Հայաստանը կործանող երկու կառույցները

Հայաստանն անդամակցում է առնվազն երկու վերպետական կազմակերպությունների, որոնց անդամակցությունից փաստացի միայն տուժում է: Խոսքը, բնականաբար, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ ՀԱՊԿ-ին անդամակցության մասին է: ԵՏՄ-ին անդամակցության տասն ամիսները ցույց տվեցին, որ «170 միլիոնանոց շուկայի» մասին խոստումները, որոնք, իրար հերթ չտալով, Հայաստանի իշխանական գործիչները՝ բացահայտ, ոչ իշխանականները՝ ոչ այնքան, ներկայացնում էին՝ որպես այդ կառույցին անդամակցելու փաստարկ, փուչիկ էին, Հայաստանի տնտեսությունը տուժում է ինչպես՝ այդ անդամակցությունից, այնպես էլ՝ դրա արդյունքում Ռուսաստանի տնտեսությունից ունեցած կախվածության է՛լ ավելի խորացումից:

Փուչիկ էր նաև ԵՏՄ-ին անդամակցության մյուս՝ ավելի ծանրակշիռ փաստարկն այն մասին, թե դրանով լուծվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության բարձրացման խնդիրը. 2013 թվականի սեպտեմբերի 3-ից ու, հատկապես, ԵՏՄ-ին դե յուրե անդամակցելուց հետո, ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանն ուղղված սպառնալիքներն ավելացել են աննախադեպ ծավալով: Նույն այդ իրադարձություններից հետո աննախադեպ ծավալի է հասել նաև ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին:

Մի խոսքով, ԵՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ինչպես՝ տնտեսապես, այնպես էլ՝ անվտանգության առումով առայժմ միայն վնասներ է ստանում:

Նույնը կարելի է ասել ՀԱՊԿ-ին անդամակցության մասին: Իրենից, ըստ էության, ոչինչ չներկայացնող այդ ռազմաքաղաքական միավորումը ծառայում է միայն Ռուսաստանի քաղաքական-քարոզչական շահերին: Հատկապես այս օրերին, երբ Ադրբեջանն արդեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծում է հայկական բնակավայրերը, ՀԱՊԿ-ի անիմաստությունն ու անկենսունակությունն ավելի ցայտուն է դառնում. Այդ կառույցն անգամ ձևական հայտարարությամբ չի դատապարտում իր անդամ երկրի նկատմամբ երրորդ երկրի կողմից իրականացվող ագրեսիան:

Իրավիճակն ավելի զավեշտական է դառնում, երբ հիշում ենք, որ ընդամենը մի քանի օր առաջ ՀԱՊԿ նախագահությունը ստանձնել է Հայաստանը: Այսինքն՝ Հայաստանը «նախագահում» է մի կազմակերպությունում՝ չկարողանալով անգամ այդ կազմակերպության անունից մի հայտարարություն ընդունել սեփական սահմանների ու բնակավայրերի ռմբակոծման վերաբերյալ:

Այս կառույցներին անդամակցությունն ունի ընդամենը մեկ բացատրություն. Հայաստանն անդամակցում է դրանց, որովհետև չի կարող չանդամակցել, քանի որ դա պետք է Ռուսաստանին: Այսինքն՝ այս կառույցներին անդամակցությունը սեփական երկրի շահերն այլ երկրի շահերին ծառայեցնելու դասական օրինակներ են: Իսկ երբ այդ շահերը ոչ միայն՝ չեն համընկնում, այլև ժամանակի մեջ, գնալով ավելի են հակադրվում, այսինքն՝ երբ ակնհայտ է դառնում, որ այն, ինչ շահավետ է Ռուսաստանին, հակասում է Հայաստանի շահերին, և՝ հակառակը, ապա պետք է առնվազն մտածել այդ կառույցներին անդամակցության նպատակահարմարության մասին: Այլապես սեփական երկրի շահերն այլ երկրի հակադիր շահերին ծառայեցնելու վերջը կարող է նշանակել պետության ու պետականության վերջ ընդհանրապես: Քանի որ առանց սեփական շահերը պաշտպանելու՝ պետությունները դադարում են գոյություն ունենալ:

Խոսքը, իհարկե, այն մասին չէ, որ Հայաստանը պետք է միանգամից դուրս գա ԵՏՄ-ից և անմիջապես դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Խոսքն այն մասին է, որ այդ հարցերն առնվազն պետք է ընդգրկված լինեն պետության հանրային-քաղաքական օրակարգում, դառնան բանավեճերի, քննարկումների առարկա:

Սակայն Հայաստանի քաղաքական համակարգի կառուցվածքն ու բովանդակությունն այնպիսին է, որ ավելի շուտ ՀԱՊԿ-ն կդատապարտի Ադրբեջանի ռազմական սանձարձակությունը, քան մեր իշխանությունները և ընդդիմությունը կհամարձակվեն բարձրաձայնել ԵՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության մասին:

Իշխանությունը դա չի կարող, քանի որ կառաջացնի Ռուսաստանի զայրույթը, ընդդիմությունն էլ չի կարող, որովհետև առաջնորդվում է «մենք իշխանությունից ավելի արժանապատիվ կանդամակցենք ռուսական ամեն ինչին» սկզբունքով: Բայց այս հարցերի մասին արժե գոնե մտածել: Գոնե այն ժամանակ, երբ այդ կառույցների հիմնական դերակատար Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքով սպանվում են հայ զինվորներ ու խաղաղ բնակիչներ:

Տեսանյութեր

Լրահոս