«Ռուսաստանի գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում լիովին հասկանալի են». Վլադիմիր Կազիմիրով

168.am-ի զրուցակիցն է 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը

– Պարոն Կազիմիրով, սպասո՞ւմ էիք Դուք արդյոք նման լարվածության ԼՂ հակամարտության գոտում: Կարելի՞ է ասել, որ մենք մոտ ենք լայնամասշտաբ պատերազմին:

– Բարդ է կանխատեսել այս կամ այն միջադեպի մասշտաբը, դրանք արդեն վաղուց վատ ավանդույթ են դարձել ԼՂ հակամարտության համար: Որևէ անսպասելի բան չկա, հենց դրանում էլ կայանում է հակամարտության կողմերից մեկի քաղաքականությունը, որն ուղղված է լարվածության պահպանմանն ու աճին:

Սակայն այս անգամ սա պարզապես միջադեպ չէ, այլ ամբողջական գործողություն: Թեև սա ևս համապատասխանում է հայտնի ձևակերպմանը՝ «հանգիստ չտալ օկուպանտներին»: Նման իրավիճակները վտանգավոր են հնարավոր հետագա լարվածությամբ, բայց, ամեն դեպքում, հուսով եմ, որ ավանտյուրիստները չեն համարձակվի ռիսկի ենթարկել իրենց իշխանությունը:

– Լարվածությունը մեկնարկեց ապրիլի 1-ին, երբ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը դեռ ԱՄՆ-ում էին: Ի՞նչ արտաքին քաղաքական գործոններով եք Դուք բացատրում այս իրավիճակը:

– Նման պահն արդյո՞ք հարմար չէ հերթական ավանտյուրայի համար, ավելի անսպասելի դարձնելով այն հակամարտող կողմերի համար: Ի դեպ, դա սթափեցնում է հարազատ երկրի իշխանությանը:

– Շատերն են կարծում, որ իրավիճակը հրահրել է Ռուսաստանը՝ փորձելով բանակցային գործընթացում առաջնորդությունը վերցնել ԱՄՆ-ից: Ինչպե՞ս եք գնահատում այս կարծիքները:

–  Որպես կիրթ ու գիտակից ժողովրդին ոչ հարիր: Ի՞նչ առաջնորդություն, ի՞նչ բանակցություններում: Լարե՞լ է: Աբսուրդ է:

– Երեկ Սերգեյ Շոյգուն և Նիկոլայ Պատրուշևը պատրաստվում էին մեկնել Բաքու: Ըստ Ձեզ` հնարավո՞ր են Մինսկի խմբից անկախ գործողություններ Ռուսաստանի կողմից, այդ թվում՝ խաղաղապահների տեղակայում Ղարաբաղում:

– Չնայած մի շարք հարցերում առանցքային տարաձայնություների` ԼՂ հակամարտության երեք միջնորդները բավականին համաձայնեցված են գործում: Ինքնին խաղաղապահ ուժերի ձևավորման հարցն այս հակամարտությունում հավանության էր արժանացել 1994թ. դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի ընթացքում, այդ թվում՝ հակամարտող կողմերի կողմից:

Այլ հարց է, որ այն ավելի շատ կարգախոս էր, քանի որ նախատեսվում էր ձևավորել նման ուժեր զինված հակամարտության դադարեցման համաձայնագրից հետո: Անցկացվել էր նաև ինչ-որ առումով նախապատրաստական աշխատանք, բայց որևէ լուրջ աշխատանք այս 20-ից ավելի տարիների ընթացքում այդ ուղղությամբ չի արվել, քանի որ նման համաձայնագիր ևս չի երևակվում:

Ռուսաստանի գործողությունները հակամարտության գոտում առաջացած լարվածությունը թուլացնելու ուղղությամբ լիովին հասկանալի են: Ոչ մի կողմ հրադադարի հաստատման համար չի արել ավելին, քան Ռուսաստանը՝ ոչ միայն ԼՂ հակամարտության գոտում, այլև՝ հետսովետական տարածքի բոլոր հակամարտություններում:

Տեսանյութեր

Լրահոս