«Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ մասնակցության մակարդակի ու ձևաչափի մասին կհայտնենք գագաթաժողովից առաջ». Տիգրան Բալայան
Հուլիսի 8-9-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ մասնակցության մակարդակն ու ձևաչափը դեռ պարզ չէ: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ Հայաստանի մասնակցության ձևաչափի ու մակարդակի մասին կհայտնեն գագաթաժողովից առաջ: «Այս պահի դրությամբ չեմ կարող ոչինչ ասել, բայց կարող եմ վստահեցնել, որ գագաթաժողովից առաջ կհայտնենք»,- ասաց Բալայանը:
Հիշեցնենք, որ 2014թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել էր Նյուպորտում կայացած ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում: Ավելին, այնտեղ Սերժ Սարգսյանը ելույթով էր հանդես եկել: Սակայն Նյուպորտի գագաթաժողովը Հայաստանի համար հիշվեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջամտությամբ կազմակերպված Սարգսյան-Ալիև հանդիպմամբ, դրանով իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ամերիկյան համանախագահության ակտիվության նոր փուլի մեկնարկով:
Նշենք նաև, որ 2012-ին Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանը մասնակցել էր արտաքին գործերի նախարարի մակարդակով: Այդ ժամանակ Հայաստանի նախագահը չէր մասնակցել գագաթաժողովին, ըստ որոշ տեղեկությունների՝ գագաթաժողովի հռչակագրի նախագծում ներառված մտահոգիչ ձևակերպումների պատճառով: