««Մա՛մ ջան, լավ եմ, լավ կմնաս». Երկու անգամ գրել էր՝ լավ կմնաս». Արցախում զոհված Արամայիս Միքայելյանի վերջին հաղորդագրությունը՝ մորը
Արցախում զոհված Արամայիս Միքայելյանը Ջեբրաիլում էր ծառայում։ Մարտի 31-ին Արամայիսն իջել էր դիրքերից, խոսել մոր հետ, սակայն ապրիլի 1-ին նրան կրկին դիրք էին բարձրացրել, ինչի մասին Արամայիսն իր մորը չէր ասել։ Միայն եղբորն էր ասել այդ մասին։ Ապրիլի 3-ին երեկոյան Արամայիսը հաղորդագրություն էր ուղարկել մորը՝ գրելով. «Մա՛մ ջան, լավ եմ, լավ կմնաս»։ Արամայիսը երկու անգամ էր գրել՝ լավ կմնաս։
«Ընդմիշտ բաժանումը չէի պատկերացնում»
Որդու մասին խոսելով՝ տիկին Լիլիթն ասում է՝ դեռ փոքր տարիքից որդին համեստ ու խելոք է եղել, սովորելու տարիներին փայլել է իր գիտելիքներով, համեստությամբ. «Նույնիսկ, երբ ծնողական ժողովի էի գնում, ինձ ասում էին՝ ինչո՞ւ ես եկել, Արամայիսը ոչ մի վատ բան չի անում»։ Դպրոցն ավարտելուց հետո Արամայիսն ընդունվել է «Հայբուսակ» համալսարանի իրավագիտության բաժինը, ուզում էր փաստաբան դառնալ։
«Պատմության քննությունը փայլուն հանձնեց։ Շատ սիրեց այդ մասնագիտությունը»,- ասում է Արամայիսի մայրը՝ նշելով, որ որդին քանդակագործության է գնացել. «Ձեռքի հրաշալի շնորհք ուներ։ Արագ կողմնորոշվում էր։ Երբ տանն ինչ-որ բան կոտրվում էր, կարող էի վստահ իրեն ասել։ Շատ արագ վերանորոգում էր»։
«Ասում էր՝ կգամ, հեռակա կտեղափոխվեմ, արհեստանոց կբացենք, եղբորս հետ քանդակ կանենք։ Ասում էր՝ արհեստավորը մինչև օրվա կեսն է քաղցած մնում, արհեստն էլ է պետք։ Երկու մասնագիտությունն էլ սիրում էր։ Բանակում էլ համատեղել էր ծառայությունն ու արհեստը։ Ծառայության հետ զուգահեռ՝ քանդակում էր»,- ասում է տիկին Լիլիթը՝ նշելով, որ Արամայիսը քանդակել էր նաև Հայաստանի զինանշանը, որոշել այն զորամասին թողնել, սակայն աշխատանքն այդպես էլ կիսատ է մնացել։
Դեռ փոքր ժամանակվանից Արամայիսը սիրել է փայտի հետ գործ ունենալ, մեծ սիրով հաճախել է քանդակագործության.
«Ամեն ինչ ուզում էր վերցնել այս կյանքից։ Ուզում էր ուսումնասիրել։ Միշտ ասում էր՝ գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ ապրում է դարեդար, երնեկ նրան, որ իր գործով կապրի անվերջ, անդադար։ Երբ քանդակներն անում էր, եղբորն ասում էր՝ իմացի՛ր, մարդ պիտի արժանավայել ապրի, այնպես ապրի, որ իրենից հետո լավ անուն ու համբավ թողնի։ Ասում էի՝ ինչո՞ւ ես այդպես ասում, քո ի՞նչ տարիքն է, ո՞ւր է դեռ քո կյանքը։ Ասում էր՝ չէ՛, մա՛մ, տարիքը կապ չունի, մարդ պիտի անունով մեծանա, հարգեն, սիրեն՝ որպես լավ երեխա, լավ մարդ։ Ուրախանում էր իր քանդակներով։ Պահի տակ ինչ-որ բան կարող էր այնպես չստացվել, բայց երբ իր ուզած նախշը դուրս էր գալիս կամ ստացվում էր իր ուզածով, հպարտ-հպարտ ասում էր՝ ես մեծն Արամն եմ, Արամ՝ ամեն ինչ կարամ»։
Բացի այդ, Արամայիսը նաև ռադիոդպրոցում է սովորել՝ ռադիոկապի մասնագիտությամբ։ «Համեմատում էի իր դասընկերների հետ. Արամայիսը երբեք ավելորդ ժամանակ չի ունեցել։ Նույնիսկ պահ էր գալիս, ասում էր՝ երնեկ նրանց, որ այդքան ժամանակ ունեն։ Ինքն այդ ժամանակը չուներ՝ դաս, տուն, պարապմունք, դրա հետ զուգահեռ՝ շինարարական աշխատանքներում մեզ օգնում էր։ Մեզ ամեն ինչում օգնել է։ Չգիտեմ… Ես հարմարվել էի այդ երկու տարվա բացակայությանը։ Միշտ իրար հույս էինք տալիս։ Ինքն ասում էր՝ մա՛մ, երկու տարի է, կանցնի, կգամ։ Նույնը ես էի իրեն ասում՝ բալե՛ս, համակերպվի՛ր, երկու տարի է, ժամանակավոր է, բայց այս ընդմիշտ բաժանումը ես չէի պատկերացնում։ Մի պահ չեմ հավատում։ Ինձ թվում է՝ սա իրականություն չէ, որդիս դեռ ծառայության մեջ է…»։
«Պինդ գրկեց, ասաց՝ այդպես էլ լինելու է»
Տիկին Լիլիթի խոսքով՝ որդին պատրաստակամ էր ծառայել, հետազոտությունների ընթացքում որոշակի առողջական խնդիրներ են հայտնաբերվել, սակայն Արամայիսը համակերպվել է ծառայությանը։
«Խնջույք էինք կազմակերպել։ Հետո իմացա, որ մի պահ գնացել էր, կուրսից մի աղջկա հրաժեշտ տվել»,- ասում է Արամայիսի մայրը՝ հիշելով, որ զինկոմիսարիատից որդուն ճանապարհելիս՝ գրկել է նրան. «Ասաց՝ մա՛մ, չլացես։ Ասացի՝ չեմ լացի, բալե՛ս, բայց խոստացի՛ր, որ անփորձանք գալու ես, ինձ հասնես։ Պինդ գրկեց, ասաց՝ այդպես էլ լինելու է»։
Մարտի 15-ից մինչև մարտի 31-ն Արամայիսը դիրքերում է եղել. «Զանգեց, ասաց՝ իջել ենք։ Ասացի՝ փառք Աստծո, բալե՛ս, անփորձանք իջել եք։ Ասաց՝ ամեն ինչ նորմալ է»։
Ապրիլի 1-ին օրվա կեսից Արամայիսին կրկին դիրք են բարձրացրել, սակայն նա մորն այդ մասին չի ասել. «Ապրիլի 2-ին հարսանյաց արարողության էինք հրավիրված, բայց այնքան կոտրված էի գնացել։ Այդ օրն իր հետ խոսեցի, ասացի՝ չեմ ուզում գնալ, ասաց՝ մա՛մ, դիրքերից իջել եմ։ Հարցրի՝ ճի՞շտ ես ասում։ Մի պահ լռեց, հետո ասաց՝ հա՛։ Ասացի՝ քո «հա»-ն նման չէ քո «հա»-ին, ինձ խաբում ես։ Ասաց՝ չէ՛, մա՛մ, ներքևում ենք, հանգի՛ստ եղիր, գնում եմ քանդակ անեմ»։
Ապրիլի 3-ի առավոտյան մայրը կրկին խոսել էր Արամայիսի հետ, վերջինս նաև հարսանյաց արարողությունով էր հետաքրքրվել։ «Ասաց՝ գոնե այս անգամ ժպիտո՞վ ես նկարվել, թե չէ՝ ինչ բանակ եմ գնացել, բոլոր նկարներդ տխուր են։ Ասացի՝ հա՛։ Լարված, արագ-արագ խոսեց։ Խոսեց եղբոր հետ։ Փոքր տղաս այլայլվեց։ Հարցրի՝ ի՞նչ է ասում, ասաց՝ ոչ մի բան։
Եղբորն ասել էր՝ ապրիլի 1-ին, օրվա երկրորդ կեսից ինձ նորից դիրք են բարձրացրել, մամային չասես՝ չնեղվի։ Ասել է՝ մեր դիրքի վերևի հատվածը պայթեցրել են, մենք դիրքերում ենք, ու չգիտեմ՝ ես կիջնե՞մ, թե՞ ոչ, մամային, պապային լավ կնայես»,- պատմում է Արամայիսի մայրը։
Նրա խոսքով՝ ապրիլի 3-ի երեկոյան որդու կողմից հաղորդագրություն է ստացել. «Մա՛մ ջան, լավ եմ, լավ կմնաս։ Երկու անգամ գրել էր՝ լավ կմնաս։ Ապրիլի 4-ին առավոտյան էլ լուր չունեի, զանգում էի, անհասանելի էր։ Տեղս չէի գտնում, կարծես գետինը գնար ոտքիս տակից, աշխարհը փուլ գար գլխիս։ Արամայիսն ու զոհված Արամ Աբրահամյանը միասին էին ծառայում, նույն դիրքում են եղել։ Գնացինք, իրենցից հետաքրքրվեցինք։
Եղբայրն ասաց, որ 12-ին խոսել են Արամի հետ, խնդրեցի, որ Արամի հետ կապվելու դեպքում ասեն, որ փոխանցի, որդուս հետ խոսեմ։ Սպասում էի։ Ապրիլի 5-ի լուսադեմին եղբայրս գնացել է Արցախ, որպեսզի որդուս կողքին լինի։ Հասել էր Հադրութ, զանգեց, հարցրեց երեխու զորամասի համարը, ասաց՝ Արցախում եմ։ Ասացի՝ երբ հասնես, խնդրում եմ՝ հեռախոսը տուր, խոսեմ հետը։ Ասաց՝ որ հասնեմ… Ինքն արդեն գիտեր։ Ինձ ասում էին՝ ծանր վիրավոր է։ Մինչև վերջին պահը հույսս չէի կտրում։ Թող վիրավոր լիներ… Ամեն ինչի պատրաստ էի»։
«Դիրքերում կյանքը 50/50 է»
Արամայիսի մորաքույրը՝ տիկին Լուսինեն, ասում է՝ որքան մարդկային լավ հատկանիշներ կան, խտացված էին Արամայիսի մեջ. «Շատ համեստ ու շատ բարի մարդ էր։ Բոլորին հիշում էր, տոներին շնորհավորում։ Կապ չունի՝ որտեղ լիներ, պիտի զանգեր, շնորհավորեր։ Ապրիլի 4-ին իրենից լուր չունեցանք, ասում էի՝ Լի՛լ, ապրիլի 7-ին հաստատ կզանգի։
Մարտի 31-ին դիրքերից իջել էր, ապրիլի 1-ին նորից բարձրացրել էին։ Հետո իմացանք, որ իրեն հերթական արձակուրդ էր հասել, պարզապես ինքը չհասցրեց գալ։ Եկավ, բայց հերոսացած եկավ։ Նա մեզ համար միշտ հերոս էր, մեզ համար հերոս էլ կմնա։ Պարզապես հիմա դարձավ նաև ազգի հերոսը»։ Արամայիսի մորաքրոջ խոսքով՝ քրոջ որդին բանակից զանգելիս միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է. «Մենք իրեն էինք ասում՝ բան չմնաց, մի տարին արդեն անցավ, ինքը մեզ էր ասում՝ բան չմնաց։ Ի՞նչ իմանայինք, որ այսպես է ստացվելու»։
Հուլիսի 21-ին կլրանար Արամայիսի 20-ամյակը։ Հարազատները որոշել էին Արցախ գնալ, նշել Արամայիսի ծննդյան օրը. «Ասում էի՝ Արամի՛կ ջան, պատկերացնո՞ւմ ես, ամբողջ կյանքում կհիշես այդ 20-ամյակդգ»։ Տիկին Լուսինեի խոսքով՝ Արամայիսի զոհվելու հանգամանքների վերաբերյալ հստակ տեղեկություններ չունեն, ընդամենը կցկտուր տեղեկություններ. վերջերս իմացել են, որ դիրքեր բարձրանալու կամ իջնելու ժամանակ պատահարի արդյունքում Արամայիսը, ընկերը վիրավորվել են, այդպես էլ վիրավոր բարձրացել դիրքեր։
«Դիրքերում կյանքը 50/50 է»,- ըստ տիկին Լուսինեի՝ այս խոսքն Արամայիսը եղբորն է ասել։ Արամայիսի մոր խոսքով՝ որդին խաչեր էր քանդակում, նվիրում ընկերներին, որ կրեն. «Ասում էի՝ մեկն էլ դու կրիր։ Ասում էր՝ իմ Աստվածն ինձ հետ է»: