«Մանկապարտեզից երեխաներին պետք է արվեստ սովորեցնել. հոգևոր մարդու անհատականությունը հնարավոր չէ ճնշել»
Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում ամեն շաբաթ տեղի են ունենում արվեստի պատմության դասախոսություններ, որին մասնակցում են, առանց տարիքային կամ մասնագիտական սահմանափակման, զգալի թվով արվեստասերներ։ Դասախոսությունների շարքը վարում է արվեստաբան Անուշ Հակոբյանը, ով զուգահեռաբար` արվեստի պատմություն, տեսություն և քննադատություն է դասավանդում Գեղարվեստի պետական ակադեմիայում, ինչպես նաև` Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում։
Անուշ Հակոբյանը 10 տարի շարունակ աշխատել է նաև Հայաստանի Ազգային պատկերասրահում, թեև հիմա արդեն այնտեղ չէ։ Արվեստի պատմությանը նվիրված դասախոսությունների, հոգևոր-մշակութային կյանքի, դրանց աղավաղված դրսևորումների, ժամանակակից-հոգևոր մարդու խնդիրների, ինչպես նաև Ազգային պատկերասրահից հեռանալու որոշման մասին 168.am-ը զրուցեց Անուշ Հակոբյանի հետ.
– Անուշ, աշխատելով միանգամից երկու պետական բարձրագույն մասնագիտացված ուսումնական հաստատություններում, ինչո՞ւ այնուամենայնիվ որոշեցիք արվեստի պատմության մասնավոր դասընթացներ կազմակերպել։
– Աշակերտները դեռ դպրոցից արվեստի պատմություն չեն անցնում, բուհերում, եթե մասնագիտական ֆակուլտետի ուսանող չես, արվեստի պատմություն նույնպես չի ուսումնասիրվում։ Միջին ստատիկ տվյալներով, լավագույն դեպքում` նույնիսկ, եթե մարդը պրպտող և ինքնուս է, միևնույն է, նրա` արվեստի մասին գիտելիքները մնում են օջախային, իսկ արվեստի և առհասարակ մշակույթի միացությունը հասարակության հոգևոր կրթվածության և դաստիարակության համար և, հետևաբար` այդ հասարակության որակի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Քանի որ այդ ուղղությամբ և՛ բացը, և՛ հետաքրքրությունը ես միշտ նկատել եմ, մտածում էի` իսկ ո՞վ լրացնի այդ բացը, եթե ոչ` Ազգային պատկերասրահը, որտեղ ես մի ժամանակ աշխատում էի, և որտեղ կարելի էր գիտական հանրամատչելի ձևաչափով արվեստի դասընթացներ կազմակերպել։ Կրկնում եմ` շատ կարևոր էր, որ դրանք լինեին հանրամատչելի, նախատեսված տարբեր տարիքային ու սոցիալական շերտերի համար` սկսած 13-14 տարեկանից` մինչև թոշակառուները։ Ծրագրի մեկնարկը տվել եմ 3-4 տարի առաջ հենց Պատկերասրահում, երբ ես դեռ այնտեղ էի աշխատում։
– Ուսումնական ծրագիրն ի՞նքդ ես մշակել։
– Այո, ինքս։ Ես նաև շատ նրբորեն հետևում եմ լսարանի արձագանքին` պահելով սահմանը, որ չհոգնեցնեմ ունկնդիրներին։ Վերջին դասախոսության ընթացքում, օրինակ, մենք ուղղակի կորցրել էինք ժամանակի զգացողությունը։ Ես խոսել եմ ուղիղ երեք ժամ, և լսարանն առանց ընդհատումների լսել է դասախոսությունը։
– Որքա՞ն ժամանակի համար է նախատեսված ուսումնական ծրագիրը։
– Ծրագիրը նախատեսված է 2-3 տարվա համար։ Դասընթացները տեղի են ունենում շաբաթական մի օր` շաբաթ օրերին, դասաժամային սահմանափակումներ չկան։ Ըստ ժամանակագրության` կա արվեստի պատմության ակադեմիական ծրագիր, որն իր մեջ ներառում է Նախնադարը, միջին Եգիպտոսը, Միջագետքը, Անտիկ արվեստը, Միջնադարը, և այլն։ Բայց ես լրացրել եմ ակադեմիական ծրագիրը` ներառելով թեմաներ, որոնք դուրս են մնացել այդ ծրագրից։ Սովորաբար դա արվեստի պատմության ամենահետաքրքիր մասն է, որ կամ չի դասավանդվում, կամ շատ թեթև են անցնում` մինչ, օրինակ, Կոլումբիական Ամերիկայի, Չինաստանի, Ճապոնիայի, Թաիլանդի, Տիբեթի, Աֆրիկայի արվեստները, և այլն։
Առաջիկայում նախատեսում եմ կազմակերպել նաև կինոյի պատմության մասին պատմող դասընթացներ։ Ծրագիրն արդեն պատրաստ է, որտեղ ընդգրկված են նաև կինոդիտումներ` ժամանակագրական աճով։ Մեր հասարակությունը կրթվածության խնդիր ունի, մեր բոլոր խնդիրների պատճառը գալիս է հենց կրթության, դաստիարակության և կուլտուրայի պակասի հետևանքով։ Որքանով ինքս եմ հասկացել` արմատը հոգևոր գիտելիքի պակասն է, որ մարդուն ցածր մակարդակի է հասցնում` իր բոլոր աղետաբեր հետևանքներով։
– Չե՞ք կարծում, որ այսօր ԶԼՄ-ներով, ինտերնետով և հատկապես հեռուստատեսությամբ մատուցվող իրականությունն արդեն անդառնալի հետևանքներ է թողել հոգևոր կրթական ցենզի վրա։
– Շատ էին ասում, որ սա հատուկ տարվող ծրագիր է, որին ես երկար ժամանակ չէի ուզում հավատալ, բայց արդեն վաղուց գոնե ինձ համար դա անհերքելի իրականություն է, հատկապես այն սուտ թեզը, թե իբր մասսաներն են պահանջում այդ աղբը… այստեղ տեղին է հիշել հին հայտնի վեճը` ձո՞ւն է հավից, թե՞ հավը` ձվից։ Ես խորապես համոզված եմ` մարդն իր ուղեղով ընկալում է այն, ինչ մասսայական պրոպագանդման արդյունք է։ Իրականում մարդը, որ տիեզերքի մի մասնիկն է` ընդունակ է ընկալել ամենաբարձր ինֆորմացիան, ով ուզում է լինի այդ մարդը, սա գիտականորեն ապացուցված փաստ է։
– Ի վերջո, ո՞րն է Ձեր տեսլականը` ինֆորմացիոն այս հեղեղի մեջ անցկացնելու արվեստի պատմության դասընթացներ։ Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում ստանալ։
– Եթե անկեղծ լինեմ` նախ, առաջին հերթին, ես եմ դրանից հաճույք ստանում, ուրեմն կեղծավոր չլինեմ ու գոնե ինքս ինձ ու ձեզ խոստովանեմ, որ ես առաջին հերթին` դա ինձ համար եմ անում։ Ես սիրում եմ կոնտակտ պահել լսարանի հետ, ես սնվում եմ լսարանի էներգիայով և ուրիշ էներգիա դարձրած վերադարձնում եմ իրենց։ Ի վերջո, ես հույս ունեմ, որ իմ արարքն օրինակ կծառայի, որ մեկ ուրիշն էլ իր հերթին` իր տեղում նման գործ նախաձեռնի, և սա արդեն կդառնա օրինաչափ երևույթ` ի հակադարձում քո ասած պրոպագանդված «մշակույթի»։
Ի վերջո, ես այն կարծիքին եմ, որ մանկապարտեզից երեխաներին պետք է արվեստ սովորեցնել` դաստիարակելով նրանց մեջ հոգևոր մարդու կերպարը, որովհետև ամեն տեսակ կասկածից վեր է, որ հոգևոր մարդու անհատականությունը հնարավոր չէ ճնշել, հոգևոր մարդու ազատության վրա հնարավոր չէ ոտնձգություններ անել, հոգևոր մարդն ունի ընտրության հնարավորություն, որը չունեն մնացածները։
– Ո՞վ է այսօրվա մեր հասարակության մեջ մեծամասնություն կազմող տեսակը։
– Հաստատ հոգևոր տեսակը չէ, ցավոք։ Բայց կան, իհարկե, հասարակություններ, որտեղ ճնշող մեծամասնությունը հենց այդպիսին է` հոգևորները, էլ չասեմ, որ հին քաղաքակրթությունները մեծամասամբ հենց այդպիսին են եղել։ Հետո, եթե նայենք ու կտեսնենք, թե ի՞նչ են նրանք ստեղծել, ու ի՞նչ ենք հիմա մենք ստեղծում։ Նախնադարում անգամ մարդը` բնության հետ կապի շնորհիվ, տիեզերքի հետ անմիջական շփումով ավելի հոգևոր է եղել, քան ժամանակակից մարդն է` ասում եմ ու պատասխանատու եմ ասածիս համար։ Մենք այսօր նախնադարի մարդուց անհամեմատ ավելի վատ վիճակում ենք, մենք օրեցօր դեգրադացվում ենք, հասկանո՞ւմ ես։ Տեխնիկան անասելիորեն զարգացել է, և դա անհերքելի է, ընդհուպ` մինչև այն, որ մենք այստեղ նստած` ունենք հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդկանց տեսնելու հնարավորություն, բայց մենք հոգևոր մարդիկ չենք։
– Ո՞րն է արվեստի պատմության դասընթացների անցկացման հաջողության գրավականը, որովհետև, հաշվի առնելով այն տենդենցները, որոնք մենք քննարկում էինք քիչ առաջ, պետք է որ հետաքրքրությունն այսքան մեծ չլիներ։ Ի վերջո, դրա համար կան նաև ակադեմիական լսարաններ…
– Կարծում եմ` այս դասախոսությունների հաջողության գրավականն անհատական մոտեցման մեջ է։ Վերջապես ես կարող եմ մարդկանց խորհուրդ տալ կարդալ այս կամ այն գիրքը` ստանալու համար որոշակի ինֆորմացիա, բայց այն գիտելիքը, շեշտում եմ` գիտելիքը, ոչ թե ինֆորմացիան, որ ես եմ տալիս, հավաքագրված ու երկարատև ուսումնասիրությունների արդյունք է, որ ես արել եմ տարիների ընթացքում` առնչվելով ամենատարբեր աղբյուրների հետ։ Մի խոսքով, եթե մի նախադասությամբ բնորոշենք այս դասընթացի առավելությունները, ապա պետք է նշենք մի քանի հանգամանքներ` առաջին հերթին` սրանք համահավաք գիտելիքներ են, որ փոխանցվում են կենդանի շփման ընթացքում` տալով ազատ երկխոսության հնարավորություն, ասեմ ավելին` երկխոսության տարրն այս դասընթացների ընթացքում ոչ միայն ցանկալի, այլև պարտադիր գրավական է։ Դասախոսությունների ողջ ընթացքը հիմնված է զրույցի և երկխոսության վրա։
Մի բան էլ կա` կախարդական ազդեցություն է թողնում, երբ դասընթացին ներկա յուրաքանչյուր մասնակից հասկանում է, որ դու հենց իր համար ես խոսում։ Ես նույնիսկ Գեղարվեստի ակադեմիայից ուսանող ունկնդիրներ ունեմ։
– Մի ժամանակ այս դասախոսություններն անցկացնում էիք Ազգային պատկերասրահում, հիմա արդեն` Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում։ Ի՞նչ տարբերություններ եք նկատել տարածքային փոփոխությունների արդյունքում։
– Ծրագիրը հիմնականում նույնն է, թերևս, այստեղ ելնելով լսարանի ցուցաբերած հետաքրքրությունից, դրանք ավելի մանրամասնել եմ։ Պատկերասրահում դասախոսություններն ավելի օֆիցիալ բնույթ էին կրում` կապված տարածքի չափերի հետ։ Այնտեղ լսարանը, որում անցկացվում էին դասախոսությունները, չափերով զգալիորեն ավելի մեծ էին։ Ցուցասրահում կամերային, արվեստային տրամադրություն է, և դա ևս իր հետևանքները թողնում է պրոցեսի ընթացքի վրա։ Հետո պատկերասրահում եկավ մի շրջան, երբ ամեն դասախոսությանը ներկա էր լինում 150-170 ունկնդիր։ Այս պայմաններն արդեն իրենց հետ պաշտոնական տրամադրություններ էին բերում` միկրոֆոնի կարիք էր զգացվում, և ես` ուզած-չուզած, կորցնում էի կապը լսարանի հետ։
– Երկար տարիներ` 10 տարի, աշխատել եք Ազգային պատկերասրահում, և կարծեմ վարում էիք փոխտնօրենի պաշտոնը։ Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք հեռանալ այնտեղից։
– Թանգարանը քաղցր ճահիճ է, այսպես են ասում հենց թանգարանի աշխատողները, որովհետև կապելու խայտառակ սովորություն ունի, բայց, միևնույն ժամանակ, գալիս է մի իրավիճակ, երբ, եթե մտածում ես թանգարանի մասին, ապա մնում ես այնտեղ, իսկ եթե մտածում ես քո մասին, ապա հեռանում ես այնտեղից։ Ես այս պարագայում էգոիստ գտնվեցի և այդքան տարիներ հետո առաջին անգամ որոշեցի մտածել իմ մասին։
Ես գիտական պաշտոնների աստիճաններով շատ բարձունքների եմ հասել` եղել եմ ավագ գիտաշխատող, հետո` բաժնի վարիչ, հետո` փոխտնօրեն, եղել եմ նույնիսկ ֆոնդապահ, գիտական ուսումնասիրություններ եմ հեղինակել, ղեկավարել եմ գիտական աշխատանքներ, և այլն, բայց փառք Աստծո, ես պաշտոնից կախվածություն երբեք ձեռք չեմ բերել, և դա երևի փորձաշրջան էր ինձ համար, որը ես պատվով եմ հաղթահարել։
– Այնուամենայնիվ, Ձեր հեռացումը որևէ կապ չունե՞ր նոր տնօրենի պաշտոնավարման հետ, որովհետև շատ կարճ ժամանակ անց Դուք հեռացաք թանգարանից։
– Հավատացնում եմ, որ դա պատահականություն էր, որովհետև մենք բախտ չունեցանք միասին երկար աշխատելու, եթե երկար աշխատեինք, չգիտեմ՝ ինչ կլիներ…