«Ինչ տեսակի մարդ ասես կա զինյալների շարքերում, նույնիսկ` չինացիներ ու մոնղոլներ». arevelk.am

Սիրիահայության Շտապ օգնության և վերականգնման կառույցի անդամ, սիրիահայ Կարո Մանճիկյանը, «Արեւելքի» հետ զրույցում, ներկայացնելով Սիրիայում տիրող  իրավիճակը, ասաց, որ Սիրիայի  բանակն ամբողջությամբ իր տիրապետության տակ  է վերցրել մայրուղիներն ու ռազմավարական կարևորագույն  դիրքերը: Նա հայտնեց, որ երկու օրվա ծանր մարտերից և ռմբակոծություններից  հետո   բանակը կարողացել է գրավել Զահի լեռը (Ժապալ Զահի), որ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող վայր է, քանի որ ձգվում է թուրքական սահմանի  երկարությամբ, և որտեղից զինյալները սովորաբար թափանցում են Սիրիայի այդ հատվածն ու այդտեղից ռմբակոծում Քեսաբն  ու մերձակա շրջանները:

«Զահի լեռան վերագրավումը վերջին ուրախալի լուրն է, ինչը տոնական է համարվում մեր շրջանում և ամբողջ երկրում ընդհանրապես: Լեռը, իր տեղադրվածությամբ,  իշխող  դիրք ունի շրջապատի հանդեպ,  ճիշտ է, Կասիոս լեռան նման բարձր չէ, բայց Քեսաբի  ու մերձակայքի ամենաբարձր գագաթն է, որ շրջապատված է հովիտներով: Հենց այդ հովիտներում էլ զինյալները իրենց թաքստոցներն են տեղադրել, որոնցում պաշտպանվում են ցուրտ եղանակին և ռմբակոծման ժամանակ»,- նշեց քեսաբաբնակը: Կարո Մանճիկյանը, որ անմիջականորեն հետևում է շրջանի իրադարձություններին, ասաց նաև, որ Զահի  լեռան գագաթը հարազատ վայր է համարվում նաև հայերի համար. լեռան գագաթին հայ անտառապահների աշտարակն է գտնվում, իսկ լեռան ամեն մի թիզը ծանոթ է շրջանում բնակվող հայ որսորդներին:  «Այժմ լեռը մաքրված է, գրավված, և բանակն այնտեղ կայք է հաստատել»,-ասաց նա:

Մեր այն հարցին, թե Զահի լեռան վրա դիրքավորված զինյալները ո՞ր խմբերից էին, Կարո Մանճիկյանը պատասխանեց. «Ինչ տեսակի մարդ ասես կա զինյալների մեջ, նույնիսկ` չինացիներ և մոնղոլներ: Բայց այդ կողմից թափանցող զինյալները հիմնականում  «Ալ-Նուսրա» ճակատից և նրա հարակից խմբերից էին, ասենք «Ահրար ալ-Շամ»-ի  և այլ խմբերի  անդամներն էին հիմնականում գալիս այդ կողմից»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս