«Մեր իշխանությունը մեր ռազմավարական գործընկերոջը բավարարելու համար մնում է ՀԱՊԿ-ում». Քաղաքագետ

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որը բազմաթիվ խնդիրներ ունի, ու մեր անվտանգությունը կախված է նաև նրանից, թե Հայաստանն ում հետ է համագործակցում իր անվտանգությունը պահպանելու համար. Հայաստանն ընտրել է Ռուսաստանին՝ որպես ռազմավարական գործընկեր: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Հայաստանն ուղղակի «ստիպված է» համագործակցել Ռուսաստանի հետ:

«Վերջին մեկուկես տարիների ընթացքում Ադրբեջանը սիստեմատիկ խախտում է զինադադարը ոչ միայն՝ ղարաբաղաադրբեջանական, այլև՝ հայ-ադրբեջանական սահմանին, ու ռմբակոծում է հայկական խաղաղ գյուղերը: Մեր ռազմավարական գործընկերը վերջին տարիների ընթացքում շատ ակտիվ համագործակցում է Ադրբեջանի հետ՝ սպառազինությունների առքուվաճառքի առումով, որն արդեն հասել է 4-5 միլիարդ ԱՄՆ դոլարի չափին: Ռուսաստանը բավականին նոր ռազմական տեխնիկա է մատակարարում Ադրբեջանին: Մենք ստիպված ենք համագործակցել Ռուսաստանի հետ, որովհետև ուրիշ ավելի կոնկրետ երաշխավոր Հայաստանը չունի, հիմա շատ բարդ շրջան է: Մենք այնպիսի հարևան ունենք, որ Հայաստանը միայնակ չի կարող իր անվտանգությունը պահպանել»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը միայն մեկ առավելություն է տալիս. կարող է ավելի ցածր գնով զենք-զինամթերք գնել Ռուսաստանից, քան Ադրբեջանը, բայց «Հայաստանն ունի սուղ միջոցներ ու չի կարող այնքան զենք-զինամթերք գնել, ինչքան Ադրբեջանը»:

Ըստ նրա՝ ՀՀ-ն չի կարող Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ անդամների վրա հույս դնի. «Քանի որ իրենք իրենց արտաքին քաղաքական դոկտրինայում հայամետ քաղաքականություն չեն վարում: Մեր իշխանությունը մեր ռազմավարական գործընկերոջը բավարարելու համար մնում է ՀԱՊԿ-ում»:

Կարդացեք նաև

Գ. Համբարյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը միշտ ցանկանում է Ռուսաստանին ներկայացնել այնպիսի երկիր, որ Մինսկի անդամ լինելով՝ պաշտպանում է Հայաստանի շահերը, բայց, ըստ նրա՝ դա այդպես չէ. Ռուսաստանը շատ սերտ ռազմական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ, բայց Ռուսաստանը հայ-ռուսական հարաբերությունները փորձում է ներկայացնել՝ որպես հակաադրբեջանական. «Հույս ունեմ՝ ՌԴ-ն անդրկուլիսյան հարաբերություններում զուսպ է պահում Ադրբեջանին»:

Նրա կարծիքով՝ լինելով մեր ռազմավարական գործընկերը՝ ՌԴ-ն պետք է ավելի զսպի ու ավելի կոշտ վերաբերվի Ադրբեջանին:

Գ. Համբարյանը համոզված է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ավելի է ամրացնում Ռուսաստանի դիրքերը Հայաստանում. «Թուրքիան Հայաստանը դիտում է՝ որպես Ռուսաստանի անվտանգության համակարգի մաս, ու խախտելով հայ-թուրքական օդային տարածքը՝ նա ուզում էր տեսնել՝ Ռուսաստանն ի՞նչ քայլերի կդիմի: Բայց դիվանագիտական կամ որևէ այլ կարգի արձագանք մենք չտեսանք ո՛չ Ռուսաստանի, և ո՛չ էլ Հայաստանի կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս