Բաժիններ՝

«Հայկական չիրը համային հատկանիշներով տարածաշրջանի բոլոր երկրներին գերազանցում է»

Հայաստանում այսօր իրացվում է 1000 տոննա չիր ու այդ արտադրանքի 20 տոկոսը ներմուծում ենք, իսկ 20 տոկոսը՝ արտահանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Չորացրած մթերք արտադրողների ասոցիացիայի նախագահ Սանդրո Աբովյանը:

Նա նկատեց, որ Հայաստանը ավանդաբար չիր արտադրել է. «1990-ականներից հետո՝ երբ պահածոների գործարանները փակվեցին, արդեն չրի արտադրությունն ակտիվացավ:  2000-ականներին Հայաստանում ընդամենը իրացվում էր մինչև 300 տոննա չիր, իսկ այսօր իրացվում է 1000 տոննա չիր»:

Ըստ Ս. Աբովյանի՝ այս ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, բայց առաջնային խնդիրներից է համապատասխան հումքային բազայի բացակայությունը: Նա նշեց, որ այն ծիրանի ու խաղողի այն սորտերը, որոնք աճում են Հայաստանում, հիմնականում նպատակահարմար չեն չորացման համար: Ըստ նրա՝ Հայաստանում որևէ կառույց չկա, որը զբաղվում է այդ սորտերի հարցով. «Ընդհանուր  առմամբ, խաղող շատ ունենք, բայց դրանք չորացման համար նպատակահարմար չեն, նույնը կարելի է ծիրանի մասին ասել»:

Նա նշեց, որ այդ խնդիրների մասին իրենք տարբեր վարչապետների օրոք  բարձրաձայնել են, ծրագրեր են ներկայացրել, բայց դեռ այս ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում:

«Թուրքիան տարեկան 100 հազար տոննա չիր է արտադրում, իսկ մենք ընդամենը 5 հարյուր տոննա: Որակական իմաստով, սակայն, կարող ենք մրցակցել, համային հատկանիշներով տարածաշրջանի բոլոր երկրներին գերազանցում է մեր չիրը»,- նշեց Ս. Աբովյանը:

Նա նաև նկատեց, որ Հայաստանը չիր արտահանում է հիմնականում Ռուսաստան, ու այնտեղ մեր չրերն ավելի թանկ են վաճառվում, քան մյուս երկրներինը:

Հարցին՝ ԵՏՄ անդամ դառնալն ինչպե՞ս անդրարդարձավ այս ոլորտի վրա, Ս. Աբովյանը պատասխանեց, որ այնպես չէ, որ կային ինչ-որ խոչընդոտներ, ու այս միությունը մեզ ինչ-որ արտոնություններ տվեց: Ըստ նրա՝ դա ոչ մի կերպ չի ազդել չրագործության ոլորտի վրա. «Մեզ համար կարևոր է, որ շուկան ավելի ընդլայնվեց, ու հիմա պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնել, որ ավելի շատ քանակությամբ արտադրենք»:

Ս. Աբովյանի խոսքով՝ որքան չիրը գեղեցիկ է ու փայլում է, այնքան նրա համային հատկանիշներն այնքան էլ լավը չեն, ուրեմն՝ ծծմբի քանակությունը մեծ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս