«Ադրբեջանը Հայաստանի դեմ անհաջողությամբ օգտագործեց Պուտինի խաղաքարտը»
Մեր զրուցակիցն է «Ռեգնում», «Rex» գործակալությունների սյունակագիր, ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը
– Պարոն Տարասով, ի՞նչ պետք է սպասել ԼՂ հակամարտության գոտում հետագա զարգացումներից, երբ Ադրբեջանի պաշտոնատար անձինք Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո հրաժարվում են ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնք վերաբերում են շփման գծում վերահսկողական մեխանիզմների ներդրմանը։ Ինչպե՞ս եք գնահատում հանդիպման արդյունքներն ու առաջիկա հնարավոր զարգացումները։
– Հասկանալու համար իրավիճակը՝ պետք է դիտարկել այն հայտարարությունները, որոնք եղան պաշտոնական դեմքերի կողմից։ Պաշտոնական այրերը, այդ թվում՝ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը, ՌԴ ԱԳ նախարարը, Նալբանդյանը, Մամեդյարովը, հրապարակային դիտարկումներով հանդես եկան, որոնցից պարզ դարձավ, որ կողմերը համաձայնություն են տվել վերահսկողական մեխանիզմներ ներդնելու հարցում։ Ինչպես Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերն ասաց, ամրապնդվելու և ընդլայնվելու է Կասպրչիկի առաքելությունը, ինչը նշանակում է, որ մոնիտորինգային առաքելությունն ընդլայնվելու է և ստացիոնար բնույթ է կրելու՝ հաշվի առնելով այն, որ շփման գիծը բավականին լայն է, անհրաժեշտ կլինի բավականին լայն ինստիտուտ։
ՌԴ ԱԳ ներկայացուցիչը հայտարարեց, որ խոսքը գործողությունների փուլային կատարման մասին է՝ խաղաղապահական կորպուսի հիմնադրման հնարավորությամբ։ Կա ևս մեկ բաղադրիչ, որի մասին չհիշատակվեց վերջին հանդիպումներից հետո, որը նախկինում ասվել էր Իգոր Պոպովի կողմից՝ որոշակի փուլում ԼՂՀ-ն պետք է ներգրավվի բանակցային գործընթաց, այնինչ հայկական կողմն այս հարցը դեռ չի մտցնում օրակարգ, թեև խորհրդարանում ԼՂՀ ճանաչման օրինագիծ է հայտնվել, որի քննարկումը հետաձգվել է։
– Խորհրդարանում այդ օրինագծի քննարկման կասեցումը և Սերժ Սարգսյանի մեկնումը Վիեննա պատահական չեն համարում և պնդում են, որ դա մտածված քայլ էր ՀՀ նախագահի կողմից։
– Այո, դա որոշակի հարցեր է առաջացրել։ Ամենայն հավանականությամբ, Երևանը կոմպրոմիսի գնաց ճանաչման հարցում, իսկ Ադրբեջանն իր հերթին՝ կոմպրոմիսի դիմեց և համաձայնեց մոնիտորինգային առաքելությանը շփման գծում։ Այսպիսով, հերթական հանդիպումը կլինի հունիս ամսին, այդ ընթացքում համանախագահներն իրավական հիմք պետք է նախապատրաստեն, որը կապահովի մոնիտորինգի համակարգի կայունությունը։ Կստացվի՞ նման փաստաթուղթ պատրաստել, թե՞ կլինեն կանխատեսումներ, որ Ալիևը սառեցրել է հակամարտությունը մինչև հունիսի վերջ, որովհետև հետաքրքրված է Ադրբեջանում Formula 1 մրցաշարի անցկացմամբ, դեռ հայտնի չէ։
Ադրբեջանում այդ մրցաշարի անցկացումից հետո գուցե սկսվի լարվածության նոր ալիք։ Աչքի է զարնում նաև այն, որ ադրբեջանական կողմից միանգանից հնչում են ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ երկիմաստ հայտարարություններ։ Խոսքը Նովրուզ Մամեդովի մասին է, ով հայտարարում է, որ համաձայն են մոնիտորինգին՝ առանց դիտորդների։ Նման երկիմաստ հայտարարություններ էին տարածվում նաև Մադրիդյան սկզբունքների հաստատումից հետո։
Հարցն այն է, որ ադրբեջանական դիվանագիտությունն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տապալվել է, նրանք հայտարարում են, թե հաղթանակ են տարել, բայց դիվանագիտական արդյունքներով նրանք չկարողացան ամրապնդել այդ հաղթանակը, ուստի խոսել հաղթանակի մասին անտեղի է։ Հատկանշական է նաև այն, որ Վիեննայի հայտարարությունները տեղի ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների կտրուկ ճնշումների ներքո, ակնհայտորեն՝ դա ուլտիմատումների տեսքով է եղել։
Կարելի է քննադատել, ծաղրել Ուորլիքին, Պոպովին, իսկ նախարարները հենց այնպես չեն հավաքվում, նրանք կտրուկ պայմաններ էին դրել նախագահների առջև։ Շփման գծում այս մշտական լարվածությունը, որքան էլ որ պարադոքսալ է, հարվածում է հենց Ադրբեջանին, քանի որ հարվածի տակ են հայտնվում Ադրբեջանի էներգետիկ պրոյեկտները։ Ադրբեջանը չի կարողանում իր վերջնակետին ու նպատակին հասցնել այդ պրոյեկտները, որոնց մասին լայնորեն հայտարարում է, քանի որ ոչ մի երկիր, ոչ մի կողմ աշխարհում չի ներդնելու ռեսուրսներ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական էներգետիկ պրոյեկտների համար մի գոտում, որտեղ համակարգային մարտեր են ընթանում։ Այսինքն՝ որոշ երկրների համար նավթը հարստություն է, ոմանց համար՝ աղետ։ Զարմանալի է, որ Հայաստանն աղքատ է բնական պաշարներով, բայց առավել շահավետ տնտեսական իրավիճակում է հայտնվում, քան Ադրբեջանը, որի պրոյեկտները վտանգի մեջ են այս իրավիճակում։
Ալիևին Արևմուտքը փակուղի է մտցրել, Արևմուտքը փորձում է խաղարկել տնտեսական, էներգետիկ խաղաքարտը։ Ադրբեջանն իր հերթին՝ փորձեց օգտագործել Պուտինի խաղաքարտը, հայտարարություններ արեցին, թե Պուտինը Բաքու է մեկնում, արդեն ինքնաթիռը պատրաստ է, բայց դա բլեֆ է, նրանք նաև փորձեցին Ռուսաստանի միջամտությամբ Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր շտաբի պետերի բանավոր հայտարարությանն իրավական իմաստ հաղորդել, իբրև թե 1994-1995թթ. պայմանագրերն այլևս չեն գործում, դա ևս բլեֆ էր և տեղեկատվական ծուղակ։
Մինսկի խմբի համանախագահները տանդեմով են գործում, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս իրավիճակում խոսք է գնալու Մադրիդյան թարմացված սկզբունքների իրականացման մասին, բայց հարց է՝ արդյո՞ք դա հայկական կողմին ձեռնտու է, քանի որ այնտեղ խոսք է գնում որոշ շրջանների հանձնման և Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տալու մասին։
– Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացում Ռուսաստանի դիրքերը, որը մի շարք գնահատականների համաձայն՝ կորցնում է իր առաջատարի դերը կարգավորման գործընթացում։
– Մենք տանդեմով ենք աշխատում։ Երբ Պուտինը մեկնեց Սոչի՝ ուղղաթիռի խոցումից հետո Ալիևին և Սարգսյանին հանդիպելու համար, նա ոչ մի նոր բան չասաց, նա հորդորեց գնալ խաղաղ համաձայնագրի կնքման ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։
Ադրբեջանցիները խաղարկում էինք քարտ, թե ռուսներն իրենց ծրագիրն ունեն, կա «Լավրովի պլան», բայց երբ հայկական կողմն ասաց, որ չկա նման որևէ ծրագիր, կա Կազանի փաստաթղթին վերադառնալու հարց, Պուտինը շատ ճիշտ և կիրթ իրեն դրսևորեց, հեռավորություն պահպանեց, միայն հասավ հրադադարի՝ ոչ նախագահների մակարդակում, այլ՝ շտաբի պետերի։ Իսկ հետագայում չմիջամտեց, քանի որ ռուսներն ամերիկացիների հետ միանգամից մի քանի ուղղություններով խաղաղ գործընթացների մեջ են՝ Մինսկի գործընթաց՝ Ուկրաինայի, Ժնևյան գործընթաց՝ Սիրիայի շուրջ, և շատ տարբեր այլ գործընթացներ, այդ թվում՝ Ղարաբաղ, մենք տանդեմով ենք աշխատում։ Մենք այդ տանդեմը չենք տապալելու։
– Հետաքրքրական մի հարց կա, որը գուցե պարզունակ է թվում, բայց շատ է քննարկվում ռուսական և հայկական մամուլում։ Խոսքն այն մասին է, որ Վիեննայում Լավրովը Սարգսյանի կողքին էր նստած, սա որակվում է՝ որպես դիվանագիտական ակնարկ, և այլն, և այլն։ Ի՞նչ եք կարծում հանդիպման մասնակիցների դասավորվածության մասին։
– Դիվանագիտության մեջ դրանք հատուկ և հստակ մտածված նրբություններ են։ Ռուսաստանի ԱԳ նախարարը նստել էր Հայաստանի նախագահի կողքին, քանի որ ռազմավարական գործընկերն է, Հայաստանը ԵՏՄ անդամ է, Ռուսաստանը Հայաստանի հետ ունի համաձայնեցված դիրքորոշումներ, կան տարաձայնություններ, բայց բազային բաղադրիչների հարցում Հայաստանը և Ռուսաստանը համակարծիք են։ Ադրբեջանի նախագահը նստել էր Ֆրանսիայի ներկայացուցչի կողքին, իսկ Քերին՝ որպես հաշտարար, այսինքն՝ իբրև թե թամադան, ով բաժանարարի դերում էր, բայց ոչ՝ գլխավորի։ Սա դեմոնստրացիա էր, թե ովքեր են որոշողները։
– Պարոն Տարասով, Ձեր գնահատմամբ՝ Հայաստանն ինչպե՞ս հաղթահարեց քառօրյա պատերազմն ու հետևանքները։ Ի՞նչ արդյունքներով է դուրս գալիս իրավիճակից։
– Այն, որի Սարգսյանը որոշ զինվորականների հեռացրեց իրենց պաշտոններից, նշանակում է, որ կան խնդիրներ ռազմական ոլորտում, բայց Հայաստանում խելացի մարդիկ են նստած, նրանք այդ գործընթացում հասունացել են, առաջին տարին չեն աշխատում, բոլոր նրբություններին ծանոթ են։ Ինձ ավելի շատ պարզապես ապշեցնում է Ադրբեջանի քաղաքականությունը։
Նրանք այս կողմից այն կողմ են մղվում՝ այն դեպքում, երբ Հայաստանը հետևողական քաղաքականություն է վարում։ Նրանք մեկ ցանկանում էին Թուրքիային ներգրավել կարգավորման գործընթացում, մեկ՝ Գերմանիային, Գերմանիան եկավ՝ իր սցենարն առաջ քաշեց, որը ձեռնտու չէ ադրբեջանցիներին, ադրբեջանցիներին ձեռնտու չեն ամերիկացիները, նրանք արդեն ասում են՝ բոլոր բանալիները Մոսկվայում են, իսկ Մոսկվան ասում է, որ՝ «ոչ», բանալիները Մինսկի խմբի ձեռքում են։ Այսինքն՝ բաժանել են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն ու Ղարաբաղյան գործընթացը։ Ադրբեջանական դիվանագիտությունը չկարողացավ կոնվերտացնել իր ռեսուրսները քաղաքականության մեջ, իսկ հայերը՝ չունենալով ոչինչ, կարողացան պահպանել իրենց դիրքերը։ Դա փաստ է։