Ինչպե՞ս օրգանիզմից դուրս բերել անպիտան տարրերն ու տոքսինները

Օրգանիզմի մաքրումը համարվում է առողջության պահպանման ամենակարևոր պայմաններից մեկը: Օրգանիզմի թունավորվածությունը կապված է ինչպես՝ ուտելիքի հետ, որը մեծ քանակությամբ վնասակար տարրեր է պարունակում, որոնցից ազատվելու համար օրգանիզմը բավականին ուժ այլևս չունի, այնպես էլ՝ աղտոտված ջրի և շրջակա միջավայրի հետ:

Օրգանիզմը մաքրելու համար, նախևառաջ, պետք է սկսել փոփոխել սննդակարգն ու ապրելակերպը: Եթե վնասակար մթերքներ օգտագործելու և արագ սննդի կետերում սնվելու սովորություն ունեք, ապա ժամանակն է ազատվել դրանցից, այլապես, վաղ թե ուշ, օրգանիզմը պարզապես կհրաժարվի ինքն իրեն վերականգնելու կարողությունից:

Գոյություն ունեն բազմաթիվ բնական բաղադրատոմսեր, որոնք այս դեպքում օգնության են հասնում: Այսօր կխոսենք դրանցից մի քանիսի մասին:

Խնձոր և դարչին

Խնձորը բարակ կտրատեք և վրան 500մլ մաքուր ջուր լցրեք, ավելացրեք 1թ/գ դարչինի փոշի, ամբողջը սառեցրեք և խմեք ամբողջ օրվա ընթացքում: Խնձորի և դարչինի խառնուրդը կօգնի կարգավորել նյութափոխանակությունն ու կմաքրի մարսողական համակարգը:

Կիտրոնի հյութ ու մեղր

2ճ/գ թարմ քամած կիտրոնի հյութը խառնեք 200մլ տաք ջրով, թողեք խառնուրդը սառչի, ապա վրան ավելացրեք 1թ/գ բնական մեղր (չմոռանաք, որ մեղրը տաք հեղուկներին ավելացնել չի կարելի, այս մասին խոսել ենք «տաքացրած մեղրը թույն է» հրապարակման մեջ), մի պտղունց աղացած կոճապղպեղ: Այս հյութը պետք է խմել դատարկ ստամոքսին՝ նախաճաշից կես ժամ առաջ: Սա կօգնի մաքրել մարսողական համակարգը, կամրացնի անոթների պատերը և կենսական էներգիա կհաղորդի ձեզ:

Կոճապղպեղի հյութ

Մի փոքր (3-4սմ) թարմ կոճապղեղը մաքրեք և մանր կտրատեք, վրան 1լ տաք ջուր լցրեք, հասցրեք եռման ջերմաստիճանի՝ եփելով միջին կրակի վրա 10րոպե, ապա քամեք: Սառելուց հետո ավելացրեք մի պտղունց դարչինի փոշի և մի քանի ճաշի գդալ մասուրի օշարակ: Օրվա ընթացքում 100-150մլ-ի չափով խմեք այս հյութից՝ ուտելուց կես ժամ առաջ: Այս ըմպելիքը կարգավորում է մարսողությունը, նյութափոխանակությունը և ընդհանուր կերպով ամրացնում է ամբողջ օրգանիզմը:

Ճակնդեղի հյութ

Ճակնդեղի թարմ հյութ պատրաստեք: 1 ճակնդեղը, 2 խնձորն ու նեխուրի 4 ցողունները հյութաքամիչով հարեք և օրական 2անգամ՝ առավոտյան և երեկոյան, 1ճ/գ խմեք ուտելուց կես ժամ առաջ:

Առողջության կոկտեյլ

Մեկ նարնջից, մեկ կիտրոնից և մեկ գազարից հյութ պատրաստեք, խառնեք 100մլ հանքային ջրով: Ուտելուց կես ժամ առաջ՝ դատարկ ստամոքսին, խմեք այս հյութը: Այն հրաշալի է հոգնածության դեմ, քանի որ մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում:

Վարունգ և նեխուր

Մեկ վարունգն ու նեխուրի մեկ ցողունը մանրացրեք, ավելացրեք 300մլ ջուր: Ամբողջ օրվա ընթացքում խմեք ստացված հյութը: Այն հրաշալի ըմպելիք է բեռնաթափման օրվա համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս