«էնքան կուզենայի, որ պատերազմական այս իրավիճակից դուրս գալուց հետո Հայաստանի իշխանություններն իրենց աշխատաոճով համբուրեին մեր ժողովրդի ճակատը». Մերուժան Տեր-Գուլանյան
«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերը՝ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն ու Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը, լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին, թե որոնք են հասարակության համախմբման ուղղությամբ տարվող մեր կարևոր անելիքներն ու ՀՀ նախագահի կոչը:
Մերուժան Տեր-Գուլանյանը կարծում է, որ նախագահը նախօրեին շատ ճշգրիտ է ձևակերպել իր կոչը՝ անուններով և ըստ էության թվարկելով այն ամենը, ինչ ունենք մենք այսօր՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան և Եվրոպական միություն.
«Մեր տերը մենք ենք ու մենք պետք է մեզ պահենք: Մենք կարող ենք, ունակ ենք մեզ պահելու: Սա նշանակում է, որ մենք ազգովի պետք է հավաքվենք երկրի նախագահի շուրջ և պիտի գնանք առաջ, որպեսզի կարողանանք քանդել սև կարիճի բունը: Երկա՞ր կլինի այս պայքարը, թե՞ կարճ, սա չէ այս պահին մեր գերխնդիրը, այլ՝ քանդել այդ կարիճի բունը, իսկ դա հնարավոր է, անհնար բան չէ»:
Մերուժան Տեր-Գուլանյանի համար այլևս հստակ է՝ մենք նախկին դյուրահավատները չենք, որ հավատանք մեր «մեծ եղբորը». «Կրկին պետք է մեջբերեմ նախագահի խոսքերը, ով մի քանի տարի առաջ ասաց, որ մենք առաջվա միամիտ հայը չենք: Մեր հույսը մեր վրա է, և մենք պետք է կարողանանք ելքեր գտնել: Այնպիսի մի ազգ, որ այսօրինակ կերպով կարողանում է կենտրոնացված հավաքվել պետության շուրջ, որովհետև մի բան է պետությունը, այլ բան՝ իշխանությունը, ուրեմն՝ այս ազգին հաղթելն անհնար է: Մենք դատապարտված ենք հաղթելու, որովհետև այլ ճար մենք պարզապես չունենք, և այս հաղթանակը չի լինելու սոսկ այն, որ հաղթելու ենք ադրբեջանցիներին, այլ սա լինելու է Ադրբեջանի խայտառակ պարտությունը: Եթե այս ամենը երկար ձգձգվի, բանը կարող է հասնել նրան, որ ադրբեջանական պետությունն ուղղակի վերանա երկրի երեսից»:
Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանն այն համոզման է, որ հայերը երբեք միամիտ չեն եղել, պարզապես, ըստ նրա՝ մեկ ուրիշ, շատ կարևոր բան է կատարվել. «Մենք վախն ենք մեզնից հանել և դա արել ենք շատ վաղուց՝ դեռ 88-ին: Պետք է հաշվի նստենք նաև այն հանգամանքի հետ, որ արդեն այսօրվա պայքարի մեջ է մտել մի սերունդ, որը ծնվել է անկախության տարիներին: Ինչքան էլ թերի լինի մեր անկախ պետական համակարգը, բոլոր դեպքերում եկել է մի սերունդ, որ հստակ գիտակցում է՝ ինքն է այս երկրի տերը»:
Ռուբեն Բաբայանի համար վաղուց արդեն ամեն տեսակի կասկածներից վեր է այն, որ մենք մեզ ոգևորելու, իրար ուժ տալու կարիք չունենք, որովհետև այդ ուժը մի ներքին մեխանիզմով մեզանից յուրաքանչյուրի մեջ կա, անխափան աշխատում է: Նրա կարծիքով՝ հենց այդ ուժն է, որ մեզ տալիս է մի կարևոր հատկություն՝ սթափ գնահատելու իրավիճակը և առանց էմոցիաների վերլուծելու ու հասկանալու, թե ով այս պատերազմում ինչ շահ է հետապնդում, որպեսզի հանկարծակի Հայաստանը չդառնա որևէ երկրի կամ որևէ կողմի ձեռքի խաղալիք, որպեսզի հերթական անգամ Հայաստանի հաշվին որևէ երկիր չփորձի լուծել իր գեոպոլիտիկ հարցերը. «Ես համոզված եմ, որ առաջիկա օրերին զինադադար է կայանալու, և հավատացե՛ք՝ հենց այդ պահից սկսած ջրի երես կբարձրանան բոլոր այն երկրների անունները, որոնք որոշակի ձեռքբերումներ էին ակնկալում պատերազմական այս իրավիճակից»:
Սփյուռքին ուղղված կոչերը գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն այսպես է ձևակերպում՝ հավաքվել Հայրենիքի շուրջ. «Սփյուռքում ապրող ցանկացած հայ այսօր իրեն պետք է ղարաբաղցի զգա: Խոսքը ոչ թե ֆինանսական օգնության ակնկալիքների մասին է, այլ, ըստ էության, Ղարաբաղի կողքին կանգնելն է»:
Ռուբեն Բաբայանը կարծում է, որ այս իրավիճակում Սփյուռքն ունի երկու շատ կարևոր դեր, և դրանցից ոչ մեկն իր կարևորությամբ չի ստորադասվում մյուսին.
«Այս պահին առաջին հերթին՝ Սփյուռքի գերխնդիրն է՝ ազդել այն երկրի վրա, որտեղ ապրում է նա՝ հնարավոր բոլոր ալիքներով, որպեսզի օբյեկտիվ և ճիշտ պատկեր ձևավորվի, և համապատասխան գնահատականներ տրվեն: Երկրորդ հերթին՝ Սփյուռքը պետք է ամեն գնով նպաստի նրան, որ Հայաստանը դառնա տեխնոլոգիապես զարգացած, ժամանակակից բոլոր տեսակի մարտահրավերներին հակազդող ամուր երկիր»:
Ստեղծված իրավիճակում միջազգային հանրության արձագանքի մասին Մերուժան Տեր-Գուլանյանն ասում է. «Ոչ մի կերպ էլ չեն անդրադարձել, և ամո՛թ իրենց, և´ Ռուսաստանի, և´ ԱՄՆ-ի մասին է խոսքս: Մեծ-մեծ խոսում են միայն, մեզ խորհուրդներ են տալիս: Մեզ խորհուրդներ պետք չեն, մեզ թող միայն չխանգարեն»:
Ռուբեն Բաբայանը վստահ է. «Մենք վերլուծելու շատ բան ունենք, որովհետև ասել միայն՝ ամո՛թ ձեզ, կարծում եմ՝ դրա ժամանակները վաղուց արդեն անցել են: Վերջիվերջո, այս խնդրում ներգրավված գերտերություններից յուրաքանչյուրն ունի իր հստակ շահը: Պետք է վերլուծել՝ ինչո՞ւ են նրանք հավասարության նշան դնում հարձակվողի և պաշտպանվողի միջև, որովհետև այս պահի մեր կարևորագույն ձեքբերումներից մեկն էլ ես համարում եմ ադրբեջանական կողմի խոստովանությունն այն մասին, որ նախահարձակ կողմն իրականում իրենք են եղել: Պետք է սրանից ամուր բռնել և առաջ գնալ»:
Ռուբեն Բաբայանը կարծում է, որ մենք շատ բան ենք բաց թողել՝ բանակցային փուլերում որոշակի չափով հետին պլան մղելով ղարաբաղյան կողմին: Այս տեսակետից վերջին օրերին Նախագահի հայտարարությունն այն մասին, որ ռազմական ագրեսիվ գործողությունների շարունակականության պարագայում Հայաստանը ստիպված կլինի ճանաչել Արցախի անկախությունը, բանախոսը համարում է նախազգուշացնող քայլ, որին կհետևի գործողությունը.
«Կարծում եմ՝ այս պահին դա պարզապես նախազգուշացում էր՝ ուղղված ագրեսոր կողմին: Այս առնչությամբ շատ ավելի կարևոր էր Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության որոշումը, որ Ղարաբաղի անկախացման ուղղությամբ տարվող աշխատանքների առաջին քայլը կարող է լինել»:
Ասուլիսն ավարտվեց Մերուժան Տեր-Գուլանյանի կոչով, որ ուղղված էր հայաստանյան իշխանություններին. «Էնքան կուզենայի, որ պատերազմական այս իրավիճակից դուրս գալուց հետո Հայաստանի իշխանություններն իրենց աշխատաոճով համբուրեին մեր ժողովրդի ճակատը: Փառք ու պատիվ մեր ժողովրդին»: