«Մեր հովիվը կարողանում է որսորդական հրացանով ԱԹՍ վնասազերծել, զինվորը՝ նռնականետով ուղղաթիռ խոցել»
Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի համար ղարաբաղաադրբեջանական շփման գծում վերջին օրերի իրադարձություններից ցավոտ առանձնահատկություն է՝ կրկին անգամ անակնկալի գալու փաստը, թշնամու առաջին հարվածը, տեղաշարժերն ու կուտակումները չնկատելու և հարձակումն ի սկզբանե կանխելու համար պատրաստ չլինելու իրողությունը. «Եթե ժամանակին ճիշտ հակահարված լիներ, պատերազմի և ճակատամարտի ելքը բոլորովին այլ կլիներ»,- սա Գագիկ Գինոսյանի համոզմունքն է:
Գիտակցելով մեր ազգի ոգեղեն ուժը, այնուամենայնիվ, Արցախյան ազատամարտի մասնակիցն աննախադեպ է համարում այն խանդավառությունը, որ կա այս պահին մեր ազգի մեջ. «Այս օրերին նկատվող ներգաղթն արդեն իսկ խոսում է աննախադեպ համախմբվածության և վճռականության մասին՝ տեր կանգնելու սեփական հայրենիքի ճակատագրին, որի հիմնական պատճառն ու առիթը 25 տարի ի վեր հաղթանակած սերունդ դաստիարակելու շնորհն է: Այս իրավիճակը մեզ համար աննախադեպ էր նաև բացասական առումով: Մենք մեզ համար մեկ անգամ ևս բացահայտեցինք, որ սպառազինության տեսակետից մենք բազում բացեր ունենք և նման անհավասար մարտի իրավունքը մենք չունեինք: Այս պատերազմն ինչ-որ չափով նմանություն ուներ մեր պապի ժանգոտած հրացանով թնդանոթի կամ գնդացրի դեմ դուրս գալուն: Եվ եթե մենք այս օրերին կարողացանք պարտադրել մեր մոտեցումը, ապա այն այս անգամ ևս, ցավոք սրտի, կանխվեց պարտադրված հրադադարով, ինչը հարցի լուծումը մոտեցրեց 1994 թվականի ճակատագրին՝ կրկին անգամ կիսատություն մտցնելով մեր՝ հաղթողի ու խանդավառվածի տրամադրության մեջ»:
Այն, ինչ տեղի ունեցավ անցած մի քանի օրերին, ըստ բանախոսի՝ միայն տղաների գաղափարի, խանդավառության, մարտավարության ու ռազմավարության հմտության շնորհիվ էր, բայց ոչ՝ սպառազինության: Ադրբեջանական կողմի սպառազինության մակարդակն ու միաժամանակ՝ նրանց տգետ, անտեղյակ մասնագետների մասնակցությունը ոչ մի կերպ չեն հատվում իրար հետ:
Ըստ բանախոսի, նրանք հարյուրապատիկ զիջում են մարդկային ռեսուրսների ոչ թե՝ քանակով, այլ՝ որակով. «Նրանց կրակոցների ուղղությունը երբեմն նույնիսկ ծիծաղի առարկա է դառնում, և հակառակը՝ մեր հովիվը կարողանում է որսորդական հրացանով ԱԹՍ վնասազերծել, կամ զինվորը՝ նռնականետով ուղղաթիռ խոցել: Նրանք նույնիսկ այնքան տգետ են, որ իրենց չպայթած «Սմերչ»-ները գցում են մեր հողի վրա՝ թողնելով հետքեր այն մասին, որ իրոք «Սմերչ» են դուրս բերել մեր դեմ»:
168.am-ի հարցին՝ ի՞նչ է նա արդյոք մտածում մեր կողմից գրավված տարածքների կամ կորցրած դիրքերի մասին լուրերի առիթով, Գագիկ Գինոսյանը պատասխանեց. «Հուսով եմ՝ ճշմարտություն է այն, որ մեր կորցրած դիրքերը վերադարձված են, և որևէ փոփոխություն դիրքերում ունեցած մեր նախկին վիճակից չկա: Ուզում եմ հավատալ, որ այն, ինչ կար այս բլից-կրիգից առաջ՝ նույնությամբ հետ է վերադարձված մեր կողմից: Այն, որ կորցրած բնակավայրեր մենք չունենք, դա ավելի քան ակնհայտ է, բայց դիրքերի փոփոխություն հետ կապված լուրերի մասին՝ հույս ունեմ՝ ճշմարտությունն է բարձրաձայնվում: Հույս ունեմ՝ հրադադարից առաջ վերականգնվել է նախկին սահմանագիծը»:
Թալիշում հակառակորդի ներթափանցման և քաղաքացիական անձանց՝ խաղաղ բնակիչների, սպանության և խոշտանգումների մասին Գագիկ Գինոսյանն ասում է. «Երբեմն լինում են այնպիսի անսպասելի դիվերսիոն ներթափանցումներ, որոնք ոչ միայն՝ հնարավոր չէ կանխարգելել, այլև՝ նույնիսկ կանխատեսել: Երևի ժամանակը ցույց կտա, թե ինչպե՞ս էր պատահել Թալիշում երեք քաղաքացիական անձանց սպանությունը, իրենց իսկ տանը, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ դա: Սրանք կոպիտ սխալներ են, որոնք պետք է բացառվեն, որպեսզի լուրջ դիվերսիոն պատրաստակամություն անցած ջոկատներն անգամ չկարողանան ներթափանցել սահմանից ներս»: