«Անհրաժեշտ է ոչ ասել ներկայացվող նախագծին». Երվանդ Վարոսյան

Հայաստանում այսօր օբյեկտիվորեն առկա չեն պայմաններ գործող Սահմանադրությունը փոխելու կամ նորն առաջարկելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասաց, որ այս եզրահանգմանն է եկել փաստաբանների՝ 52 հոգուց կազմված խումբը, որն ուսումնասիրել է առաջարկվող փոփոխությունները: Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, որ խումբը գտել է, որ անհրաժեշտ է «ոչ» ասել ներկայացվող նախագծին. ««Ոչ» ասել այն պատճառով, որ Հայաստանում այսօր Սահմանադրություն փոխելու օբյեկտիվ անհրաժեշտություն չկա՝ ա, և բ՝ նախագիծը պարունակում է ռեալ և լուրջ վտանգներ՝ և կառավարման համակարգում, և մարդու իրավունքների բաժնում, որոնք հղի են լուրջ հետևանքներով»:

Գևորգ Գյոզալյանի խոսքով՝ հանրությանն առաջարկվել է նոր Սահմանադրություն: «Մասնավորապես, խոսքը գնում է Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածների մասին: Մասնավորապես, 114-րդ հոդվածի ուժով՝ 1-ին և 2-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն: Տվյալ նախագծով փոփոխվել են այս հոդվածները: Մասնավորապես, առաջ է քաշվել 203-րդ հոդվածը, որը պաշտպանում է 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածները: Այսինքն՝ այս առումով փոփոխության է ենթարկվել: Ցանկացած գրականության մեջ, եթե կարդանք, կտեսնենք, որ, եթե այս հոդվածները փոխում ենք, խոսում ենք նոր Սահմանադրության մասին: Ասեմ ավելին՝ նախագահի որոշմամբ խոսք չի գնացել նոր Սահմանադրության մասին: Խոսք է գնացել սահմանադրական բարեփոխումների մասին»,- ասաց Գևորգ Գյոզալյանը՝ նշելով, որ հանձնաժողովն իր իրավասության շրջանակներից մի փոքր դուրս է եկել՝ հանրությանը նոր Սահմանադրություն առաջարկելով:

Գևորգ Գյոզալյանի խոսքով՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցին՝ վկայակոչել են մի շարք զեկույցներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցն արդար դատաքննության վերաբերյալ, Սահմանադրական դատարանի՝ 2006-2014թթ. տարեկան զեկույցները, որտեղ մասնավորապես խոսվում է այն մասին, որ Սահմանադրական դատարանի որոշումները չեն կատարվում, ձեռնարկատերերը գտնվում են Կառավարությունում, Ազգային ժողովում: «Եկել ենք այն եզրահանգման, որ Հայաստանում այսօր օբյեկտիվորեն անհրաժեշտություն չկա նոր Սահմանադրության, քանի որ ներկա Սահմանադրությունն ինքնին չի աշխատում այսօր: Դա մենք չենք ասում կամ մեր հայտարարությունը չէ: Դա խոսում են նաև իշխանական թևերից բազմաթիվ պաշտոնյաներ: Ուստի նման պայմաններում, որպեսզի անդրադառնանք նոր Սահմանադրության անհրաժեշտությանը, պետք է հասկանանք, թե գործողն ինչով էր վատ, որի պայմաններում նորն է առաջարկվում: Քանի որ մենք չունենք այս պատասխանը, չունենք նաև, թե ինչու է այս փոփոխությունն առաջարկվում»,- ասաց Գևորգ Գյոզալյանը՝ նշելով, որ խումբը կարծում է, որ ողջ փոփոխությունը միտված է կառավարման համակարգի փոփոխությանը. «Մասնավորապես, բոլորդ տեղյակ եք, որ խոսք է գնում կայուն մեծամասնություն ունեցող խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին: Մենք այստեղ ևս մտահոգություններ ենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ Հայաստանը, նման պայմաններում, շատ հնարավոր է, որ գնա միակուսակցական կառավարման, ինչը կարող է կործանարար լինել Հայաստանի Հանրապետության համար»: Փաստաբանի խոսքով՝ խումբն այն եզրահանգմանն է եկել, որ խորհրդարանական կառավարման համակարգն այն երկրներում է լավ աշխատում, որոնք մշակույթ, կայացած կուսակցական համակարգ ունեն, և կուսակցությունները կախված չեն անձերից: «Մենք հղումներ ենք տվել Հայաստանում մի քանի ներկա իրողությունների և եկել այն եզրահանգման, որ Հայաստանում այսօր կուսակցական համակարգը դեռևս անկատար է և գտնվում է սաղմնային վիճակում, ուստի նման համակարգում գնալ կառավարման համակարգի փոփոխության այն դեպքում, երբ կուսակցությունները կախված են անձերից, կարծում ենք՝ ևս կարող է կործանարար լինել Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց Գևորգ Գյոզալյանը:

Գևորգ Գյոզալյանն ասաց, որ բազմաթիվ վտանգներ կան մարդու իրավունքներին վերաբերող գլխում: Նրա խոսքով՝ իրենք միահամուռ եկել են եզրահանգման, որ այդ գլխում չկա մի նորմ, որը գործող Սահմանադրության համեմատ առաջընթաց լինի: Նրա խոսքով՝ նախագծով վճռաբեկ դատարանի, Բարձագույն դատական խորհրդի անդամների մի մասն ընտրվելու են Ազգային ժողովի կողմից. «Մենք այս առումով տեսել ենք, որ իշխանության թևերի հակակշիռների և զսպումների մեխանիզմը հնարավոր է, որ չգործի, ինչը կրկին վտանգ է ներկայացնում»:

Երվանդ Վարոսյանն ասաց, որ Բարձրագույն դատական խորհրդի ձևավորումը փոխանցվել է Ազգային ժողովին. «Իսկ եթե ելնենք այն ելակետից, որ նախագծով՝ Ազգային ժողովում կայուն մեծամասնությամբ մի քաղաքական ուժ է նստած, ապա ակնհայտ է դառնում, որ մենք դատական համակարգը փոխանցում ենք ինչ-որ կուսակցության, այն կուսակցության, որը կայուն մեծամասնություն ունենալու հայտ է ներկայացնելու, իսկ թե դա որ կուսակցությունն է, բնականաբար, բոլորս շատ լավ գիտենք»: Նրա խոսքով՝ այժմ, թեկուզ ձևականորեն, իշխանության մի քանի ճյուղեր մասնակցում են Արդարադատության խորհրդի ձևավորմանը: «Հիմա մենք վերցնում ենք, տեսնում ենք, թե մեզ մոտ դե ֆակտո ինչպես է, դե ֆակտո տեսնում ենք, որ, միևնույն է, այս մեկ կուսակցությունն է որոշում, բերեք այս մեր տիրող իրականությունը սահմանադրության մակարդակ, և ասենք՝ տեսեք, ամեն ինչ մեզ մոտ սահմանադրորեն նախատեված է: Սա շատ լուրջ խնդիր է»

Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ նորմերից մեկը սահմանում է, որ ապացույցը պետք է անթուլատրելի ճանաչվի, եթե ձեռք է բերվել իրավունքների խախտմամբ. «Այստեղ բերված է իրավունքներ եզրույթը, չի ասում՝ իրավունքի խախտմամբ: Այսինքն՝ եթե օրինակ կոպիտ խախտվել է անձի իրավունքըմ, ապացույցն անթույլատրելի չի ճանաչվի, որովհետև Սահմանադրության մեջ գրված է՝ իրավունքներ»:
Երվանդ Վարոսյանն ասաց, որ նոր Սահմանադրություն առաջարկողների հետ երկխոսության մեջ չեն մտնելու, քանի որ չեն տեսնում դրա իմաստը: «Մեր կարծիքի հասցեատերը զուտ հանրությունն է, այն քաղաքացին, որը գնալու է, մասնակցելու է հանրաքվեին»,- ասաց նա:

Մեր հարցին՝ արդյոք շահերի բախում չե՞ն տեսնում՝ մասնագիտական հանձնաժողովի հետ կապված, քանի որ անդամներից մեկը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար է, մյուսը գլխավոր դատախազ է նշանակվել Սերժ Սարգսյանի առաջարկով, Գևորգ Գյոզալյանը պատասխանեց, որ այդ հարցին անդրադարձել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը. «Կոնկրետ Սահմանադրական դատարանի նախագահի մասին կասեմ: Սահմանադրական դատարանի նախագահն ակտիվ ներգրավված է այս պրոցեսում, բայց չի բացառվում, որ վաղը հանրաքվեի հետ կապված որոշակի դատական վեճեր լինեն, և մարդիկ դիմեն Սահմանադրական դատարան: Ուստի՝ այո´, այս առումով մենք տեսնում ենք շահերի ակնհայտ բախում: Դեռևս չեմ անդրադառնում մյուս անդամներին»:

Տեսանյութեր

Լրահոս