Հայաստանի ապագան կախված է Պուտինի հեռախոսազանգից. սպասում են
Հուլիսի 8-9-ին Վարշավայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը քաղաքագիտական ու փորձագիտական գրեթե բոլոր գնահատականներով վճռորոշ նշանակություն կարող է ունենալ աշխարհի ռազմաքաղաքական իրավիճակի վրա առաջիկա առնվազն մի քանի տարիների կտրվածքով: Այդ միջոցառման շրջանակներում համապատասխան ռազմավարական ու մարտավարական որոշումներ են կայացվելու համաշխարհային բոլոր հիմնախնդիրների, մարտահրավերների ու սպառնալիքների վերաբերյալ: Դրանք առնչվելու են նաև Հայաստանին, առնվազն այնքանով, որքանով առնչվելու են մեր տարածաշրջանին՝ նոր իրողությունների պայմաններում. Իրանի նոր դեր, Թուրքիայի ոչ միանշանակ պահվածք, հարևան Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ասոցիացված անդամի կամ որևէ այլ կարգավիճակի շնորհում, և այլն, և այդպես շարունակ:
ՆԱՏՕ-ի այդ գագաթաժողովի նշանակության ու կարևորության մասին վկայող տասնյակ փաստարկներ կարելի է ներկայացնել: Ակնհայտ է, որ այն համաշխարհային ռազմաքաղաքական կարևորագույն իրադադարձություն է: Ակնհայտ է նաև, որ Հայաստանը պետք է փորձի առավելագույնս օգուտներ ստանալ այդ միջոցառումից՝ հատկապես ներկայիս՝ սպառնալիքներով լի ռազմաքաղաքական իրավիճակում: Ի՞նչ է տանելու Հայաստանը Վարշավա, և ի՞նչ է ակնկալում բերել Վարշավայից: Այս հարցերի պատասխանները տակավին անհայտ են, քանի որ անհայտ է նաև, թե ով է ներկայացնելու Հայաստանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Այդ միջոցառումը տեղի է ունենալու ընդամենը 3 օր հետո, սակայն առայժմ՝ հուլիսի 5-ի դրությամբ, դեռևս հայտնի չէ՝ ի՞նչ մակարդակով է Հայաստանը ներկայացված լինելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ մասնակցության մակարդակն ու ձևաչափը դեռ պարզ չէ»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեծահոգաբար ավելացնելով՝ «գագաթաժողովից առաջ կհայտնենք»: Այսինքն՝ կարող էին նաև չհայտնել: Բայց խնդիրը դա չէ: ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցության ձևաչափի մասին տեղեկություն հայտնի չէ նաև նախագահական նստավայրում: Նախագահի մամլո խոսնակը, ինչպես և Տիգրան Բալայանը՝ մի քանի անգամ կրկնել է նույնը՝ կտեղեկացնենք, երբ որոշվի՝ Սերժ Սարգսյանը մեկնելո՞ւ է Վարշավա, թե՞ ոչ:
Հասկանալի է, որ Հայաստանի մասնակցության ձևաչափի հարցում երկրորդ կարծիք չի կարող լինել՝ Հայաստանի շահերից է բխում գագաթաժողովին ամենաբարձր՝ նախագահի մակարդակով մասնակցությունը: Ընդ որում, հաշվի առնելով այս միջոցառման կարևորությունը, այդ որոշումը և դրան համապատասխան «հիմքերը» (ելույթներ, հայտարարություններ, հանդիպումներում քննարկվելիք հարցեր, և այլն), պետք է պատրաստված լինեին ամիսներ առաջ, դրա վրա պետք է աշխատեին Արտգործնախարարության, Պաշտպանության նախարարության, պետական մյուս կարևոր կառույցների փորձագետները:
Բայց Հայաստանում գագաթաժողովից ընդամենը 3 օր առաջ դեռ չգիտեն՝ ինչ ձևաչափով է պետությունը ներկայացված լինելու համաշխարհային քաղաքականության կարևորագույն հարթակներից մեկում: Չգիտեն, որովհետև, դժբախտաբար, Հայաստանի մասնակցության ձևաչափի մասին որոշումը, ինչպես և մնացած կարևոր որոշումները, կայացվում են ոչ թե՝ Երևանում, այլ՝ Մոսկվայում:
Մոսկվայում, բնականաբար, կարող են, մեղմ ասած, վատ վերաբերվել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին բարձր մակարդակով Հայաստանի մասնակցությանը: Դրա համար, հավանաբար, Հայաստանում դեռևս որոշում չեն կայացրել մասնակցության ձևաչափի մասին, ըստ ամենայնի՝ սպասելով Ռուսաստանի դիրքորոշմանը, որը տվյալ դեպքում հավասարազոր է որոշման: Պուտինը կամ նրա անունից որևէ մեկը գուցե վերջին պահին կզանգահարի ու կասի, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կարելի է մասնակցել նախագահի մակարդակով, հնարավոր է՝ հնչի հորդոր՝ Վարշավա ուղարկել Էդվարդ Նալբանդյանին կամ որևէ փոխնախարարի: Սա, ինչպես ասում են, կլիներ շատ ծիծաղելի, եթե չլիներ այսքան ողբերգական:
Խոսքը մի միջոցառմանը մասնակցության մասին է, որն ուղղակի և անուղղակի կերպով կարող է ազդել Հայաստանի ապագայի վրա՝ նպաստել Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացիային, վերջին հաշվով՝ Հայաստանը գոնե այս կարևոր հարթակում ներկայացնել՝ որպես ինքնիշխան միավոր ու համաշխարհային քաղաքականության մաս: Բայց այդ ամենը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդու անունը Վլադիմիր է: