«Մարտական գործողություններին մասնակցելը միանշանակորեն չի նշանակում առողջության խաթարում». Արտեմ Ասատրյան
ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի ներկայացրած՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը: ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց կառավարության եզրակացության նախագիծը:
Նախարարն ասաց, որ օրենքի նախագծում հստակեցման կարիք ունի «պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն» եզրույթը և խնդրո առարկան՝ ապահովագրությունը 3 տարի ժամկետով սահմանելու հանգամանքը: Ըստ նրա՝ հարկ է նկատի ունենալ, որ ապահովագրության հիմքում ընկած է ապահովագրական պատահարը՝ այն դեպքը կամ իրադարձությունը, որը տեղի ունենալու հետևանքով առաջանում է ապահովագրական գումարը ստանալու իրավունքը.
«Այնինչ, ներկայացվող նախագծում, ըստ էության, որպես ապահովագրական դեպք դիտարկվում է մարտական գործողություններին մասնակցելը, ինչն ինքնին չի կարող հատուցում ստանալու իրավունք առաջացնել: Արդյունքում` օրենքով ապահովագրական գումարը, ըստ էության, վերածվում է մարտական գործողությունների մասնակիցներին տրամադրվող դրամական նպաստների, ինչն ընդհանուր ոչինչ չունի ապահովագրության հետ»:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ խնդրո առարկա է նաև այն հանգամանքը, որ ապահովագրության իրավունքը սահմանվում է ծառայության ավարտից հետո, ինչպես նշված է հիմնավորման մեջ՝ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով ձեռք բերած առողջական խնդիրները լուծելու համար:
Ըստ նրա՝ անձը կարող է զինծառայությունն ավարտել մարտական գործողություններին մասնակցելուց շատ տարիներ անց, ինչը կասկածի տակ է դնում խնդրո առարկա գումարի արդյունավետությունը:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ մարտական գործողություններին մասնակցելը միանշանակորեն չի նշանակում առողջության խաթարում, իսկ առողջության` զինվորական ծառայության հետ կապված երկարաժամկետ խաթարման` հաշմանդամ ճանաչվելու դեպքում անձի համար սահմանված են համապատասխան երաշխիքներ:
Մասնավորապես, նրա խոսքով, այս դեպքում, զինծառայողին տրվում է ապահովագրական գումար՝ առաջին խմբի հաշմանդամներին՝ 500 000 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամներին՝ 400 000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամներին՝ 300 000 դրամ:
«Միաժամանակ, այս դեպքում անձը, զինվորական կենսաթոշակից բացի, ձեռք է բերում համապատասխան ամենամսյա պարգևավճարի իրավունք, որի չափը, ըստ հաշմանդամության խմբերի, կազմում է 55 000 դրամ, 48 000 դրամ և 36 000 դրամ»,- ասաց Արտեմ Ասատրյանը: