Ազնվազարդ կիտրոնը
Հնագույն ժամանակներից կիտրոնին մոգական ուժ է վերագրվել. այն խորհրդանշել է երկարակեցություն եւ բարեկամություն։ Ըստ հին հավատալիքների` կիտրոնը կարող էր վնասազերծել չար ուժերի ազդեցությունից։ Եթե ձեզ հուռութք, թանկարժեք քար կամ այլ մոգական առարկաներ են նվիրել, ապա բացասական էներգիան չեզոքացնելու համար այն մաքրեք կիտրոնի հյութի ջրային լուծույթով։ Լիալուսնի օրը լոգանքին ավելացրած կիտրոնահյութը կմաքրագործի մարմինը եւ մտքերը։ Տերեւներից պատրաստված թուրմը ցանկասիրություն է առաջացնում։ Կիտրոնի չոր ծաղիկներով եւ կճեպով լցված պարկիկը կուժեղացնի սիրո մոգությունը։ Ըստ հնագույն պատմությունների` կերած կիտրոնի կորիզից աճեցրած ծառը սիրեցյալին կձգի դեպին տուն։ Կիտրոնով պատրաստված կարկանդակը կողակցին հավատարմություն կներշնչի։ Հյուրի աթոռի տակ ամրացված թարմ կիտրոնի կտորը նրա հետ երկարատեւ բարեկամական կապ կապահովի։
Կիտրոնի մասին առաջին վավերագիր հիշատակումն արված է հին չինական արձանագրությունում` մոտ 4000 տարի առաջ, հայրենիքն է համարվում Հիմալայների ստորոտում գտնվող մեղմ կլիմայական պայմաններ ունեցող լեռնային գոտիներից մեկը։ Բնության մեջ Չինաստանի հյուսիսում եւ Կորեական թերակղզում հանդիպում է վայրի եռատերեւ կիտրոնը, որի գիտական անվանումն է Poncitrus trifoliata, այն փշոտ թուփ է` համեմատաբար մանր դեղնանարնջագույն պտուղներով։
Հին Եգիպտոսում եւ Հռոմում կիտրոնը համարվել է լավագույն միջոցը սննդային թունավորումների, միջատների եւ օձերի խայթոցների դեմ պայքարում։ Ժամանակակից եգիպտացի գյուղացիները կարիճի խայթոցի դեպքում կիսում են կիտրոնը, մի կեսը դնում են վերքին, երկրորդ կեսը` դանդաղ ծամում են։
Սկանդինավյան սագաներում կիտրոնը կոչվել է «անմահության ոսկե խնձոր»։
Հին հույները բարձր են գնահատել կիտրոնի բուրմունքը։ Ուշ միջնադարում կիտրոնը մեծ կիրառում է ստացել Անգլիայի Արքայական նավատորմում։ Նավաստիներն օգտագործել են կիտրոնի պտուղը եւ հյութը լնդախտի կանխարգելման եւ բուժման համար. մի հիվանդություն, որը հազարամյակներ շարունակ խլել է նավաստիների կյանքը։
Citrus limon Burm Կիտրոնը սատապազգիների ընտանիքի ծառ է, բունն ուղղաձիգ է` բազմաթիվ բաց կանաչ ճյուղերով։ Երկարավուն ձվաձեւ կամ նշտարաձեւ տերեւներն ունեն կիտրոնի բուրմունք, ծաղիկները նստած են տերեւների անութներում, ունեն հաճելի նուրբ հոտ։ Ծաղկաթերթերի ներքին կողմը սիպ-սպիտակ կամ բաց կրեմագույն է, արտաքինը` կարմրամանուշակագույն։ Հետաքրքիր հատկություն ունեն պտուղները, եթե դրանք ձմեռում են ճյուղի վրա, ապա գարնանը կանաչում են եւ կրկին դեղնում ամռանը։ Այդ ընթացքում կեղեւը հաստանում է, իսկ օգտակար նյութերի քանակը` պակասում։ Լավագույնը բարակ կեղեւով, բարձր խտություն ունեցող պտուղներն են։
Կիտրոնը մշակվում է Երկիր մոլորակի Արեւադարձային եւ Մերձարեւադարձային գոտիներում։ Մեր հայրենիքում այն մշակվում է Մեղրիում, կիտրոնը լավ է ձմեռում 13-15 աստիճանի դեպքում. տանն աճեցնելիս ցանկալի է ապահովել այդ ջերմաստիճանը։
Կիտրոնի բազմաթիվ մշակովի տեսակներից ոչ մեկը չի հանդիպում բնության մեջ։ Կիտրոնի քիմիական բաղադրությունը բազմազան է
- գլխավոր բուժիչ բաղադրիչը կիտրոնաթթուն է, որի բաղադրությունը հասնում է 8 տոկոսի, այն կենտրոնացած է պտղամսում,
- ասկորբինաթթվի քանակը պտղամսում զգալիորեն քիչ է, քան կեղեւում (մոտ 50 մգ` 100 գրամ հումքի մեջ),
- պարունակում է մագնիում, կալիում, նատրիում, երկաթ, ծծումբ, կոբալտ, մարգանեց, եւ այլն,
- կիտրոնը պարունակում է հետեւյալ վիտամինները` D, B1(0,04 մգ), B2 (0,02), B5 (0,2), B6 (0,06), PP, (0,1), կարոտին (0,01), B9 (9 մկգ),
- Կիտրոնի մեջ հայտնաբերվել են գլյուկոզիդ (ցետրին), ֆիտոնցիդներ, ֆլավոններ, պեկտին, խնձորաթթու, մինչեւ 3 տոկոս շաքարներ,
- կեղեւը պարունակում է կիտրոնի հյութ (0,6 տոկոս), որի մեջ կան` լիմոնեն, ցիտրալ, հերանիոլ սպիրտ։
Ասկորբինաթթվի (C) պարունակությամբ կիտրոնը զգալիորեն զիջում է մասուրին (470), չիչխանին (200), մաղադանոսին (150), իսկ ֆոլիացինի պարունակությամբ` սպանախին (80 մկգ) եւ մաղադանոսին (110 մկգ)։ Այս երկու կարեւորագույն վիտամինների եւ ֆլավոնների պարունակությամբ կիտրոնը գերազանցում է բոլոր այլ սատապազգիներին։ Կիտրոնը զիջում է գրեյպֆրուտին ինոզիտի քանակությամբ։
Սակայն կիտրոնն ունի մեկ առավելություն. այն երկար է պահպանում իր օգտակար նյութերը։ Հայտնի են կիտրոնի պահպանման հետեւյալ եղանակները.
- պտուղներին քսեք արեւածաղկի հյութ, տեղավորեք արծնապատ կամ ապակե տարայի մեջ, պահեք սառնարանի ստորին հատվածում,
- պտուղները փաթաթեք մագաղաթանման թղթով, դրեք ավազով լցված արկղի մեջ եւ պահեք հով տեղում,
- կտրատեք պտուղը շրջանաձեւ մասերի եւ պահեք մեղրի մեջ,
- պտուղները պահեք ջրի մեջ, օրը երկու անգամ փոխեք ջուրը։
Սննդի թթվային ծանրաբեռնվածություն
Այս հասկացողությունը գործառության մեջ է դրվել 21-րդ դարի սկզբին ամերիկացի բժիշկների կողմից։ Մարսողության եւ մետաբոլիզմի (նյութափոխանակում) արդյունքում` օրգանիզմում առաջանում են թթուներ կամ ալկալիներ, ժամանակակից մարդու մոտ գերակշռում են թթուները։ Այդ պատճառով սննդամթերքի գնահատումը կատարվում է ոչ միայն կալորիականությամբ, սպիտակուցի, ճարպի, ածխաջրերի քանակությամբ եւ դրանց փոխհարաբերությամբ, մակրո եւ միկրոտարրերի եւ վիտամինների ազդեցությամբ, այլ նաեւ` «թթվայնությամբ»։ Թթվայնությունը կապված է ոչ թե սննդի համի հետ, այլ` թե ինչ փոփոխության է այն ենթարկվում մետաբոլիզմի ընթացքում։ Օրինակ, եթե գերակշռում են ածխաջրերը, սպիտակուցները եւ ճարպերը, ապա առաջանում է միզաթթու։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 19-րդ դարի վերջին քառորդից սկսած` սպիտակուցների քանակը սննդի մեջ աճել է 50 տոկոսով։ Այդ է պատճառներից մեկը, որ օրգանիզմում առաջանում է քրոնիկ թթվեցում եւ որպես հետեւանք`
- դիմադրողականության անկում,
- մաշկի վիճակի վատացում,
- մկանային թուլության եւ քրոնիկ հոգնածության սինդրոմ,
- գլխացավ, անքնություն, այտուցներ եւ այլ,
- մեզի թթվային ռեակցիան նպաստում է միզաքարային հիվանդության, երիկամների քարերի, հոդատապի առաջացմանը։
Չնայած այն բանին, որ կիտրոնը թթու համ ունի, դրա երկարատեւ օգտագործման դեպքում օրգանիզմում արտադրվում է կալիումի կարբոնատ, որը հավասարակշռում է «թթվային ավելցուկը»։ Կիտրոնը թթվահամ է, սակայն այն չի հանդիսանում թթու` օրգանիզմի համար, ստացվում է, որ «նմանը պայքարում է նմանի դեմ»։ Հազարամյակների ընթացքում կիտրոնի այս հատկությունը օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կիտրոնի չափաբաժինները դեղատոմսերում մեծ չեն, սակայն այն կարելի է օգտագործել երկարատեւ։ Կիտրոնաթթուն պարունակվում է նաեւ այլ ցիտրուսների, լոռամրգի, պատրինջ կիտրոնայինի (մինչեւ 7,5 մգ) կիտրոն չինականի մեջ։
Սնունդ ընդունելիս կարեւոր է իմանալ, որ կիտրոնաթթուն չի համատեղվում ածխաջրերի (հաց, կարտոֆիլ, մակարոն, բանան, արմավ) եւ սպիտակուցների (միս, ձու, ընկուզեղեն) հետ։
Կիտրոնի հյութով բուժվելիս` հակացուցված է ոգեթուրմերի եւ կաթնամթերքի օգտագործումը։ Կարեւոր է նաեւ, որ կիտրոնը չեզոքացնում է ոչ միայն ստամոքսահյութի, այլեւ արյան բարձր թթվայնությունը: Դրա համար խորհուրդ է տրվում խմել 1 թ/գ կիտրոնի հյութի ջրային լուծույթ։
Սննդակարգ գիրության դեպքում
Սննդակարգը պահպանելիս կարող եք սնվել ձեզ համար սովորական մթերքներով, սակայն ժամը 18-ից ոչ ուշ։
- Առաջին օրը 50 մլ կիտրոնի հյութը լուծեք հանքային ջրի մեջ (1։2), խմեք առավոտյան եւ երեկոյան,
- Հաջորդ օրը լուծույթը պատրաստեք 100 մլ կիտրոնի հյութով (1։3),
- Հետզհետե ավելացնելով օրը 50-ական մլ հյութ, հասցրեք այն 350մլ-ի, իսկ լուծույթի հարաբերությունը` 1։7-ի,
- Միջանկյալ օրը փորձեք ոչինչ չուտել։ Պատրաստեք 200 գ ծիրանի չրի թուրմ (1։15), 3 լիտր թուրմին ավելացրեք 150 մլ հյութ եւ 50 մլ մեղր, չիրը կերեք երեկոյան։
- Հաջորդ օրերին հյութի չափաքանակն իջեցրեք 350-ից մինչեւ 50 մլ։
Բուժման ժամկետը 15-16 օր է։
Գիրության դեպքում օգտակար են սառն ըմպելիքները, քանի որ օրգանիզմը տաքանալու համար այրում է որոշ քանակության ճարպեր։ Եթե ձեզ հակացուցված չէ համեմունքների օգտագործումը, ապա` մանր կտրատեք 10գ կոճապղպեղի արմատը, ավելացրեք 60գ դաղձի տերեւ, 2-3 գրամ հիլ (կարդամոն), հումքը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, հովանալուց հետո թուրմի մեջ լուծեք 80 մլ կիտրոնի եւ 50 նարնջի հյութեր, 1 ճ/գ մեղր։
Կիտրոնահյութը մաքրում է լյարդը
Լյարդի մաքրումը կատարվում է կիտրոնի հյութով եւ բուսայուղով։ Նման գործողությունը կարելի է կատարել միայն բժշկի հսկողությամբ։
Մաշկային հիվանդություններ
- Էկզեմայի, պսորիազի, այլ աղիքային հիվանդությունների, միկոզների դեպքում խմեք` 1 թ/գ մինչեւ 50 մլ կիտրոնի հյութ, կախված վիճակից` քսեք վնասված հատվածներին քորի եւ կարմրածության դեպքում։
- Հյութն օգնում է նաեւ ոտքի եղունգների սնկային հիվանդության դեպքում` քսեք հյութը եղունգներին։
Աթերոսկլերոզ. Կտրատեք եւ աղացեք երկուական նարինջ եւ կիտրոն (առանց սերմի), լցրեք ապակե տարայի մեջ։ Հումքին ավելացրեք 2 ճ/գ մեղր, 1 օրից տեղափոխեք սառնարանի մեջ։ Խմեք 2-3 թ/գ, սնվելուց առաջ կամ թեյի հետ։ Հատկապես օգտակար է ստենոկարդիայի դեպքում։
Հիպերտոնիա. Աղացեք 1 կիտրոնը, ավելացրեք 100 մլ լոռամրգի, 200 մլ բազուկի հյութեր, 250 մլ մեղր եւ 200 մլ օղի։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
Ուղեղի աշխատանքը լավացնող միջոց
- Քերեք 150գ խնձորը, ավելացրեք 2-ական թ/գ կիտրոնի հյութ եւ մեղր։ Մեկ օրվա չափաբաժինն է։ Սնվելուց մեկ ժամ առաջ կերեք այս շիլան, իսկ հետո` ընկույզ եւ սերուցք։
- Ինսուլտ տարած հիվանդներին խորհուրդ է տրվում շնչել կիտրոնի բուրմունքը։
Կերակրող մայրերի համար. Մանր կտրատեք 1 կիտրոնը (ամբողջովին), ավելացրեք 2 ճ/գ չամանի սերմ, 100գ շաքար, 1լ տաք ջուր եւ լավ խառնեք։ Լուծույթը եռացրեք թույլ կրակի վրա։ Երբ հովանա` քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։
Օրգանիզմը մաքրող միջոց. Փոշիացրեք կիտրոնի սերմը, 1 ճ/գ-ն 7 օր թրմեք 200 մլ օղու մեջ, պահեք մուգ տարայում։ Խմեք 1-3 ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց հետո։
Որդաթափ միջոց. Խմեք օրը 2 անգամ երկու գրամ կիտրոնի սերմի փոշի 100 մլ դդումի հյութի հետ, սնվելուց 3 րոպե առաջ։
Հիպոտոնիա. Խառնեք 50 մլ կիտրոնի հյութ, 50 գ աղացած սուրճ, 500 գ մեղր։ Օգտագործեք սնվելուց 2 ժամ հետո։ Չափաբաժինը` 1 թ/գ։
Բրոնխիտ. Աղացեք 5 կիտրոնները (առանց սերմի) եւ 300գ սխտորը, ավելացրեք 1 կգ մեղր, ծածկեք կափարիչով։ Թրմեք 5 օր հով տեղում, պարբերաբար խառնեք։ Խմեք 1 ճ/գ, օրը 3 անգամ սնվելուց առաջ, օգտակար է նաեւ թոքերին եւ գրիպի դեպքում։ Ունի արյունը մաքրող հատկություն։
Թոքախտ. Խմեք 1 ձվի դեղնուց եւ ջրում լուծված 10մլ կիտրոնի հյութ, օրը 1 անգամ, սնվելուց հետո։
Դիմադրողականությունը բարձրացնող միջոց. Խառնեք 500գ մանրացրած ընկույզը, 300գ մեղրը, 200մլ կիտրոնի հյութը, 200մլ օղին, 100մլ հալվեի (ալոէ) հյութը։ Պահեք մութ, հով տեղում, խմեք 1 ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։
Մագնիսական փոթորիկ. 30մլ օղու մեջ լուծեք մեկական թ/գ նարդոսի, նարնջի, կիտրոնի եթերային յուղերը։ Կաթեցրեք մի քանի կաթիլ թաշկինակին եւ օրվա ընթացքում շնչեք բուրմունքը` անհրաժեշտության դեպքում։
Դիսբակտերիոզ. Նախաճաշից առաջ խմեք 200 մլ տաք ջրում լուծված 2 ճ/գ կիտրոնի հյութ, իսկ քնելուց առաջ նույն լուծույթից 1 թ/գ` մեղրի հետ խառնած վիճակում։
Հոդաբորբ. Մանր կտրատեք 100 գրամ սխտորը, խառնեք 250գ մեղրի եւ 150 մլ կիտրոնի հյութի հետ, 1 շաբաթ թրմեք։ Խմեք 1 թ/գ, օրը 4 անգամ, շարունակեք 1 ամիս։
Լեղամուղ. Խառնեք բազուկի եւ կիտրոնի հյութերը (1։1)։ Խմեք օրը 3 անգամ, սկսեք 1 թ/գ-ից եւ հասցրեք 50-100 մլ։ Օգտակար է լեղարաքային եւ լյարդի հիվանդությունների դեպքում, բարձրացնում է դիմադրողականությունը։
Ալերգիա. Այս միջոցը հետաքրքիր է նրանով, որ թե մեղրը եւ թե կիտրոնի հյութը կարող են առաջացնել ալերգիա, սակայն դրանց խառնուրդը գլուխ սոխի հյութի հետ (1։1։1) կանխարգելում է ալերգիկ ֆոնի առաջացումը։ Խմեք 1 ճ/գ, ընթրիքից 2 ժամ հետո։
Գեղարարություն Ճարպոտ մաշկի համար
- Դեմքի ծակոտիները նեղացնելու համար խառնեք խմելու հանքային ջուրը եւ կիտրոնի հյութը (1։1 հարաբերակցությամբ), թողնեք չորանա դեմքի վրա, կամ`
- Խառնեք կիտրոնի, գազարի, վարունգի հյութերը (1։1։1), ունի նաեւ թարմացնող եւ հակակորյակային ազդեցություն։
Սպիտակեցնող լոսյոններ
- Հարեք 1 ձվի սպիտակուցը, 50մլ կիտրոնի հյութը, 4 գրամ դեղատնային գլիցերինը, 100գ օղին։ Խորհուրդ չի տրվում օգտագործել ձմռանը։
- Դեմքը մշակեք կաթի սիճուկի եւ 1 թ/գ կիտրոնի հյութի խառնուրդով կամ հետեւյալ լոսյոնով. 1 ձվի հարած սպիտակուցը, 100մլ օղին, 50մլ կիտրոնի հյութը խառնեք միմյանց։ Լոսյոնը պատրաստ է:
- Խառնեք 2 ճ/գ սպիտակ կավի փոշին, 3 ճ/գ սպիրտ, կես թ/գ կիտրոնի հյութ։ Քսեք դեմքին, 15 րոպեից լվացեք սառը ջրով։ Կիրառեք նաեւ կորյակների դեպքում` առավոտյան եւ երեկոյան։
- Աղացեք 1 կիտրոնը, ավելացրեք 200մլ օղի, թրմեք 1 շաբաթ մութ տեղում։ Հաճախակի թափահարեք, օգտագործելուց առաջ լուծեք ջրում (1։2)։
Դիմակ. Հարեք 1 ձվի դեղնուց, խառնեք կիտրոնի կեղեւի արտաքին մասի փոշին` մինչեւ ստացվի մածուցիկ զանգված։ Քսեք դեմքին, 15 րոպեից լվացեք սառը ջրով, կատարեք 7-10 օրը մեկ։
Չոր մաշկի համար- Մշակեք դեմքը հետեւյալ լոսյոնով. 1 ձվի հարած դեղնուցը, մեկական ճ/գ կիտրոնի հյութը եւ ձիթապտղի յուղը, 150 մլ օղին, 50 մլ կամֆորայի սպիրտը միմյանց խառնեք։
«168 ԺԱՄ
»2011թ.