«Ներկայիս զարգացումներն էլ ավելի են սրում իրավիճակը Ղարաբաղի շուրջ. պատերազմական գործողությունների բռնկման վտանգը չի չեզոքացվել». Ալեքսանդր Ռար

«Ղարաբաղում պատերազմական գործողությունների բռնկման վտանգը չի չեզոքացվել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Ալեքսանդր Ռարը, մասնավորապես խոսելով առաջիկա օրերին Բաքվում կայանալիք Ադրբեջան-Ռուսաստան-Իրան «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, ապա հաջորդ օրը՝ Պուտին-Էրդողան բանակցությունների մասին, ասաց, որ տարածաշրջանն ինտեգրացիայի նոր փուլ է թևակոխում:

Սա, նրա խոսքով, կօգնի տարածաշրջանին էլ ավելի արդյունավետ համագործակցել, ինչը հնարավորություն կտա հաղթահարել նաև մարտահրավերները: Սակայն, գերմանացի վերլուծաբանի խոսքով, հայկական կողմն իրեն այնքան էլ հարմարավետ չի զգալու այս ծրագրերի իրագործման արդյունքում, քանի որ անտեսված է և քանի որ այդ ծրագրերում կենտրոնական դերակատարություն է ստանձնում Ադրբեջանը: Ադրբեջանը, նրա համոզմամբ, կարևորվում է նաև Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից: Ալեքսանդր Ռարը չի կիսում այն տեսակետները, թե Մոսկվան ստորադասելու է Երևանի շահերը՝ հաշվի առնելով իր սերտացող հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Ռարի որակմամբ՝ Հայաստանը պակաս կարևոր չէ Ռուսաստանի համար, և Ռուսաստանը բոլոր դասավորությունների պայմաններում փորձելու է պահպանել հավասարակշռությունը տարածաշրջանում՝ պահպանելով իր ներկայությունը հավասարապես Հայաստանում և Ադրբեջանում:

«Սակայն այս փոփոխությունները, չի բացառվում, որ կողմերի համար առիթ դառնան իրավիճակը ապակայունացնել համար, ինչի ականատեսը դարձանք ապրիլ ամսին: Ապրիլյան պատերազմից հետո կողմերը չեն հաջողել էական հրադադար հաստատելու հարցում, թեև երկու նախագահական մակարդակով հանդիպում կայացավ: Սակայն ես այդ պայմանավորվածությունները լուրջ չեմ համարում, քանի որ նրանք համաձայնել են ավելացնել միայն դիտորդների քանակը, իսկ դա ազդեցության էական գործոն լինել չի կարող:

Այս պատկերը նշանակում է, որ Ղարաբաղում պատերազմի բռնկման հավանականությունը շատ մեծ է՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի մեծացող դերակատարությունը տարածաշրջանում, որը նրան վստահության զգացում է շնորհելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Հայաստանում տեղի ունեցած զարգացումները ևս հույս չեն ներշնչում, թե հակամարտության թեժ փուլի մեղմման ուղղությամբ քայլեր կնախաձեռնվեն: Կարծում եմ՝ իրավիճակը դեռ շատ փխրուն է, որում բացառիկ ուշադրություն պետք է դրսևորի Արևմուտքը՝ իր ԵԱՀԿ կառույցով, քանի որ տարածաշրջանային զարգացումները սրում են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում»,- ասաց Ալեքսանդր Ռարը:

Ամփոփելով՝ նա նշեց, որ այս պահին Արևմուտքի ջանքերն այս ուղղությամբ արդյունավետ չեն թվում, քանի որ կողմերի դիրքորոշումները չափազանց բևեռացած են:

Տեսանյութեր

Լրահոս