշտ, բայց լինել Սասնա ծուռ, որպեսզի մտածողների ուղեղում ու կարծիքներում չլինի հանրապետական, ահա այդ մարդը ինքնանվաստանում է ու ինքնաստորացվում է։

Որովհետև շարունակում է ապրել նույն այդ միջավայրում ու ընդհանուր առմամբ կրել հարմարվողի, կոնյունկտուրային տուրք տվողի ոչ այնքան բարոյական պիտակը, որը ներքին պիտակ է, ոչ մեկի կողմից ճակատին չփակցվող պիտակ է։ Բայց ոչ մեկի կողմից փակցված չլինելով՝ ստորացնող պիտակ է, եթե մարդն ապրում է ոչ թե հիերարխիկ նվաստացողի կարգավիճակ, այլ արժանապատվություն ունենալու մղումով։

Նվաստացումը, տևական, հաճախ նույնիսկ չգիտակցված նվաստացումը ծնում է չարություն, վրեժի ցանկություն։ Անհատական մակարդակում արտահայտվող այդ երևույթները հանրային հարթությունում ծնում են այն ատելությունը, որում ապրում ենք բոլորս։ Նվաստացնող ու նվաստացող անհատներից բաղկացած հանրությունը մարդուն դարձնում է հակամարդ, որը պատրաստ է ամեն ինչ անել դիմացինին՝ հերթական նվաստացումից խուսախելու համար։

Նվաստացման այս շրջանը փակ շրջան է, որը ներառում է անգամ նրանց, ովքեր իրենց կարծիքով՝ դուրս են գտնվում և՛ նվաստացնողների, և՛ նվաստացվողների համակարգից։ Որովհետև անգամ այդ՝ տվյալ համակարգից անվանապես դուրս գտնվողները ստիպված են լինում ընտրություն կատարել՝ իրենց երեխային մա՞րդ, թե՞ հակամարդ դաստիարակելու անելանելի թվացող երկընտրանքում։ Ընտրություն կատարել՝ հասկանալով, որ մարդ դառնալու դեպքում երեխան դառնալու է ատելության ու ստորացման զոհ, իսկ մյուս պարագայում՝ ստանալու է շարքային կամ բարձրաստիճան նվաստաց(ն)ողի կարգավիճակ։ Դա նվաստացնող ընտրություն է, դա այն գինն է, որը մարդը վճարում է հայրենիքը սիրելու ու հայրենիքում ապրելու ու հայրենիքից չարտագաղթելու համար։ Դեռևս չարտագաղթելու։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս