ՀԱՊԿ-ՆԱՏՕ. Գտիր տարբերությունը

Հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից ռուսական «ՄիԳ 29» կործանիչը խախտեց Թուրքիայի պետական սահմանը: Ռուսական կործանիչը Թուրքիայի օդային տարածքում գտնվել էր չորս րոպե 30 վայրկյան: Թուրքական օդուժն անմիջապես արձագանքել էր` ռուսական ինքնաթիռի պատճառով օդ էին բարձրացել երկու F 16-եր: Ռուսական ինքնաթիռն անմիջապես լքել էր տարածքը: Ռուսաստանը ստիպված եղավ հայտարարել, որ կատարվածը թյուրիմացություն է` պարզապես օդաչուն կարճ ժամանակով կորցրել էր կողմնորոշումը տեղանքում:

Բառացիորեն հաջորդ օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ հրավիրում է ռազմական դաշինքի խորհրդի նիստ: Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Բրյուսելում ոգևորված հայտարարեց. «Բոլորին է հայտնի մեր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ», և շարունակեց` «Թուրքիայի վրա հարձակումը նշանակում է` հարձակվել ՆԱՏՕ-ի վրա»: Բոլորի համար հասկանալի էր, որ 4,5 րոպեանոց միջադեպի պատճառով ՆԱՏՕ-ն Ռուսաստանին պատերազմ չի հայտարարի: Բայց միևնույն է՝ ռազմական այս ալյանսն իրեն պարտավորված զգաց խորհրդի նիստ գումարելու:

Դիվանագիտական լեզվով դա հավանաբար նշանակում է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զգուշացնում է, որ իր քաղաքական ու ռազմական ղեկավարությունը քննարկելու է միջադեպն ու որոշելու է իր հստակ անելիքներն իրավիճակի կրկնության դեպքում: Ռազմական կառույցները, որպես կանոն, չեն հրապարակում քննարկված հարցերն ու ընդունած որոշումները: Բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մինչ քննարկումները Ռուսաստանին կոչ արեց չխախտել ՆԱՏՕ-ի սահմանները և «Ձեռնպահ մնալ դաշինքի հետ լարվածությունը սրելու փորձերից»:

Միջադեպից հետո հրապարակված արձագանքներն ուղղված էին ոչ միայն Ռուսաստանին: Դրանք, թերևս, Թուրքիայի բնակչությանն ուղված խոսք էին՝ առաջին հերթին: ՆԱՏՕ-ն իր անդամ երկրի բնակչությանը հստակ բացատրում էր, որ հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր սահմանները Սիրիան ռմբակոծող ռուսական օդուժից: Այս դեպքերից մեկ ամիս առաջ ադրբեջանական հրետանին հինգ կիլոմետր խորությամբ հարվածում էր Հայաստանի տարածքներին: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Այսինքն` հրետակոծվում էր ՀԱՊԿ տարածքը:

Ռազմական այս ալյանսը որևէ վերաբերմունք չցուցաբերեց: Մենք այդպես էլ չիմացանք` ՀԱՊԿ կոչվող կազմակերպությունը որևէ պարտավորություն ունի՞ տվյալ դեպքում, թե՞ ոչ: Հասարակության համար այս խնդիրը ոչ ռազմաքաղաքական փորձագետները վերլուծեցին (ովքեր ամենատրիվիալ խնդիրներով հեկտարներով ասուլիս են կազմակերպում), ոչ էլ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը: «Հապա ինչո՞ւ ենք անդամագրվել այդ կառույցին» հարցն ավելի շատ հասարակական տրանսպորտում էր քննարկվում, քան քաղաքական շրջանակներում: Իսկ հետո պատկերը փոխվեց: Բայց այդ մասին մենք բավական ուշ տեղեկացանք: Ավելին, նույնիսկ ամբողջական պաշտոնական տեղեկատվության չարժանացանք: Սկզբում մեր մամուլում լուր հրապարակվեց, որ թուրքական ռազմական ուղղաթիռները խախտել են ՀՀ օդային տարածքը: Ռուսական մամուլը մանրամասնեց, որ հոկտեմբերի

6-ին և 7-ին թուրքական ռազմական տրանսպորտային ուղղաթիռներն Իգդիրից Կարս թռչելիս Արմավիր քաղաքի հարևանությամբ մտել են ՀՀ տարածք: Կրկին բոլորը լռում էին, ռազմական փորձագետներից` մինչև երկրի ռազմաքաղաքական հրամկազմ: Համարյա երկու շաբաթ անհրաժեշտ եղավ, որ հասարակությանը որևէ բացատրություն տալու իմիտացիայի համար այդ հրամկազմը տեղեկատվական արտահոսքի պես մի բան «բաց թողեց» լրատվամիջոցներից մեկում: Պարզվում է` դեպքն իսկապես տեղի է ունեցել: Բայց պարզ չի` երկու օ՞ր են թուրքական ինքնաթիռներն ազատ ճախրել մեր օդային տարածքում, թե՞ մեկ: Տեսեք, թե ինչ է գրված այդ արտահոսքի մեջ. «Երկու շաբաթ առաջ թուրքական ուղղաթիռը 2-4 րոպե տևողությամբ խախտել էր հայ-թուրքական սահմանը:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ թուրքական ռազմական ուղղաթիռների սահմանը խախտելու փորձին արձագանքել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ավիացիոն մասի զինվորականները»: Ավելի բրնձած տեքստ գոնե ես դեռ չէի կարդացել: Առաջին նախադասությունում խոսվում է մեկ ուղղաթիռի մասին, իսկ երկրորդում՝ պարզվում է` սահմանն ուղղաթիռներ են խախտել:

Առաջին նախադասության մեջ հստակ նշվում է, որ թուրքական ուղղաթիռը խախտել է սահմանը, իսկ երկրորդում այն անվանվում է «սահմանը խախտելու փորձ»: Եթե որևէ մեկը մինչև վերջ կարդացել է ՀԱՊԿ-ի դեմքը փրկելու հուսահատ ու բրնձած տեքստը, գիտի, որ թուրքական ուղղաթիռները վերադարձել են մինչև ռուսական կործանիչի (խոսքը, ի դեպ, նույն ՄիԳ 29-ի մասին է) օդ բարձրանալը: Հետո ռուսական ինքնաթիռը հերսոտած մի ժամի չափ պտտվել է սահմանի երկայնքով: Հավանաբար հասարակությանը հանգստացնելու համար հորինված այս տեքստը պնդում է, որ թուրքական կողմն ընդունել է իր սխալը և այն բացատրել եղանակային անբարենպաստ պայմաններով: Թուրքիայի սահմանը ՆԱՏՕ-ի սահման է: Հետևաբար` Թուրքիայի ռազմական օդուժը ՆԱՏՕ-ինն է:

Կարելի է ենթադրել, որ ՀՀ սահմանը ՀԱՊԿ սահմանն է: Հետևաբար` պիտի պաշտպանվեր այդ կառույցի կողմից: Իհարկե, ոչ ոք չի պահանջի, որ 2-4 րոպեանոց միջադեպի պատճառով ՀԱՊԿ-ն պատերազմ հայտարարի ՆԱՏՕ-ին: Բայց գոնե կարելի՞ է պահանջել, որ ՀԱՊԿ-ն էլ իրեն նույնքան արժանապատիվ պահի, որքան Հյուսիս-Ատլանտյան դաշինքի «տղերքը»: Կարելի էր, չէ՞, նիստ անել ու քննարկել միջադեպը: Դա հարկավ ուղերձ կլիներ: Նախ` ուղերձ սեփական բնակչությանը, որ մենք քնած չենք սահմաններին: Երկրորդ` ուղերձ թուրքական օդուժին, որ քննարկեցինք ու հստակ, որոշեցինք մեր անելիքը միջադեպի կրկնության դեպքում:

Բայց դե, նման պատասխանի համար, հարկավ որոշակի պարտադիր պայմաններ են անհրաժեշտ, որոնցից առաջինը, իհարկե, հարգանքն է սեփական կամքով կնքված պայմանագրերի նկատմամբ: Թերևս, միայն այդ վերաբերմունքի դեպքում են պայմանագրերը վստահելի դառնում կամ իրենցից որևէ բան ներկայացնում: ՆԱՏՕ-ում այդ մասին գիտեն, իսկ ՀԱՊԿ-ո՞ւմ:

Տեսանյութեր

Լրահոս