ՀՀ և ՌԴ պաշտպանության ոլորտի խորհրդարանականների նիստի ինտրիգը

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստը, որ այսօր ընթանում է Երևանում, նախապես ծրագրված էր և բոլորովին պայմանավորված չէ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գոտում ստեղծված լարված իրավիճակով: Ավելին` ռուսներն այս նիստը պլանավորվել էին Թուրքիայի կողմից Ռուսաստանի ինքնաթիռը խոցելուց հետո, և դրա նպատակը պետք է լիներ առավելապես Թուրքիայի գործողությունները դատապարտելը:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ռուսներն այժմ ակամա հայտնվել են «ծուղակում»` ինչպես անել, որ չնեղացնեն իրենց ռազմավարական գործընկեր Ադրբեջանին, միաժամանակ` է՛լ ավելի չվարկաբեկվեն Հայաստանում:

Ըստ ընդունված պրակտիկայի` նման նիստերի ավարտին ընդունվում է համատեղ հայտարարություն: Դրա բացակայությունը նշանակում է, որ կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել և նիստը պարզապես տապալվել է: Այժմ այդ հայտարարության մեջ պարզապես չեն կարող տեղ չգտնել Ադրբեջանի ագրեսիան դատապարտող խիստ ձևակերպումներ, որոնց, ըստ էության, ռուսական կողմը չի կարող կողմ լինել: Այժմ ինտրիգն այն է, թե արդյոք ռուսները կգնա՞ն բացահայտ հակադրման հայերին և Հայաստանի շահին` անտեսելով ճշմարտությունը, ու կշարունակե՞ն գործել Ադրբեջանի շահերից, թե՞ այնուամենայնիվ կխիզախեն իրերը կոչել իրենց անուններով:

Նիստին, նկատենք, մասնակցում են բավականին բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինի գլխավորությամբ:

Տեսանյութեր

Լրահոս