Երբ միասին են ամերիկահայը, իրանահայն ու հայաստանցին
Օգոստոսի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «3 շաբաթ Երևանում» կատակերգության պրեմիերան, որին ներկա էին ֆիլմի նկարահանող խումբն ու մեծ թվով ճանաչված հյուրեր: Ֆիլմի ցուցադրությունից առաջ բեմ բարձրացած գլխավոր դերակատարները՝ Հրանտ Թոխատյանը, Վահե Բերբերյանը և Վահիկ Փիրհամզեին, նշեցին, որ այս ֆիլմը պետք է խթան հանդիսանա, որ հայերը կարող են միասին ինչ-որ լավ լավ բան ստեղծել:
Նախքան ֆիլմի ցուցադրությունը կայացավ կարմիր գորգի հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ֆիլմի դերակատարները մի քանի խոսքով կիսվեցին լրագրողների հետ իրենց ակնկալիքներով և սպասումներով ֆիլմի դիտումից և, իհարկե, հադիսատեսի գնահատականով: Գլխավոր դերակատարներից Վահիկ Փիրհամզեին, ով նաև ֆիլմի պրոդյուսերն է, լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարածված մտավախությունը, թե Հայաստանում բարդ է ֆիլմ նկարահանելը, իրականում անհիմն է:
«Առաջին անգամ է, որ Երևանում ֆիլմ եմ նկարահանում: Նկարահանման հենց սկզբից ինձ ամեն կերպ համոզում էին, թե Երևանում ֆիլմ նկարելը շատ բարդ է, դժվար, պետք է զգույշ լինել… Լավ վախեցրել էին: Բայց ասեմ, որ, եթե նրանք աշխատեին Հոլիվուդում, մեծ դերասանների հետ, այդժամ նոր կիմանային, թե ո՞րն է դժվարություն ասվածը: Այստեղ նկարահանումները շատ լավ են անցել: Ֆիլմը նկարահանել ենք 33 օրում»,- նշեց Վահիկը:
Մեր հարցին, թե որքա՞ն է կազմել ֆիլմի բյուջեն, Վահիկը կատակելով պատասխանեց. «Երբ փակենք մեր բոլոր պարտքերը, կկարողանանք արդեն խոսել նաև բյուջեից»:
Իր հերթին՝ դերասանուհի Անահիտ Ավանեսյանը նշեց.
«Ես կատարում եմ Հրանտ Թոխատյանի 4-րդ կնկա դերը: Կատակում եմ իհարկե: Պարզապես նրա կնոջ դերը: Ինձ համար մեծ պատիվ էր համագործակցել նման մեծության դերասանների հետ»: Իսկ ահա Հրանտ Թոխատյանի 3-րդ կինը՝ Լուիզա Ներսիսյանը, պատմեց իր դերակատարման մասին և նշեց, որ ֆիլմում իր ամուսինն է երգիչ Արամոն:
«Այս ֆիլմն ավելի շուտ տրագիկոմեդիա է, քան կոմեդիա: Այստեղ տխությանը հաջորդում է ուրախությունը: Իմ կերպարը կին է, ում ամուսինը որոշել է մեկնել Կալիֆոռնիա: Սակայն այդ որոշումը ոչ իմ կերպարի և ոչ էլ ֆիլմում մեր երեխայի սրտով չէ»,- ասում է Լուիզան:
Ֆիլմում էպիզոդիկ դերում նկարահանված դերասան Արսեն Գրիգորյանի կերպարը լրագրող է, որին ոչ մի կերպ խոսք չի հասնում ասուլիսի ժամանակ: «Երբ սահմանափակում են լրագրողի խոսքը, նրա գլխից թռնում են բոլոր հարցերը»,- նշեց Արսենը՝ անդրադառնալով իր փոքրիկ դերին: Ի դեպ, ֆիլմը դիտելիս պարզվեց, որ պրեմիերային ներկա հյուրերի մեծամասնությունը ևս նկարահանվել է ֆիլմում՝ էպիզոդիկ դերերում, իհարկե: Ֆիլմի սկզբում՝ օդանավակայանում հայտնված գլխավոր հերոսների անձնագրերում մուտքի կնիքը դրոշմելու «իրավունքը» ստանձնել է երգիչ Թաթա Սիմոնյանը:
Վերջինս իմանալով, որ հյուրերը ժամանել են Երևան՝ ֆիլմ նկարահանելու, բացահայտ առաջարկում է իրեն ևս նկարահանել և ոչ մի դեպքում չմոռանալ: Ողջ ֆիլմի ընթացքում նա պարբերաբար «գովազդի» պես անցնում է մեր հերոսների կողքով: Անհասկանալի էր միայն, թե ինչո՞ւ է երիտասարդ Քրիստինե Պեպելյանը կտրուկ «մեծացել» և բավականին հասուն աղջկա մայր դարձել…Դե՛, իսկ ռեհան մաքրող, տխուր աչքերով նկարիչ Արամոն, ով պատրաստվում է լքել հայրենիքը, սփյուռքահայ հյուրերին շատ ակտուալ հարց է ուղղում ֆիլմում.
«Եթե այդքան լավն է Հայաստանը, ինչո՞ւ եք մնացել օտար երկրում: Եկեք, այստեղ ապրեք»: «Մի օր կգանք՝ անպայման: Բայց երբ գանք, ուզում ենք, որ Դուք էլ այստեղ լինեք»,- հնչում է ի պատասխան: Ինգա և Անուշ Արշակյաններն այստեղ ևս անբաժան են և նույն մասնագիտությանն են տիրապետում: Նրանք լրագրողներ են, ովքեր հերթ չեն տալիս մյուս լրագրողներին՝ հարց ուղղելու՝ «պրոֆեսիոնալներ»:
Ֆիլմը պատմում է Լոս Անջելեսից ժամանած երկու կինոգործչի՝ Րաֆֆիի և Արմենի մասին, ովքեր գալիս են Երևան, որպեսզի նկարահանեն ֆիլմ: Նրանք երևանցի Ռուբոյի հետ միասին սկսում են դերասաններ փնտրելու, նկարահանման հրապարակներ ուսումնասիրելու և ֆինանսավորում գտնելու դժվարին գործընթացը: Հիասքանչ թվացող գաղափարը վերածվում է անհասկանալի հանդիպումների, անսպասելի բացահայտումների և խելահեղ իրադարձությունների՝ վտանգի տակ դնելով նրանց նախագիծը:
3 ընկերները, հանուն ֆիլմի, ստիպված են լինում հանդիպել Մշակույթի նախարարին, որին մարմնավորում է դերասան Նարեկ Դուրյանը: Չկայացած գրող, նույն ինքը՝ մշակույթի նախարարը, բնականաբար, իր հովանավորության դիմաց «հայավարի» պահանջներ է ներկայացնում՝ փոխել սցենարը, որը նա, բնականաբար, նույնիսկ չի կարդացել: Դե՛, իսկ ոստիկանապետը՝ դերասան Աշոտ Ղազարյանը, ավելի հեռուն է գնում՝ սցենարը փոխելու առաջարկի հետ մեկտեղ՝ «խնդրելով» ֆիլմում որպես գլխավոր հերոս՝ նկարահանել իր թոռնիկին: Իսկ թմբլիկ թոռան մայրն է երգչուհի Շուշան Պետրոսյանը: 3 հերոսները ֆինանսավորման խնդրանքով ի վերջո հայտնվում են հղփացած մեծահարուստի տանը, ով համաձայնում է հովանավորել, միայն, եթե ֆիլմը լինի ինքնակենսագրական:
Ինչպես մեր իրականությանը ծանոթ՝ ինքնագովազդով զբաղվող հերթական մի օլիգարխ, նա ևս կարծում է, որ կիսով չափ Աստված է և արժանի է ինքնակենսագրական ֆիլմ ունենալու: Այդ ընթացքում հասցնում է բացատրել, որ արվեստագետները գրեթե ոչինչ են՝ առանց իր պես «մեծերի»: Եվ այստեղ է, որ հերոսների մոտ ինքնագնահատականը շատ ավելի թանկ գին է ունենում, քան մեծահարուստի ողջ կարողությունը: Զրկվելով հովանավոր ունենալու որևէ հնարավորությունից, նրանք դատարկ գրպանով հայտնվում են Հանրապետության հրապարակի գիշերային լուսավորության գրկում՝ իրենք իրենց պատվի հետ: Պատիվ, որը չվաճառվեց:
Հետաքրքիրն այն է, որ երեք ընկերներին մարմնավորող դերասանները հենց այն ընկերներն են, ում ջանքերով էլ ստեղծել է «3 շաբաթ Երևանում» կինոնկարը: Հրանտ Թոխատյան, Վահիկ Փիրհամզեի, Վահե Բերբերյան՝ սիրված և ճանաչված դերասաններ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում: Նախատեսվում է ֆիլմը ցուցադրել Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում և համայնքներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպես նաև հայաշատ այլ երկրներում:
Ռեժիսորներ՝ Վահե Բերբերյան և Վահիկ Փիրհամզեի
Պատմությունը՝ Նարբե Նազարյանի
Սցենարի հեղինակ՝ Վահե Բերբերյան
Օպերատոր՝ Գևորգ Սարգսյան
Պրոդյուսեր՝ Վահիկ Փիրհամզեի
Համապրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան
Դերերում՝ Հրանտ Թոխատյան, Վահիկ Փիրհամզեի, Վահե Բերբերյան, Խորեն Լևոնյան, Նարեկ Դուրյան, Աշոտ Ղազարյան, Անի Գալստյան, Նանոր Պետրոսյան, Լևոն Հարությունյան, Արմեն Համբարձումյան, Արամ Գևորգյան (Արամո), Լուիզա Ներսիսյան, Վահան Ներսիսյան, Անահիտ Ավանեսյան, Վահագն Սիմոնյան, Արա Սարգսյան, Նարինե Ալեքսանյան, Գրիգոր Բաղդասարյան, Վարուժան Մանուկյան, Սամսոն Ստեփանյան և այլք: