Հրանտ Բագրատյան. «Դա պարզապես խոսքերի բառակույտ է»
Այսօր Ազգային ժողովի նիստում մեկնարկեցին 2015 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջեի հիմնական ցուցանիշները: Ըստ նրա` 2015 թ.-ին տնտեսական աճը կազմել է 3%՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման արդյունքում իրական տնօրինվող եկամտի նվազման, ինչպես նաև՝ տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազման ազդեցությունը: Ա.Ջանջուղազյանի խոսքով` 2015 թ.-ին պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1167.7 մլրդ դրամ, որոնք 93.5%-ով ապահովել են ճշտված ծրագրի կատարումը և 2%-ով կամ 23 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա փաստացի ցուցանիշը: Փոխնախարարը նշեց, որ հարկային մուտքերը հիմնականում ապահովվել են ԱԱՀ-ի, եկամտային հարկի և շահութահարկի շնորհիվ:
Ա.Ջանջուղազյանը նշեց, որ պետական բյուջեի պակասուրդը 2015 թվականին կազմել է ՀՆԱ-ի 4.8%-ը, նախորդ տարվա 1.9%-ի համեմատ: Պակասուրդի ֆինանսավորման գերակշիռ մասը կատարվել է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավմամբ, պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.7%: 2015 թվականի արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 41.4%: ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 391.1 մլն ԱՄՆ դոլար, որից 355.9 մլն ԱՄՆ դոլարը` կառավարության, և 35.2 մլն դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով:
«Պետական պարտքը դեռևս գտնվում է ամբողջությամբ կառավարելի մակարդակում, իր մեջ ռիսկեր չի պարունակում: ՀՀ-ն գնահատվում է նվազ պարտք ունեցող երկիր»,- ասաց Ա.Ջանջուղազյանը:
Ըստ նրա` այս տարի ֆինանսական վիճակը համեմատաբար բարելավվել է, իսկ Վերահսկիչ պալատի հաշվետվությունների բնույթի փոփոխությունները նա պայմանավորեց նրանով, որ բարձրացված հարցերը գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում և բարելավում են ոչ միայն՝ ներկայացման որակը, այլև՝ բյուջեի կատարման գործընթացները:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իր գնահատականով բյուջեն չի կատարվել 10.4%-ով: Ըստ նրա` կառավարությունը նշում է արտաքին ազդակների վատ լինելը, սակայն ի՞նչն է վատ, ասվում է, որ ԵՏՄ-ի վիճակն է վատ, բայց դրա մասին հայտնի էր նաև 2014 վերջին, երբ բյուջեն հաստատվել է:
«Անընդհատ հանդիպում է ֆրազա, որ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա գնահատվում է 2.1%: Ես պնդում եմ, որ դա պարզապես խոսքերի բառակույտ է, ոչ մեկն էլ այդ 2.1-ը չի հաշվում»,- ասաց Հ.Բագրատյանը` հավելելով, որ կիրառվող մոդելներին ինքը ծանոթ է: Նա նշեց, որ հարկաբյուջետային քաղաքականությունն ընդլայնողական չի կարելի անվանել:
Հ.Բագրատյանի խոսքով` ՀԲ-ն և ԱՄՀ-ն երկրի արտաքին պարտքի գնահատականը տալիս են 3 ցուցանիշներով, որոնցից միայն մեկն է պարտք/ՀՆԱ-ն, կա նաև պարտքի սպասարկում/արտահանում հարաբերությունը, որն այսօր փորձագետների ու տնտեսագետների կողմից մեծ ուշադրության է արժանանում, և որն արդեն մոտեցել է 50%-ին, որը վտանգավոր է համարվում:
Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրեց, որ բոլոր նախատեսված ծրագրերը բյուջեի շրջանակներում իրականացված են ամբողջությամբ, և չի եղել դրամական միջոցների անբավարարությամբ պայմանավորված ծրագրի ձախողում, բայց այլ հարց է, որ բյուջեի կատարման տարբեր մասեր ունեցել են տարբեր կատարողականներ: Անբարենպաստ զարգացումներին հղումները նա պայմանավորեց հիմնական գործընկեր երկրներով: Ա.Ջանջուղազյանը համաձայնեց, որ բյուջեն հաստատվել է դեկտեմբերին, երբ արդեն մեծ անորոշություն էր, բայց դա այնքան մեծ էր, որ զարգացումների վերաբերյալ գնահատականներ չունեին:
Համաշխարհային տնտեսության զարգացումներին հղում անելը փոխնախարարը պայմանավորեց մետաղների գների անկումով, որ նշանակալի էր, նաև նշեց, որ տրանսֆերտներն են կրճատվել 30%-ով, ինչն ազդել է իրական տնօրինվող եկամտի վրա, և սա չէր կարող ազդեցություն չունենալ տնտեսության վրա: Նրա խոսքով` Բագրատյանը կարող է չհամաձայնել գնահատականներին, բայց ընդլայնողական ազդակի մասին գնահատականները մոդելների կիրառմամբ են տրվել:
Ա.Ջանջուղազյանը նշեց, որ պարտքի բեռի մասին պետական պարտքի զուտ ներկա արժեք/ՀՆԱ ցուցանիշով էլ է դատողություն արվում, և նվազ պարտքի բեռ ունեցողներ են համարվում է այն երկրները, որոնց պարտքը չի գերազանցում 48%-ը, իսկ ՀՀ-ի դեպքում այն 34% է: Ըստ նրա` կարևորվում է նաև պետական պարտքի զուտ ներկա արժեք/արտահանում ցուցանիշը, որը նույնպես նվազ է: Փոխնախարարը հուսով նշեց, որ ոչ մի հարց բաց չթողեց:
«Դուք ոչ մի հարցի չպատասխանեցիք»,- ասաց Բագրատյանը և հավելեց, որ ԵՏՄ-ում վիճակը վատ է, բայց մենք վատ ենք ինտեգրվել ԵՏՄ-ին, ու տնտեսությունը դրա պատճառով է հետ ընկել: Նա պահանջեց, որ պարտքի թվերը հաշվարկներով տրամադրեն իրեն և տան ընդլայնվող հարկաբյուջետայինի հաշվարկի օրինակներ:



