«Հայտարարվում էր պահանջներից հրաժարվելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու մասին, սակայն ոչ մի գործ չի կարճվել». Նիկոլայ Բաղդասարյան. «Փաստինֆո»
Անհրաժեշտ է, որպեսզի կազմվի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիներից, ինչպես նաև հայաստանյան մասնագետներից ու լրագրողներից կազմված հանձնաժողով, որը Երևանում հուլիսյան դեպքերի վերաբերյալ արձանագրություն կկազմի ու եզրակացությամբ հանդես կգա: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ «Իրավական արձագանք հուլիսյան ճգնաժամի հետևանքով տեղի ունեցած կալանավորումներին» թեմայի շուրջ «Հոդված 3» ակումբում լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը լրագրողների ուշադրությունը հրավիրվեց այն հանգամանքի վրա, որ թեև ավելի վաղ հայտարարվում էր իր պահանջներից հրաժարված ու պատանդին կամովին ազատ արձակած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին, սակայն առայժմ որևէ գործ չի կարճվել:
Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի՝ Պատանդ վերցնելը, 4-րդ մասում բառացիորեն ամրագրված է՝ իր պահանջներից հրաժարված ու պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: Նույնաբովանդակ դրույթ կա նաև ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կապ միջոցներ զավթելը, 4-րդ մասում՝ իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Փաստաբանը պարզաբանեց, որ եթե կարճվի շենք գրավելու մեղադրանքով գործը, ապա պետք է կարճվեն նաև օժանդակողների գործերը, որոնք պատահականորեն են հայտնվել գործում՝ մի զանգի համար՝ այդպիսիք գործում, Ն.Բաղդասարյանի հաշվարկով, 30-35 հոգի են: Փաստաբանը հիշեցրեց, որ օժանդակելը նշանակում է գործուն քայլեր կատարել, իսկ հեռախոսազանգն ու հարցնելը՝ ո՞նց ես, չի կարող օժանդակություն համարվել:
Նիկոլայ Բաղդասարյանը գտնում է, որ ինքը ձեռնպահ կմնար առաջին կալանավորման որոշումների դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել, որովհետև շատ դժվար կլինի հիմնավորել հիմնավոր կասկածի բացակայությունը: ՄԻԵԴ-ը նմանատիպ գործերով մի շարք որոշումներ է ընդունել, որոնցում նշվել է, որ մեկ-երկու ամիս թույլատրելի է կալանավորման ընտրությունը:
«Իրենք չեն խորանում Քրեական օրենսգրքի մեջ, որ դա ահաբեկչություն չէ, այլ հոդվածներով նախատեսված արարքներ են, իրենք տեսնում են՝ պատանդներ են վերցվել, շենք գրավվել, դիտարկում են իրենց տեսակետից՝ ահաբեկչություն»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: