«Առանց ոգեշնչման հնարավոր չէ ո՛չ կրթել, ո՛չ զարգացնել, և առհասարակ` ոգեշնչման բացակայությունը հանգեցնում է ոչնչի։ Սա իմ անառարկելի սկզբունքն է». Գարիկ Իսրաելյան

Ճանաչված հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանը կրկին Հայաստանում է։ Աստղաֆիզիկոսի այցը Հայաստան պայմանավորված է հայաստանյան որոշ համագործակցություններով, մասնավորապես` Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Արեգ Միքայելյանի հետ, ինչպես նաև` նախապես ամրագրված դասախոսության հրավերով, որ հայտնի գիտնականը ստացել է Դիլիջանի միջազգային դպրոցի կողմից։ Աստղագետի այցը համընկել է նաև «Կասպերսկի լաբորատորիա» մասնավոր ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Եվգենի Կասպերսկիի հայաստանյան եռօրյա պաշտոնական այցի հետ (Գ. Իսրաելյանը նաև Համաշխարհային ՏՏ մրցանակի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի անդամ է)։

168.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց մասնագիտական հիմնական զբաղվածությունները, որոնք են` գիտական հետազոտությունները, տիեզերքի քիմիական բաղադրության, տիեզերքի քիմիական էվոլյուցիայի, այլմոլորակային համակարգի և սև խոռոչների առաջացման վերաբերյալ ուսումնասիրությունները։ Աստղաֆիզիկոսն իր զրույցի ընթացքում անդրադարձավ նաև հայաստանյան ուսումնական համակարգի գերխնդիրներին, Բյուրականի աստղադիտարանի ներկայիս վիճակի և դրա զարգացման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների, Արցախում Աստղացուցարանի կառուցման գաղափար-նախաձեռնությանը, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ Կանարյան կղզիներում մեկնարկած «Starmus» գիտական արդեն երրորդ փառատոնի աշխատանքներին, որը կանցկացվի 2016թ. հունիսի 27-հուլիսի 2-ը։ Դա փառատոն է, որին մասնակցել են աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, երաժիշտներ, ինչպես, օրինակ` Նեյլ Արմսթրոնգը, բրիտանացի աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը, այլք։

Garik Imagen -16-1

– Ինչո՞վ է պայմանավորված Ձեր հերթական այցը Հայաստան։

Կարդացեք նաև

– Առաջին հերթին` որոշակի համագործակցությամբ, որ ունեմ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Արեգ Միքայելյանի հետ։ Մենք ապագայի հետ կապված մի քանի նախագծեր ունենք, որի քննարկումների համար պետք է հանդիպեմ։ Փորձում ենք Հայաստանի աստղագիտական կյանք վերադարձնել հին ավանդույթները, տեսնենք` ինչպե՞ս կստացվի։ Բացի այդ, Դիլիջանի միջազգային դպրոցում մի դասախոսության հրավեր ունեմ, և, քանի որ այս հանդիպումը հենց հանրակրթական դպրոցի երեխաների համար էր նախատեսված, ես համաձայնեցի։ Ինձ այդ երեխաների հետ հանդիպումն է ավելի շատ և մեծապես հետաքրքիր թվում, քան, ասենք, ուսանողների հետ հանդիպումը կլիներ։

Garik Israelyan (2)– Ասացիք` փորձում եք Հայաստանի աստղագիտական կյանք վերադարձնել հին ավանդույթները։ Իրատեսակա՞ն է այդ տեսլականը։

– Դա շատ դժվար խնդիր է իրականում, և մենք սա շատ լավ հասկանում ենք, բայց այդ ուղղությամբ գոնե փորձեր պետք է արվեն։ Թե ի՞նչ կստացվի արդյունքում` չգիտեմ, չեմ կարող ասել, տեսնենք։ Գաղափարներն անսպառ են։ Նախագիծը, որի մասին մենք հիմա Արեգի հետ մտածում ենք, քննարկման փուլում է։ Հասկանալի է, որ Հայաստանը գերտերություն չէ և գիտության այս ոլորտում առաջատար դիրքեր չի կարող գրավել, և պետք էլ չի հավակնել։ Պարզապես աստղագիտությունը հզոր ու մեծ գիտություն է, որտեղ շատ ենթաճյուղեր կան, և ամեն ճյուղ իր առանձին ֆինանսավորումն ու հստակ քաղաքականությունն ունի։ Սրանից 30 տարի առաջ դեռ այդպես չէր, սա զարգացման նոր տենդենց է` օրինակ, այլմոլորակային համակարգերի կամ սև խոռոչների հետազոտություն հասկացությունը նախկինում չկար և Բյուրականում էլ երբեք չի եղել, բացի այդ, կոսմոլոգիայի մեջ բազմաթիվ այլ ճյուղեր կան, որ երբեք էլ չեն եղել, որովհետև համապատասխան հետաքրքրություն չի եղել նախկինում։

– Բյուրականի աստղադիտարանի ժամանակակից զարգացումը Ձեր նշած նորարարական ուղղություններից ո՞ր ճյուղով կարելի է ապահովել։

– Դա կախված է միայն երիտասարդ մասնագետներից և ոլորտում նրանց ունեցած ներգրավվածությունից։

– Իսկ երիտասարդ մասնագետներ այդ ոլորտում ունե՞նք։ Կարծեմ` մեզ մոտ սա շատ ցավոտ հարց է։

– Սա ֆունդամենտալ հարց է` համապատասխան երիտասարդություն կա՞։ Ենթադրենք` վաղը 100 մլն դոլար ենք ներդնում Բյուրականի աստղադիտարանի զարգացման վրա, հարց` ո՞վ և ի՞նչ է անելու։

– Կարծում եմ` համապատասխան կադրեր մենք այս պահին չունենք։

– Հենց սրանից էլ պետք է սկսել քննարկումը, իսկ դրան հասնելու համար մեզ առաջին հերթին պետք են շատ լավ պրոֆեսորներ, որ հենց հիմա համապատասխան համալսարաններում պետք է սկսեին դասախոսությունները, ովքեր նույնպես չկան։ Իմ հեռանկարները հենց այստեղից են սկսվում։ Մտածում եմ, որ հենց այդտեղից է պետք սկսել խնդրի լուծումը։

Garik Imagen -21

– Գուցե վարպետության ինտենսիվ դասե՞ր կազմակերպվեն, կամ դրսից հրավիրված մասնագետնե՞ր պայմանագրով աշխատանքի անցնեն տեղական բուհերում։

– Դա շատ լավ գաղափար է, որի մասին մի քանի անգամ առաջարկել եմ և, անկեղծ ասած, չեմ հասկանում` ինչի՞ ընթացք չի տրվում։

– Ո՞ւմ եք առաջարկել։

– Տարբեր տեսակի մասնագիտական հանդիպումների ընթացքում ես բարձրաձայնել եմ այդ տարբերակի մասին, այս թեմայով զրուցել ենք նաև Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ, թեև մյուս կողմից` ես շատ լավ հասկանում եմ, որ այդ քննարկումները կարելի է տարիներով անցկացնել, և արդյունքում` նկատելի ու շոշափելի որևէ ձեռքբերում այդպես էլ չգրանցել։ Եթե չլինի ինչ-որ մեկը, որ դրան ռեալ ընթացք կտա` ոչինչ չի փոխվի։ Ընդ որում, այդ շարժը պետք է սկսել համալսարաններից։ Ես երբեք տեղական համալսարանների հետ չեմ աշխատել։

– Երևի իրենց Ձեր մասնագիտական ունակությունները հետաքրքիր չեն թվացել…

– Չգիտեմ, եթե անկեղծ լինեմ, ապա ինձ էլ իրենք հետաքրքիր չեն իրականում։

– Դուք Կանարյան կղզիներում արդեն երրորդ անգամ անցկացվող «Starmus» գիտական փառատոնի հեղինակն ու հիմնադիրն եք։ Ո՞րն էր այդօրինակ փառատոն հիմնելու նպատակը։

– Այդ փառատոնի հիմնական խնդիրը ոգեշնչելն է և ոչ` կրթելը, որովհետև կրթական նպատակով իրականացվող հարյուրավոր փառատոներ կան, և մարդիկ մասնակցում են այդպիսի փառատոներին հենց կրթվելու, գիտելիքների որոշակի պաշար ստանալու համար։ «Starmus»-ի հիմնական նպատակը բոլորովին այլ է` ոգեշնչելը, ընդ որում` թե՛ երիտասարդներին, թե՛ մեծահասակներին։ Ինչո՞ւ, որովհետև անձամբ ես իմ փորձով խորապես համոզված եմ, որ առանց ոգեշնչման հնարավոր չէ ո՛չ կրթել, ո՛չ զարգացնել, և առհասարակ` ոգեշնչման բացակայությունը հանգեցնում է ոչնչի։ Սա իմ անառարկելի սկզբունքն է։

Garik Garik Israelyan (3)

– Իսկ Ձեզ ի՞նչն է ոգեշնչել կամ ոգեշնչում։

– Ես շատ եմ ոգեշնչվել լավ երաժշտությամբ, գիտական ֆանտաստիկայով` գրքերով, ֆիլմերով, և այլն։ Ես նախկինում` փոքր տարիքում, երբեք գիտության հետ որևէ առնչություն չեմ ունեցել։ Ես չեմ հավատում, որ, օրինակ, երեխաներին վախեցնելով հնարավոր է մաթեմատիկա կամ ֆիզիկա սովորեցնել։ Դա աբսուրդ է, անգամ, եթե այդ վախերն ու սպառնալիքներն անմիջականորեն կապվում են նրա, այսպես ասած` լուսավոր ապագայի հետ։ Հիմար խոսակցություններ են դրանք։

Առաջին ֆունդամենտալ քայլն այն է, որ երեխան ներսից հետաքրքրություն դրսևորի գիտության նկատմամբ, դրանից հետո նա այնպիսի ոգևորությամբ ու արդյունավետությամբ կսովորի, որ էլ որևէ մեկի միջամտության կարիքը չի էլ լինի։

Ես միշտ ինքնուս եմ եղել` նույնիսկ համալսարանական տարիներին։ Հետաքրքիր մի բան կար` կիսամյակի վերջում ոչ մի դասախոս չէր ուզում ինձ դրական գնահատական նշանակել, որովհետև ամբողջ տարին ինձ գրեթե չէին տեսնում լսարանում, նրանք ինձ դեմքով չէին էլ ճանաչում, բայց ես միշտ գերազանց պատրաստվածությամբ էի ներկայանում քննություններին, և, ասեմ ավելին` ես համալսարանը կարմիր դիպլոմով եմ ավարտել։

Garik

– Ինչո՞վ էին նրանք արժանացել Ձեր այդ վերաբերմունքին։

– Նախ` նրանով, որ նրանց մեծ մասը լավ չէր ներկայացնում թեման, անհետաքրքիր էր ժամերով լսել նրանց, մանավանդ, որ այն, ինչի մասին իրենք խոսում էին այդ դասախոսությունների ընթացքում` գրքերում ավելի հետաքրքիր էր նկարագրված։ Ես նախընտրում էի գրքերով սովորել։ Ընդ որում, ասեմ նաև, որ ես երբեք չեմ օգտվել գրադարաններից, ես այդ գրքերն ինքս էի գնում գրախանութներից` լավ հիշում եմ` հիմնականում «Բուկինիստ» գրախանութից էի գիրք գնում, և դրանք մշտապես իմ ձեռքի տակ էին։

Ավելին, ասեմ, որ ես օր ու գիշեր սովորողներից չէի։ Ժամանակիս զգալի մասն անցկացնում էի երաժշտություն լսելով, արշավների մասնակցելով ու ֆիլմեր նայելով, բայց արի ու տես` այն ոգեշնչումը, որ ես ստանում էի դրանցից` անգերազանցելի արդյունքներ էր տալիս բուն` սովորելու պրոցեսի համար։ Ես երբեք էլ շատ աշխատող չեմ եղել, ու ինձ թվում է, որ շատ աշխատելը վնասում է կրեատիվ մտքի զարգացմանը, պետք չէ… սխալ է, ու դա ինձ միշտ խանգարել է։ Երբ ես սկսում եմ չափից շատ ինչ-որ բանի վրա կենտրոնանալ, աշխատունակությունս կտրուկ ընկնում է։

Համալսարանում սովորելու տարիներին էլ այսպես էր, ու դա ինձ միշտ խնդիրների առաջ էր կանգնեցնում։ Չափազանց շատ բացակայություններ ունենալու պատճառով ինձ նույնիսկ մի անգամ հեռացրեցին կոմերիտմիությունից ու ես միշտ նման «խայտառակ» պատմությունների մեջ էի ընկնում։

Garik

Իմիջիայլոց, այն տարիներին կոմսոմոլի քարտուղարն այսօրվա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էր, ում հետ ես մեկ անգամ չէ, որ «պատերազմներ» եմ ունեցել։ Ինքն էն ուժեղ հավատացող կոմունիստներից էր…
Հրանուշ Հակոբյանը բոլոր ժամանակներում ու ամեն ինչին խորապես հավատում է, ինչից ես ուղղակի աբսուրդի մեջ եմ հայտնվում։ Ասպիրանտուրայում սովորելու տարիներին մենք երեք ընկերներով կոմերիտմիությունից հեռանալու դիմում գրեցինք։

Այն ժամանակ, իհարկե, Վիկտոր Համբարձումյանը մեզ կանչեց, թե` բա հասկանո՞ւմ եք ախր, թե ի՞նչ է նշանակում ձեր քայլը… Այդ ժամանակ «Գարունի» Մերուժանը (նկատի ունի «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր – Գուլանյանին.-Ն.Մ.) վեր կացավ, եկավ Բյուրական` մեր երեքիս հետ հանդիպման, որ իբր համոզի` հետ կանգնենք այդ գաղափարից` թե բա ի՞նչ եք անում, ա՛յ տղաներ, էս կողմ, էն կողմ… ու մեկ էլ տեսանք` հետևից Հրանուշը եկավ` ո՞վ է տեսել Բյուրականի գերազանց սովորող ասպիրանտները դիմում գրեն կոմսոմոլի շարքերից դուրս գալու համար։ Բայց դե էլ ի՞նչ, ասացինք` դա՛ է մեր վերջնական որոշումը, որոշումն ընդունել ենք։ Թերթերում գրեցին, «խայտառակ» եղանք, բայց ամենահետաքրքիրը հետո եղավ, երբ այդ մարդիկ կոմսոմոլից հետո դարձան դրոշակակիր ՀՀՇ-ականներ, իսկ մենք գնացինք երկրից…

Garik-Armstrong1

– Ե՞րբ եք մեկնել Հայաստանից։

– 1992-ին։ Սկզբնական շրջանում մի քանի տարի հրավիրված դասախոս եմ եղել Հոլանդիայի և Բելգիայի համալսարաններում, հետո մի տարի աշխատեցի Ավստրալիայում` Սիդնեյում, որից հետո Կանարյան կղզիներ մեկնեցի ու մինչ այսօր այնտեղ եմ։

– Ահա թե ո՞ւր բերեց Ձեզ ոգեշնչումը, պարոն Իսրաելյան, ու, թերևս, հենց ոգեշնչման արդյունք է «Starmus» գիտական փառատոնի համադրումները` երաժշտության կամ արվեստի այլ տեսակների հետ։

– Այո։ Այս փառատոնի և դրա այսպիսի ձևաչափի միջոցով ես փորձում եմ երկու խնդիր լուծել. նախ` գիտնականների հեղինակության խնդիրը, որը պետք է բարձրացնել ամբողջ աշխարհում, որովհետև ոչ մի տեղ Նոբելյան ոչ մի մրցանակակիր չունի 0.001 տոկոսն այն հեղինակության, որն ունեն, ասենք, 20 տարեկան ֆուտբոլիստները։ Սա համաշխարհային տենդենց է։ Սա և՛ ճանաչողության, և՛ հեղինակության խնդիր է։ Չգիտես` ինչի, ամբողջ աշխարհում կարևորություն և հեղինակություն է ձեռք բերում միայն այն, ինչ հանրահայտ է, ընդ որում` միշտ չէ, որ լայն զանգվածները հասկանում են այն, ինչը կարևորում են, տվյալ դեպքում խոսքը գիտությանն է վերաբերում։ Ես «Starmus»-ի միջոցով շատ հետաքրքիր էքսպերիմենտ արեցի. ի սկզբանե այս փառատոնի նպատակը հենց դա էր։

Մտածում էի, որ եթե մեկտեղ հավաքեմ Նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների, աստղագետների ու չափազանց աշխարհահռչակ երաժիշտների ու արվեստագետների, սա արդեն մեծ իմպուլս կստանա, որովհետև, ցավոք, միայն գիտնականների մասնակցությամբ այդ արդյունքը ես չեմ ստանում։ Նաև շատ լավ տեղյակ եմ, որ աշխարհահռչակ արվեստագետներից շատերը մեծապես հարգում են գիտությունը, մանավանդ` աստղագիտությունը, և այս մարդիկ համաձայն են հավաքվելու մի գաղափարի շուրջ` նրանց համար այս գիտնականների հետ համատեղ հանդես գալը մեծ պատիվ է։

– Տեղյակ եմ, որ Դուք հանրահայտ երաժիշտներին կամ գիտնականների այդ փառատոնին եք բերում Ձեր անձնական կապերի շնորհիվ, դա այդպե՞ս է։

– Մասամբ` այո, ճիշտ գիտեք։ Հիմա` երրորդ «Starmus»-ին կմասնակցեն թվով 12 Նոբելյան մրցանակակիրներ, և, երբ դեկտեմբերին Լոնդոնում նախատեսված մեծ շնորհանդեսի ժամանակ ես հայտարարեմ, թե ինչ երաժշտական աստղեր են մասնակցելու այս տարվա փառատոնին` դա «սարսափելի» մի բան կլինի…

Garik Garik Israelyan (1)

– Հիմա չե՞ք ասի։

(Ժպտում է.- Ն.Մ.) Դեռ ոչ։ Երեք տարվա փառատոնային իմ փորձն ինձ բավական էր` հասկանալու համար, որ լրագրողներին վստահել ոչ մի դեպքում պետք չէ գ Բայց ձեզ հիմա ավելի կարևոր բան կասեմ, մի կարևոր հանգամանք, ևս` բացի գիտնականներից, Նոբելյան մրցանակակիրներից ու աշխարհահռչակ երաժիշտներից, այս փառատոնն իր շուրջն է հավաքել նաև բիզնես աշխարհի հսկաներին, ՏՏ ոլորտի հզոր մասնագետներին։

– Հետաքրքիր է` աշխարհի մասշտաբով հայտնի գործարարները հետաքրքրվա՞ծ են աստղաֆիզիկայի ոլորտում ներդրումներ անելու, ոլորտի զարգացմամբ։

– Իհարկե։ Խնդիրն այստեղ միայն այն է, որ այս ոլորտում ներդրված գրեթե ողջ ֆինանսական միջոցները ծախսվում են հիմնականում ինժեներական խնդիրների և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Աստրոլոգիան այսօր 99 տոկոսով տեխնոլոգիաներից կախված գիտություն է։

– Իսկ գիտական մտքի զարգացումն ի՞նչ տեղ է զբաղեցնում ժամանակակից աստղագիտության ոլորտում։

– Դա գալիս է աշխատելու միայն այն ժամանակ, երբ մենք տիեզերքից ստանում ենք մեզ հասած ինֆորմացիան։ Սյդ ժամանակ արդեն գործին են խառնվում աստղագետները, բայց դա ենթադրում է ամբողջ բյուջեի մի տոկոսի ծախսերը միայն, որն էլ իրականում վերջնական ձևավորված տեսքի է բերվում տիեզերական թռիչքներից, ասենք, 10 տարի հետո։ Օրինակ, երբ ՆԱՍՍԱ-ն հայտարարում է, թե այս կամ այն նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է 500 մլն. դոլար, ապա հաստատ իմացեք, որ դրանից 499 մլն դոլարը գնում է տեխնիկական նախապատրաստական աշխատանքների վրա։

– Արդեն հայտնի է, որ առաջիկա «Starmus»-ն իր շուրջը համախմբելու է հայտնի նկարիչներին, այո՞։

– Այո, այս տարվա փառատոնը կհամադրվի նկարչության հետ։ Նկարիչներ կան, որ space art ոճում են ստեղծագործում, նկարում են տիեզերքը, մոլորակները և այլն։ Սա ամբողջովին ֆանտազիայի ու մի քիչ էլ գիտության վրա հիմնված հետաքրքիր արվեստի ճյուղ է։ Այդ արտիստները հայտնի են նրանով, որ մշտապես թարմացնում են աստղաֆիզիկայի և աստղագիտության, մոլորակների մասին իրենց ունեցած գիտելիքները ու սկսում են շատ հետաքրքիր ինտերպրետացիաներ անել։

Կա արտիստների մի մեծ բանակ, ովքեր ոգեշնչված են գիտության վերջին բացահայտումներով ու իրենց արվեստը զարգացնում են` այդ ոգեշնչումներից ելնելով։ Այդ արտիստները երբեք չեն մեկտեղվել իրար հետ կամ, եթե ինչ-որ բաներ էլ անում են, ապա ցրված` այս ու այն կողմ։ Ուզում եմ` նրանք էլ խառնվեն այսպիսի մի փառատոնին, որի հիմնական ողնաշարն աստղագիտությունն է` տիեզերքի հետ ազատությունը, բայց որի կողքին պտտվում են մնացած գիտությունները` գենետիկան, բիոլոգիան, ինժեներիան և այլն։

Գիտական մասից զատ, աստղագիտության կարևորությունը, որ ես միշտ ընդգծում եմ «Starmus»-ի շրջանակներում, այն է, որ հասարակության մեջ սա միակ գիտությունն է, որ թույլ է տալիս մտածել մեծ մտահորիզոնի զարգացմամբ։ Այլ կերպ ասած` սա այն գիտությունն է, որ թույլ է տալիս հասկանալ, որ մարդկությունը զրո է, ոչինչ։ Ուրիշ ոչ մի գիտություն չի բացահայտում այս ճշմարտությունն այնպես, ինչպես դա անում է աստղագիտությունը։ Սա գիտություն է, որ կարող է փոփոխել մարդկանց կոնցեպտուալ մտածողությունը, այլ կերպ ասած` մարդ սարքել։

Եթե վերցնենք, որ հասարակությունը բաժանվում է երկու մասի` մարդիկ, որոնց համար երկինք չկա, միշտ ամպ է, նրանք ոչ մի գաղափար չունեն աստղերի մասին, ու մի ուրիշ հասարակություն, որ մշտապես մնում է այս թեմայի մեջ, սա նրա համար մշտապես արդիական թեմա է։ Մարդկանց վերջին խումբը շատ ավելի զիլ ու կրեատիվ հասարակություն է, որովհետև իրենք հասկանում են իրենց տեղը, թե իրենք որտե՞ղ են հայտնվել, որտեղի՞ց են գալիս, ի՞նչ պատասխանատվություն է դրված իրենց վրա, ու, թե իրենք որտե՞ղ են ապրում։ Հենց այս հասարակությունն է, որին շատ դժվար է խաբել բոլոր առումներով` թե քաղաքական, թե այլ։

– Ու հենց այդ հասարակությունն է, կարծեմ, որ իրենից, այսպես ասած, մեծ վտանգ է ներկայացնում…

– Այո, որովհետև սա շատ քննադատ հասարակություն է և կոռումպացված հասարակությունների համար իրենից իսկապես մեծ վտանգ է ներկայացնում։ Այս հասարակությունը մտածում է շատ ազատ, և այդ մարդկանց շատ դժվար է խաբել` օրինակ` իմ պես մարդկանց։ Ինչպե՞ս, օրինակ, կխաբեն ինձ, ասենք` քաղաքական գործիչները…

Starmus

– Բայց փորձո՞ւմ են խաբել։

– Իհա՛րկե, դա փաստ է և շատ պարզ փաստ։ Եվ Իսպանիայի կառավարությունն է փորձում խաբել, ամենուր կա այդ խնդիրըգ Ես դրան նորմալ, այսպես ասած` օրինաչափ եմ վերաբերվում, որովհետև բոլորին են փորձում խաբել։ Եթե մարդը սովոր է տրամաբանական մտածողության, այդ մարդկանց շատ դժվար է լինելու խաբել` դե գնա ու խաբի, իսկ ժողովրդին կամ մասսաներին, որին դու չես կրթում և մակարդակը կանխամտածված ցածր ես պահում` հեշտությամբ և անարգելք կխաբես։

Հիշեցնենք, որ «Starmus» առաջին փառատոնը տեղի է ունեցել 2011թ. մարտին, Կանարյան կղզիներում` Տեներիֆեում. այն գիտական, երաժշտական և գեղարվեստական իրադարձություն է։ Նորաստեղծ «Starmus»-ի մեկնարկային փառատոնը նվիրված էր առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին։ Փառատոնին մասնակցում էր նաև ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգը (Neil Armstrong), ով առաջին մարդն էր, որ 1969թ. հուլիսի 20-ին ոտք դրեց Լուսնի վրա։ Փառատոնին մասնակցում էին աշխարհահռչակ տիեզերագնացներ, տարբեր ոլորտների գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, երաժիշտներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ և այլք։ Զեկույցներով էին հանդես եկել 1965թ. բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, «Ապոլոն-8» տիեզերանավի տիեզերագնաց Բիլլ Անդերսը (Bill Anders), ով 1968թ. դեպի Լուսին թռիչքին մասնակցեց, Չառլի Դյուկը (Charlie Duke)` «Ապոլոն-16»-ից, Ջիմ Լովելլը (Jim Lovell)` «Ապոլոն-13» տիեզերանավի հրամանատարը, ում շատերը հիշում են 1970թ. թռիչքից` իր հայտնի արտահայտությամբ` «Հյուսթոն, մենք խնդիր ունենք», որը նա ասաց ուժգին պայթյունից հետո։ Այնտեղ էր Վիկտոր Գորբատկոն, Յուրի Բատուրինը, Ջորջ Սմիթը (George Elwood Smith), Կիպ Տորնը (Kip Thorne), Ռոբեր Ուիլյամսը (Robert Williams), Ջեկ Շոստակը (Jack Szostak), Ջիլլ Թարթերը (Jill Tarter), Միշել Մայորը (Michel Mayor), Բրայան Մեյը (Brian May), Սամի Սոլանկին (Sami Solanki), Ռոբերտ Ուիլսոնը (Robert Wilson), Ադամ Բարրոուզը (Adam Burrows), Ջորջ Սմութը (George Smoot), Լեսլի Սեյջը (Leslie Sage), Ջոզեֆ Սիլքը (Joseph Silk) և շատ-շատերը։

 

Տեսանյութեր

Լրահոս