Երկու կանխատեսում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հայաստանում մարդիկ կան, որոնք այնքան են սիրում Պուտինին, որ գնում, չոքում են Ռուսաստանի դեսպանատան առաջ՝ շնորհակալություն հայտնելով Սիրիայում այդ երկրի ծավալած մարտական գործողությունների համար: Տեսարանն ինձ հիշեցնում էր Մուսորգսկու «Բորիս Գոդունով» հանճարեղ օպերայի առաջին գործողությունը, երբ «պրիստավը» ստիպում է ժողովրդին փառաբանել նոր թագավորին: Դա չի նշանակում, որ Սիրիայի հակամարտությանը մասնակցելը սխալ քայլ էր՝ խոսքն ընդամենը դարերի ընթացքում ձեւավորված ավանդույթի մասին է:

Բայց Հայաստանում կան մարդիկ, որոնք այն աստիճանի են ատում Պուտինին, որ օրը մեջ կանխատեսում են, թե Ռուսաստանը մոտակա ժամանակներս կկործանվի: Ահա այստեղ է, որ ես կարող եմ վստահաբար ասել, որ նման՝ մեզ համար խիստ անցանկալի երեւույթ տեղի չի ունենա: «Խառնակ ժամանակներ» (ինչպիսին էր, ի դեպ, Ռուսաստանում 17-րդ դարի սկիզբը), շատ հավանական է, կլինեն, որովհետեւ այդ երկիրը ներքին «հակաթույն» չունի «պուտչերի» դեմ. չկան այն ինստիտուտները՝ նախեւառաջ արդար ընտրություններն ու լուրջ հակակշիռ հանդիսացող խորհրդարանը, որոնք կբացառեն պալատական հեղաշրջումները:

Քաղաքագետները, քաղաքական գործիչները չեն սիրում կանխատեսումներ անել (ժամանակին նրանցից մեկն ասել է՝ «ես հո Վանգանը չեմ»), նրանք վախենում են սխալվել, եւ դրա համար սահմանափակվում են լղոզված ձեւակերպումներով՝ «ժամանակը ցույց կտա», «կանխատեսումներ անելը շնորհակալ գործ չէ»: Բայց քանի որ ես ոչ քաղաքագետ եմ, ոչ էլ գործիչ, մի կանխատեսում էլ անեմ. ի հեճուկս իմ որոշ բարեկամների հաշվարկների՝ ոչ մի Սահմանադրության պարագայում Հայաստանում Ազգային ժողովի նախագահը երկիր չի կառավարելու՝ անկախ նրանից, թե նա «գենսեկ» կլինի, թե չի լինի: Բացառված է, որ ՀՀ ԱԺ նախագահը մեր երկրի անունից բանակցություններ վարի Պուտինի կամ, ասենք, Ալիեւի հետ: Ժամանակակից աշխարհում նման նախադեպ չկա: Բացառված է նաեւ, որ նրա ձեռքում լինեն երկրի տնտեսության լծակները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս