Բաժիններ՝

«Խնձորապուր». Պատմություն, որտեղ ծնողն ու երեխան միասին են, մի պատմության հերոսներ

Հոկտեմբերի 31-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Խնձորապուր» մանկական գրքի շնորհանդեսը: Այն հայտնի բելգիացի հեղինակ-նկարազարդող Կլաաս Վերպլանկի «Appelmoes» գրքի թարգմանությունն է: Գիրքը պատմում է մի տղայի և իր հոր փոխհարաբերությունների մասին՝ փոքրիկի տեսանկյունից: 2012թ. Իսպանիայում լավագույն մանկական գիրք ճանաչված և Բելգիայում 3 անգամ վերահրատարակված «Խնձորապուր» գիրքն արդեն հասանելի է նաև հայ ընթերցողներին:

12200610_984930278247622_1668412802_n

Աշխարհահռչակ մանկական նկարազարդող-հեղինակ, բելգիացի Կ. Վերպլանկի «Խնձորապուր» գիրքն առաջին անգամ է հայերեն թարգմանվում: Նրա թեթև տեքստերն ու օրիգինալ, տպավորվող նկարազարդումները գիրքը դարձնում են է՛լ ավելի հետաքրքիր՝ թե՛ մեծահասակների, և թե՛ երեխաների համար: Շնորհանդեսը, որին ներկա էին բազմաթիվ երեխաներ, վարում էր դերասան Հրանտ Թոխատյանը:

Շնորհանդեսից հետո մենք զրուցեցինք Հ. Թոխատյանի հետ:

xndzorapur (5)

«Կարծում եմ, որ մեզ համար գիրքը մի փոքր անսպասելի է, որովհետև մենք մանկական գիրք ասելով, չգիտես ինչու, առաջին հերթին՝ պատկերացնում ենք հեքիաթ կամ պատմվածք: Տվյալ գրքում մենք լսում ենք երեխայի ձայնը, մտորումները հայրիկի մասին: Ամենակարևորը՝ շատ գունեղ է և գրված մատչելի լեզվով: Գիրքը գտնելու է իր ընթերցողին»,- ասում է Հ. Թոխատյանը:

Նա նաև նշեց, որ հիմա այլևս չի կարդում իր դստեր համար հեքիաթներ, քանի որ աղջիկն արդեն մեծ է և ինքնուրույն է կարդում: «Ընդհանրապես իմ երեք երեխաների համար հեքիաթներ պատմելիս ես ավելի շատ հորինել եմ, քան պատմել բուն հեքիաթը: Իմ երեխաներից յուրաքանչյուրն ունեցել է իր հեքիաթը»,- ասում է Հ. Թոխատյանը:

«Վերպլանկի գրքերը թարգմանվել են աշխարհի 30 լեզուներով: Նա ստացել է բազում մրցանակներ՝ թե՛ սեփական երկրում, և թե՛ արտերկրում: Հայ ընթերցողին Վերպլանկի գիրքը հասանելի դարձավ՝ շնորհիվ «Ես կարող եմ» ստուդիայի հիմնադիր Արևիկ Աստաբացյանի, գործարար Արմեն Կարապետյանի և թարգմանիչ Սամվել Ղռաթյանի: 2010թ. լույս տեսած «Խնձորապուր» գրքի բնօրինակը դրական արձագանք է ստացել մի շարք միջազգային գրաքննադատների կողմից և հաջողություն է վայելել տարբեր երկրներում: Կորեայում այն վաճառվել է 100.000 տպաքանակով»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

12181823_984930268247623_1280709531_n

Կ. Վերպլանկ նկարազարդողը նաև համագործակցում է մի շարք եվրոպական և միջազգային հայտնի ամսագրերի և օրաթերթերի հետ, ինչպիսիք են ամերիկյան «The New York Times»-ը և բելգիական «De Standaard»-ը: Առաջին անգամ նա Հայաստան է եկել IBBY հրավերով այս տարվա հունիսին: Սա նրա երկրորդ այցն է Հայաստան:

«Հնարավոր է`սա հայալեզու մանկական առաջին գիրքն է, որի գլխավոր հերոսը ոչ թե մայրն է, այլ` հայրը: Հետաքրքիր է նաև այն, որ հայրը գրքում ներկայացված է ոչ իբրև մշտական «դրական» հերոս: Երեխան, բնականաբար, տարբեր կարծիքներ և էմոցիաներ է ունենում հոր նկատմամբ օրվա ընթացքում, նայած, թե ինչ է տեղի ունենում՝ խաղ, նկատողություն, դասերի մասին հիշեցում, TV դիտել, և այլն: Այսինքն՝ «Խնձորապուր» գիրքը պատմում է բնական և ամենօրյա հարաբերությունների մասին»,- ասվում է շնորհանդեսի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում:

xndzorapur (1) xndzorapur (3)

Մենք զրուցեցինք նաև «Խնձորապուր» գրքի հեղինակ Կլաաս Վերպլանկի հետ, ով պատմեց, թե ինչու է հենց խնձորապուրն ընտրվել հայր և որդի փոխհարաբերությունների մասին պատմող մանկական գրքի հիմքում, և որքանով հայ հայրերը կընկալեն «Խնձորապուր» գրքի ուղերձը:

xndzorapur (7) xndzorapur (2)

«Ես հաճախ եմ տանը պատրաստում խնձորապուր: Այն շատ են սիրում իմ երկրի բոլոր երեխաները, և հատկապես՝ իմ երեխաները: Գրքում ևս հայրը խնձորապուր է պատրաստում իր որդու համար, քանի որ նա այն շատ է սիրում: Այս պատմության մեջ ծնողն ու երեխան միասին են, մի պատմության հերոսներ են: Եթե ամեն ծնող գոնե 8 րոպե ժամանակ գտնի և իր երեխայի համար գիրք կարդա, այդ կապն արդեն իսկ ստեղծվելու է: Կարծում եմ՝ այստեղ կապ չունի ազգությունը, կարևորը հոր ցանկությունն է՝ իր երեխայի համար ամբողջ օրվա ընթացքում թեկուզ փոքրիկ ժամանակ հատկացնելը»,- ասում է Կլաասը:

Մենք զրուցեցինք նաև Արմեն Կարապետյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է ձեռներեցը որոշում կայացրել` զբաղվել օտարալեզու գրքի հայերեն տարբերակի թողարկմամբ: «Որոշեցի գիրքը թարգմանել հայերեն և տպագրել, որովհետև շատ սիմպո նկարազարդումներ են իրականում, տեքստ ևս ինձ հոգեհարազատ է, քանի որ հոր և որդու մասին է: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր հայր հսկայական դեր ունի երեխայի զարգացման և դաստիարակության գործում: Շատ ավելի մեծ, քան սովորաբար խաղում է: Փող տալուց, նվերներ գնելուց և բոբոյի դերով ներկայանալուց բացի՝ կան շատ ավելի կարևոր բաներ: Առաջին հերթին՝ միասին ժամանակ անցկացնելը: Ինքս, բոլորի պես, շատ եմ սիրում տղայիս, Դավիթս 4 տարեկան է, և աշխատում եմ հնարավորին շատ ժամանակ անցկացնել նրա հետ՝ միասին զբոսնել, զրուցել, խաղալ, կարդալ: Ես զգում եմ, որ հայկական շուկայում գեղեցիկ նկարազարդմամբ մանկական գրքերի կարիք կա: Այս նախաձեռնությունն իմ առաջին փորձն է գրքի շուկայում, բայց ես պլանավորում եմ ևս երկու-երեք գրքի թողարկել` կրկին նվիրված հայր և որդի թեմային:

xndzorapur (8) xndzorapur (9) xndzorapur (6)

Ի դեպ, ես հույս ունեմ հիմնել, այսպես ասած, հայրիկների ակումբ, որտեղ հայրերը կամ նրանք, ովքեր դեռ նոր պետք է դառնան հայր, կկարողանան հավաքվել, քննարկել իրենց հուզող բոլոր հարցերը`առնչվող երեխայի դաստիարակության հետ: Երբ Արևիկը ցույց տվեց ինձ Կլաասի գիրքը, գրեթե միանգամից ծագեց այդ միտքը՝ թարգմանել այն հայերեն: Մենք համոզված ենք, որ գիրքը կլինի հետաքրքիր և՛ պապաներին (մամաներին էլ, իհարկե, չմոռանանք), և՛ երեխաներին: Կարևոր է՝ ժամանակ առ ժամանակ նայել ծնող-երեխա հարաբերություններին երեխայի աչքերով և փորձել հասկանալ, թե ինչ էմոցիաներ, մտավախումներ, ապրումներ, սպասումներ ունի երեխան՝ շփվելիս իր ամենահարազատ մարդկանց հետ: «Խնձորապուրը» տալիս է մեզ այդ հնարավորությունը»,- ասում է Ա. Կարապետյանը:

Մեր հարցին, թե որքա՞ն ներդրում է արվել այս ամենը կազմակերպելու և հայ ընթերցողին գիրքը հայերեն լեզվով հասցնելու համար, Ա.Կարապետյանը պատասխանեց. «Մեկ ու կես միլիոն դրամ: Այսօր միայն գիրքը վաճառվում է 3500 դրամ, նույնիսկ իր ինքնարժեքից էժան: Բայց միայն այսօր: Երբ այն հայտնվի գրախանութներում, բնականաբար, այն այլ գին կունենա: Որքան շատ գիրք այսօր այստեղ վաճառվի, այնքան ես տուժում եմ՝ որպես ձեռներեց: Բայց դա ինձ չի հուզում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս