«Կախված ենք մնում լֆիկներից, պողոսներից, պետրոսներից, իսկ դա շատ վտանգավոր է տնտեսության համար»
2013-2014 թթ. Հայաստանում Փոքր և միջին ձեռնարկությունների քանակը նվազել է 1.9%-ով, իսկ վճարված հարկերն ավելացել են 2.4%-ով, 2013-2015 թթ. ՓՄՁ-ների քանակն ավելացել է 0.14%-ով, իսկ վճարված հարկերն ավելացել են 18.7%-ով: Այս ցուցանիշները բերված են ՎԶԵԲ գործարարության աջակցման կենտրոնի կողմից իրականացված ՓՄՁ հարկային դաշտի վերաբերյալ 2013-2015թթ. վերլուծության մեջ:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե հարկերի այս ավելացումն ինչի հաշվին է տեղի ունեցել: Նրա խոսքով` հարկերն ըստ հարկատեսակների առանձնացված չեն, առավել ևս՝ ՓՄՁ-ների մասով, իսկ շրջանառության հարկի ցուցանիշները 2015թ. առաջին կիսամյակի արդյունքում նվազել են:
Վերլուծության համաձայն` 58455 գերփոքր տնտեսվարողները 2015-ի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել են ակտիվ հարկատուների շուրջ 64%-ը` 2013-ի 87%-ի համեմատ: Հ.Ավագյանը նշեց, որ շատ վատ է, որ հարկային եկամուտները չեն դիվերսիֆիկացվում, միշտ 100 մլն դրամ հասույթ և մինչև 10 աշխատող ունեցող գորփոքր բիզնեսի վրա է շեշտադրում արվում. «Չենք կարողանում լուրջ հարկային եկամուտ ապահովել ու բյուջեն դիվերսիֆիկացնենք, այսինքն` կախված ենք մնում լֆիկներից, պողոսներից, պետրոսներից, իսկ դա շատ վտանգավոր է երկրի տնտեսության համար: Բայց, միևնույն ժամանակ, ՓՄՁ-ն շատ լուրջ աշխատաշուկա է ապահովում` 86%, որը սոցիալական հարց է լուծում: Կարևոր է, որ ՓՄՁ-ն ՀՆԱ-ում մեծ տեղ ունենա` ՀՆԱ-ի 40% և ավելի, սակայն մեզ մոտ 32% է, որը նույնպես խոսում է ՓՄՁ թույլ զարգացածության մասին: Մենք չենք կարողանում դիվերսիֆիկացնենք ո՛չ ՀՆԱ-ն, ո՛չ եկամուտները»:
Որպես ՓՄՁ զարգացման հիմնական խոչընդոտ՝ Հ.Ավագյանը նշեց 3 խնդիր` բիզնես շահերի պաշտպանություն, ֆինանսական ռեսուրսների անհասանելիություն և սպառման շուկա: Նրա կարծիքով` ՓՄՁ-ների համար սպառման շուկա պետք է պետությունն ապահովի պետական գնումներով, և ոչ թե՝ փոքրերին գումար տա՝ որպես աջակցություն, այլ` պատվեր: Իսկ բիզնես շահերի պաշտպանության համար, Հ.Ավագյանի խոսքով, հավանաբար մի 5 ասոցիացիա պետք է տանել-դնել յուրաքանչյուր մաքսատանը, որպեսզի առաջացած խնդիրները տեղում լուծվեն: