Բաժիններ՝

Տուգանքների վճարման ժամկետը չի երկարացվի. Կառավարությունը դեմ է ՕԵԿ-ի նախաձեռնությանը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի և Լևոն Դոխոլյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման անհրաժեշտությունն այն է, որ վարչական իրավախախտումներ կատարած ՀՀ քաղաքացիների մի մասն արտասահմանում գտնվելու, իսկ մյուս մասը` հարգելի այլ պատճառներով հնարավորություն չեն ունեցել վեց ամսվա ընթացքում իրականացնել տուգանքների վճարումները և առաջարկվում է «վեց ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով: ՀՀ կառավարությունը բացասական եզրակություն է տվել ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, քանի որ, մասնավորապես, ներկայացված առաջարկության հիմնավորածությունը լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ են վիճակագրական տվյալներ այն մասին, թե տոկոսային հարաբերակցությամբ որքան է այն անձանց թիվը, ովքեր հնարավորություն չեն ունեցել 6 ամսվա ընթացքում իրականացնել տուգանքների վճարումները և դրանք տվյալ ժամանակահատվածում թույլ տրված իրավախախտումների որ մասն են կազմում:

Կառավարությունը քննարկել է նաև վերոնշյալ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագծի վերաբերյալ: Ըստ ներկայացված հիմնավորման` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային երթևեկության նվազ վտանգավորություն ունեցող խախտումների համար սահմանված տուգանքների չափի նվազեցմամբ՝ նկատի ունենալով ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը: Կառավարության եզրակացության համաձայն, նախագծում պատշաճ հիմնավորված չէ տուգանքների չափերի նվազեցման անհրաժեշտությունը և օրինագծի հիմնավորման մեջ բացակայում են վիճակագրական տվյալները, համապատասխան վերլուծությունները և այլն: Նշվել է նաև, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ներկայումս մշակում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որում ամրագրվում են նոր մոտեցումներ և սկզբունքներ: Բացի այդ, նշված է, որ սեպտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ստեղծված հանձնաժողովի աշխատանքների օրակարգում է ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգի ներդնումը: Կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկել է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից:
Քննարկվել է նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է վերացնել պետական մարմինների կողմից մատուցվող այն ծառայությունների համար պետական տուրքը, որի չափը հիմնականում չի գերազանցում երկու հազար դրամը: Կառավարությունը նախագծի ընդունումը համարել է ոչ նպատակահամար:
Օրինագծերն ու կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս