«Մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք պատերազմի». Սուրեն Աբրահամյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի թղթակիցը զրուցել է ՀՀ ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանի հետ
– Պարոն Աբրահամյան, որպես փորձառու զինվորական, ի՞նչ կասեք, այսպես կոչված, հակամարտ ուժերի շփման գոտում լարված իրավիճակի մասին։ Նրանք կրակում են, մենք կրակում ենք, պատերազմական վիճակը խորանում է։ Ի՞նչ կարծիքի եք, ճի՞շտ է հակահարվածներով առաջ գնալը։
– Ծանր հարց էր։ Ցավոք, ամբողջական ինֆորմացիա հանրապետությունում երկու-երեք մարդ ունեն, ոչ ավելի։ Իսկ սիրողական մակարդակով, էմոցիաների ազդեցության տակ գնահատական տալը սխալ է, երբ հարցը երկրի անվտանգությանն է վերաբերում։ Ոչ ուզում եմ պոպուլիզմ խաղալ, ոչ կուրծք ծեծել։ Համենայնդեպս, կարող եմ ասել, որ 1994 թվականից երբեւիցե այսպիսի ծանր իրավիճակ չի եղել, նւսեւ օգտագործված զինատեսակների առումով։
– Հակառակորդն օգտագործել է թուրքական TR– 107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, ինչի իրավունքը չուներ, բայց ինչու սա որեւէ կերպ չի դատապարտվում միջազգային հանրության կողմից։
– Ի՞նչ է նշանակում իրավունք։ Այդ կարգի պայմանավորվածություն երբեւիցե չի լինում ու չի կարող լինել, երբ որ հատկապես սառեցված հակամարտություն կա։ Մի ճանապարհ գոյություն ունի։ Ավելին դեռ ոչ ոք չի հնարել աշխարհում, տիեզերքում։ Եթե չկան լիիրավ կապիտուլյացիա եւ պայմանագրային հստակ կետեր, ապա այս պայմաններում, ցավոք, միայն մի ճանապարհ գոյություն ունի՝ գնալ կայուն խաղաղության, քաղաքական կամք դրսեւորել փոխզիջման տարբերակով։ Ինչքան էլ այդ խաղաղությունը ցավալի լինի թե մեկի, թե մյուսի համար, խաղաղությամբ այդ հարցը պետք է կարգավորվի։ Ուրիշ ձեւ չկա։
Կամ էլ ամբողջությամբ հակառակորդին կապիտուլյացիայի ես ենթարկում, պարտադրում քո կանոնները, հետո ձիդ նստած, հաղթանակած գալիս ես տուն։ Եթե նման բան չկա, ինչպես այս տարիների ընթացքում, երբ, ցավոք, առարկայական գործողություններ՝ հատկապես բանակցային գործընթացում, չեն եղել խաղաղություն հաստատելու առումով, ապա ով ինչի ընդունակ է, դա էլ անելու է։
– Հիմա, Ձեր կարծիքով, հրադադար կա՞, թե՞ չկա, ի վերջո, այս պայմաններում, երբ արդեն անօդաչու սարքեր են բաց թողնվում՝մետրերով խորանալով մեր տարածքում։ Եվ միջազգային արձագանքն այս ամենին ադեկվատ է, թե՝ ոչ։
– Բացարձակապես։ Զարմանալի է եւ տարօրինակ, թեեւ կանխատեսելի էր ՀԱՊԿ-ի վերաբերմունքը, եռանախագահների վերաբերմունքը, որոնք, մեկը մյուսին չնեղացնելու համար, չեն նայում, թե ով է մեղավոր, եւ արատավոր սկզբունքն են կիրառում՝ «դու էլ խելոք մնա, դու էլ խելոք մնա», երբ նախահարձակը միշտ ադրբեջանցիներն են լինում։ Երեւի այս պարագայում խաղաղությունն ամենից շատ մեզ է պետք, եւ ով ինչ ուզում է ասի, այդ սիրողական, կեղծ հայրենասիրական կուրծք ծեծողները, որ ամբախ-զամբախ խոսում են՝ գնանք, չգիտեմ ինչ անենք, մտնենք Բաքու, ես չեմ հիշում նրանց ոչ կռվի ժամանակ, ոչ ակտիվ քաղաքական պրոցեսներում։ Նրանց պետք չէ հավատալ։ Պետք է գնալ կայուն խաղաղության, որին ալտերնատիվ չկա։
– Բայց իրավանում ճիշտ հակառակ կոչեր են լսվում՝ ոչ խաղաղարար։
– Թուր ճոճելն ընդունված տարբերակ է, հատկապես մերոնք, մինչեւ հայտարարություն անելը, պետք է մի հատ «դմփեն» դրանց ու հետո նոր հայտարարեն, որ, վերջը, այսպես չի կարելի։ Բայց սրանք տակտիկական խնդիրներ են՝ այս կամ այն միջադեպի գնահատականների առումով։ Մեր երկրին պետք է միայն խաղաղություն, եւ այս ստատուս քվոն պահելու համար շատ խելք ու ունակություն պետք չէ, բայց խաղաղությունը պահելու համար է կամք, խելք ու ինտելեկտ պետք։
– Ինչ պետք է անել հիմա, ըստ Ձեզ։
–Մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք պատերազմի, ամբողջ երկրի տնտեսական համակարգը պետք է դնել ռազմական ռելսերի վրա, բայց սա չի նշանակում, որ մենք այս հարցի լուծումը պատերազմով ենք տեսնում, մենք պետք է խաղա ղության կամք դրսեւորենք։ Այս երկրի ապագան միայն խաղաղությամբ է պայմանավորված։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։