Թուրքիայի և Ռուսաստանի բախումը տարածաշրջանային տարբեր կետերում անխուսափելի է՝ Ղրիմից մինչև Լեռնային Ղարաբաղ և Տաշքենդից մինչև Լաթաքիա
Թուրքիա-ԵՄ փոխհարաբերությունների ապակայունացումից հետո կանխատեսելի կամ գրեթե ակնհայտ էր, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկելու Ռուսաստանի հետ լարված և հակամարտային փոխհարաբերությունները կարգավորելու համար։ Բացի այդ, բավականին խորը փոխադարձ անվստահություն կա Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում՝ կապված Սիրիական հակամարտության, Իրանի պատժամիջոցների չեզոքացման և տարաբնույթ այլ աշխարհաքաղաքական գործոնների հետ։
Բայց այս կոնտեքստում ամենևին էլ պետք չէ ենթադրել, թե Թուրքիա-Ռուսաստան փոխհարաբերությունների կայունացումը լինելու է միանգամից, իսկ կարգավորումից հետո էլ՝ երկարաժամկետ։ Ավելի քան ակնհայտ է, որ կարգավորումը բավականին բարդ և խճճված գործընթաց է, իսկ երկարաժամկետության որևէ երաշխիքներ լինել անգամ չեն կարող։ Պարզապես Թուրքիայի նախագահ Էրդողանի նամակը հատուկ մշակված ժամանակավոր քայլ էր, որը հնարավորություն կտա Անկարային վերադասավորվելու ու Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա բարդ փոխհարաբերությունների տիրույթում խուսանավելու և դրանք որոշակիորեն իր օգտին խաղարկելու համար։
Հատկապես, որ երկխոսելու և ապակայունացված հարաբերությունները կայունացնելու ուղղակի նշաններ էր ցույց տալիս նաև Ռուսաստանը։ Բացի այդ, Թուրքիան և Ռուսաստանը կապված են տնտեսական, էներգետիկ ամուր կապերով, և դրանց խաթարումը կամ կանխարգելումը լուրջ հետևանքներ կունենա երկու կողմերի համար էլ. ինչպես՝ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի, այնպես էլ՝ ԵՄ-ի հետ հակամարտող Թուրքիայի։
Այսպիսով Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերությունների կարգավորման համար կար երկու առաջնային գործոն, որոնք են.
1. Աշխարհաքաղաքական իրար հետ հակամարտող բևեռների միջև խուսանավելու՝ Թուրքիայի քաղաքականությունը։
2. Տնտեսական-էներգետիկ ամուր կապերը, որոնց որևէ կերպ խաթարումը լրջագույն մարտահրավեր է հավասարապես երկու կողմերի համար։
Եթե խնդրո առարկան փորձենք դիտարկել պատմության տեսանկյունից, ապա Ռուսաստանը գրեթե միշտ Թուրքիայի համար ունեցել է մահակի կարգավիճակ, իսկ վերջինս էլ եղել է այն պատնեշը, որը կանխարգելել է Ռուսաստանի ներթափանցումը Մերձավոր և Միջին Արևելք, ինչպես նաև՝ բացարձակ հեգեմոնիան Սև ծովում։
Բայց կողմերի փոխհարաբերություններում բնորոշ է եղել նաև Ռուսաստանի՝ Թուրքիայի համար ժամանակավոր այլընտրանքի կարգավիճակը, մասնավորապես՝ 1831-33թթ. Թուրք-եգիպտական պատերազմի ժամանակ Նիկոլայ 1-ը և ռուսական նավատորմը բառացիորեն Օսմանյան կայսրությունը փրկեցին կործանումից ու մասնատումից և, ի վերջո, Առաջին աշխարհամարտում ջախջախված, մասնատված Թուրքիան կարողացավ վերակենդանանալ և նոր շունչ առնել Խորհրդային Ռուսաստանի ֆինանսական և ռազմական օգնության միջոցով։
Վերոհիշյալ օրինակները վառ ապացույցն են այն բանի, որ Ռուսաստանն իսկապես Թուրքիայի համար պատմական տարբեր ժամանակամիջոցներում եղել է ժամանակավոր այլընտրանք։ Իսկ ժամանակավոր, քանզի կողմերի միջև երկարաժամկետ մերձեցումն անհնար է այնքանով, որ դրանք առաջին հերթին՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հակառակորդներ են։ Բացի այդ, ինչպես նշեցինք, հնարավոր այս մերձեցումն Անկարան օգտագործելու է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ փոխհարաբերությունները վերադասավորելու և Ռուսաստանի միջոցով կողմերի միջև խուսանավելու համար, ինչպես մեր նշած և այլ պատմական տարաբնույթ ժամանակաշրջաններում։
Ռուս-թուրքական գրեթե բոլոր պատերազմների ժամանակ Ռուսաստան-Թուրքիա տնտեսական գործունեությունը հիմնականում չի կանխարգելվել և բնականոն կերպով շարունակվել է, իհարկե այնքան, որքան որ հնարավոր է եղել պատերազմական իրավիճակներում։ Ներկայումս նույնպես տնտեսական գործունեությունն ամբողջապես չէր խաթարվել, իսկ Ռուսաստանի պատժամիջոցները բավականին մեղմ էին։ Այսպիսով, մերձեցումն օգտագործվելու է, առաջին հերթին՝ տնտեսական սահմանափակումները վերացնելու և եղածն էլ ընդլայնելու համար, բայց քաղաքական տեսանկյունից հակամարտությունը, թեկուզ որոշ ժամանակ՝ քողարկված և անուղղակի, բայց, այնուամենայնիվ, շարունակվելու է։
Քանզի տարածաշրջանային գրեթե բոլոր հակամարտություններում ռուս-թուրքական շահերն ուղղակիորեն բախվում են՝ ինչպես՝ Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում, այնպես էլ՝ Սև ծովում, Լեռնային Ղարաբաղում և Միջին Ասիայում։ Մասնավորապես, ինչպես նշեցինք վերևում, Ռուսաստանը Սիրիայում խաղաց մահակի իր պատմական դերը և կանխարգելեց Դամասկոսում ամբողջական վերահսկողություն սահմանելու՝ Անկարայի ձգտումները, իսկ Թուրքիան ևս մեկ անգամ այն պատնեշն էր, որը թույլ չի տալիս Մոսկվային հիմնավոր ամրապնդվել Մերձավոր և Միջին Արևելքում։
Ընդհանուր առմամբ, ռուս-թուրքական փոխհարաբերությունները բավականին բարդ են և խճճված, որոշ դեպքերում՝ նույնիսկ անհասկանալի ու անկանխատեսելի՝ կառուցված խճանկարի տրամաբանությամբ՝ բազմաթիվ գունագեղ և իրարամերժ էպիզոդների հիման վրա, բայց, մեծ հաշվով, սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ դրանք ձևավորվել, զարգացել և ներկայումս նույնպես ընթանում են հենց այս տրամաբանության շրջանակներում։
Պատմական տեսանկյունից Ռուսաստանը և Թուրքիան որոշակիորեն նույն ճակատագիրն են ունեցել, երկուսն էլ կայսրության հետնորդներ են և գերտերության կարգավիճակից արագորեն փոխակերպվել են տարածաշրջանային տերության։ Փոխակերպման գործընթացն այս բավականին բարդ է և ցավոտ, քանզի կայսերական գիտակցությունը, որպես կանոն, պահպանվում է, իսկ կայսրությունը չկա, իսկ դա հանգեցնում է լրջագույն բարդույթների։ Արդյունքում՝ ի հայտ են գալիս կորցրածը վերագտնելու և նոր որակներով հանդես գալու, երբեմն նույնիսկ՝ հիվանդագին ձգտումներ, որտեղ առաջնային պլան են մղվում ռևանշիստական տրամադրությունները։
Խորհրդային Միության փլուզումից հետո, եթե միանշանակորեն կարող ենք պնդել, որ Ռուսաստանի Դաշնությունը ռևանշիստական պետություն է, ապա Թուրքիայի դեպքում այդ բնորոշումը մի փոքր կասկածելի է, քանզի Օսմանյան կայսրության փլուզումից հետո Թուրքիայի Հանրապետությունը գոնե բացահայտ կերպով այդպիսի տրամադրություններով հանդես չի եկել։
Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Մուստաֆա Քեմալի ստեղծած հանրապետությունը լրջագույն տրանսֆորմացիայի է ենթարկվում արդեն Էրդողանի օրոք։ Մասնավորապես, Թուրքիայի ակտիվությունն Օսմանյան կայսրության նախկին տիրույթներում՝ Սիրիայում, Իրաքում, Սուննիական աշխարհում գերակա դիրքեր գրավելու Էրդողանի ձգտումները, դեռևս 1990-ական թթ. սկսած և պանթյուրքիզմի տրամաբանության շրջանակներում մեկնաբանվող ակտիվությունը Միջին Ասիայում ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ կայսերական մոտեցումներ, բայց հաճախ՝ ձախողված։
Այսպիսով, երկու պետություններում էլ կուտակվում է հսկայական էներգիա, իսկ փակ տարածության մեջ էներգիայի կուտակումը հանգեցնում է անխուսափելի էքսպանսիայի դեպի արտաքին աշխարհ, որի դրսևորման տարակերպերը բազմազան են՝ տարածքայինից՝ մինչև մշակութային։ Այսպիսի պայմաններում կասկածից դուրս է, որ թեկուզ ժամանակավոր մերձեցումների և տնտեսական լայն փոխգործակցության պայմաններում Թուրքիայի և Ռուսաստանը բախումը տարածաշրջանային տարբեր կետերում անխուսափելի է՝ Ղրիմից մինչև Լեռնային Ղարաբաղ և Տաշքենդից մինչև Լաթաքիա։
ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ