Ինչո՞ւ ենք մատաղ անում
– Աստված տարբեր առիթներով զոհեր էր պահանջում Իսրայելացիներից, սակայն Հիսուսն ասաց, որ այլևս պետք չէ զոհ մատուցել, որ դա տհաճ է Աստծուն: Ինչո՞ւ ենք մենք մատաղ անում:
– Մատաղը ոչ զոհ է, և ոչ էլ՝ զոհաբերություն։ Այն կապ չունի ոչ հրեական, և ոչ էլ՝ հեթանոսական զոհաբերությունների հետ։ Մարդկության մեղքերի համար Հիսուս Ինքը զոհաբերվեց, և դրանից հետո զոհ մատուցելն այլևս անիմաստ է: Իրականում մատաղը պիտի արվի աղքատներին ու կարիքավորներին բաժանելու համար: Աստված ասաց. «Քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք` խմելու … մերկ էի, և ինձ հագցրիք…» (Մատթ. 25: 35-36): Մատաղը կարելի է անել առանց կենդանի զոհաբերելու, ասենք` գումար, հագուստ կամ էլ այլ բան տալով կարիքավորներին: Իսկ եթե մորթվում է, ապա այդ գործողությունը ոչ մի դեպքում չի՛ կարելի ծեսի կամ արարողության որակը վերագրել. դա նույն բան է, ինչը կատարվում է սպանդանոցներում՝ միսը խանութներ ուղարկելուց առաջ։Ինչ վերաբերում է մեր օրերում արվող մատաղին, ապա իսկապես մատաղի իմաստն աղավաղված է։ Միակ կանոնը, որին հետևում են, աղի օրհնությունն ու դրանով մատաղացու կենդանուն կերակրելն է: Եթե որևէ շնորհի համար ուզում ենք Աստծուց շնորհակալ լինել, կարելի է մատաղ անել, կենդանու միսն էլ բաժանել կարիքավորներին, այլ ոչ թե հրավիրել հաճելի ու հարազատ մարդանց, լավ ուտել-խմել՝ դա իսկապես տհաճ է Աստծուն: Մատաղ անելու համար կարելի է թեկուզ հաց գնել ու քաղցածներին բաժանել, կամ չունևորին հագուստ տալ: Լավ կլինի դա գաղտնի անել, որպեսզի մեր արածը գայթակղության առիթ չդառնա ոչ մեզ, ոչ էլ ուրիշների համար:
Աղոթաբար` Նոյ սարկավագ Անդրեասյան