Բաժիններ՝

Խղճա՞լ բիզնեսին, թե՞ ոչ

Սոցիալական ցանցերում բանավեճի առարկա է դարձել էլեկտրաէներգիայի սուբսիդավորման հարցը։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս հայտարարեց, որ թյուրըմբռնում է եղել և հոսանքի 7 դրամ թանկացումը սուբսիդավորվելու է միայն բնակչության համար, և ոչ բիզնեսի։

Ճի՞շտ է արդյոք բիզնեսին սուբսիդավորումից զրկելը, թե՞, այնուամենայնիվ, նրանց նույնպես պետք էր աջակցել։

Իրենք՝ բիզնեսի ներկայացուցիչները գտնում են, որ իրենց չէր կարելի զրկել սուբսիդավորումից։ Նրանք ասում են, որ հոսանքի թանկացման պատճառով իրենք արտադրանքի ինքնարժեքը մեծանում է և դառնում անմրցունակ։ Նշում են, որ դա բերելու է թանկացման։

Կան, սակայն, մարդիկ, ովքեր գտնում են, որ բիզնեսին չսուբսիդավորելը ճիշտ էր։

Կարդացեք նաև

Նախ, նրանց կարծիքով, ընդհանրապես հարկատուների հաշվին բիզնեսին սուբսիդավորելը սխալ մոտեցում է։ Սուբսիդավորումը սոցիալական բնույթի գործառույթ է, իսկ բիզնեսը պարզապես հետապնդում է իր շահերը։ Այսինքն՝ շուկայական սկզբունքներով գործող սուբյեկտը ցանկանում օգուտ քաղել սոցիալական շարժման պտուղներից։

Գազի գնի առումով բիզնեսի սուբսիդավորման փորձ ունենք։ 2006 թվականի սկզբին ռուսները գազի գինը 56 դոլարից հասցրին 110 դոլարի։ Արդյունքում՝ բարձրացավ նաև ներքին սպառման սակագինը։ «ՀայՌուսգազարդը» դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով գազի գինը վերջնական սպառողների համար բարձրացնել։ Օրինակ՝ բնակչության համար գազային մոնոպոլիստն առաջարկում էր 59 դրամ սակագինը դարձնել 90 դրամ։ Իսկ կառավարությունը վերցրեց ու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը վաճառեց «Գազպրոմին»։ Վաճառեց 248.8 մլն ԱՄՆ դոլարով, և այդ գումարից 188.8-ն ուղղվեց գազի գնի սուբսիդավորմանը։ Բոլորի համար, այդ թվում՝ բիզնեսի։

Ու ստացվեց, որ կառավարությունը ազգային հարստության հաշվին ֆինանսավորում էր գազի թանկացումը՝ սակայն անհավասար չափով։ Ասենք, Պողոսի ընտանիքը ամսական սպառում է 100 խմ գազ, իսկ Պետրոսի արտադրամասը՝ 5000 խմ գազ։ Այսինքն՝ Պետրոսը 50 անգամ ավելի շատ է օգտվում պետական աջակցությունից, քան մյուսները։ Սա արդարացի չի։

Սակայն մի շարք փորձագետների կարծիքով՝ այս անգամ գործ ունենք այլ իրավիճակի հետ։ Այն ժամանակ գազի գինը ռուսական կողմը թանկացրել էր, և մենք պետք է հարմարվեինք նոր գնին։ Այս դեպքում խոսքը գնում է կասկածների ու անվստահության մասին։

Այսինքն՝ կասկածներ կան, որ էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված չէ։ Ու սուբսիդավորումն էլ ժամանակավոր է՝ մինչև այդ կասկածների փարատումը։ Այսինքն՝ քանի դեռ կասկած կա, որ տեղի են ունեցել խարդախություններ ու չարաշահումներ, ոչ ոք չպետք է դրանից տուժի՝ ոչ բնակչությունը, ոչ էլ բիզնեսը։ Իսկ եթե աուդիտի վերջում պարզվի, որ հոսանքն իրոք չպիտի թանկանա կամ այդ բեռը պետք է փոխհատուցեն մի քանի խարդախների գրպանից, ո՞վ պետք է ետ տա բիզնեսմենների գումարները։ Այստեղ հարցը ոչ թե սոցիալական է, այլ ինչ-որ տեղ իրավական։ Դրա համար էլ պետք է սուբսիդավորումը պետք է վերաբերվեր նաև բիզնեսին։ Չէ՞ որ խոսքը գնում է արդարության մասին։

Բիզնեսի սուբսիդավորմանը դեմ արտահայտվողները սրա հակափաստարկն էլ ունեն։ Նրանք ասում են՝ եթե ամեն ինչ դիտարկում ենք բարոյականության ու արդարության տեսանկյունից և բիզնեսին դնում ենք բնակչության հետ նույն հարթության մեջ, ապա ինչո՞ւ բիզնեսը չէր մասնակցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներին։ Ինչո՞ւ չտեսանք, որ որևէ խոշոր գործարար հրապարակայնորեն դատապարտեր էլներգիայի թանկացումը։

Բոլորն էլ, իհարկե, հասկանում են, թե Հայաստանում գործարարները ինչու երբեք չեն ընդվզում կառավարության որոշումների դեմ։ Սակայն եթե բացահայտ իրենց տեսակետը արտահայտելու համարձակություն չունեն, աշխատում են ընդունված խաղի կանոններով, ուրեմն դժգոհելու ու ուրիշների ձեռքով կրակից շագանակներ հանելու իրավունք նույնպես չունեն։

Ինչ վերաբերում է հնարավոր գնաճին, ապա բիզնեսի սուբսիդավորմանը դեմ արտահայտվողները սա համարում են պարզապես շանտաժ։ Պատճառն այն է, որ էլէներգիայի ծախսը ապրանքի ինքնարժեքի մեջ 5-10%-էլ չի կազմում, և դրա 10%-անոց թանկացումը չի կարող բերել ինքնարժեքի շոշափելի ավելացման։ Մրցունակության անկման պատճառները նրանք խորհուրդ են տալիս այլ տեղ փնտրել։

Ով է ճիշտ, ով սխալ՝ այս հարցերում կողմերից ոչ մեկը մյուսին համոզել չի կարող։ Խղճա՞լ բիզնեսին, թե՞ ոչ՝ յուրաքանչյուրն իր ուրույն տեսակետը կարող է ունենալ։

Սակայն մի հարցում թերևս բոլորը համակարծիք կլինեն։ Կառավարության գործելաոճը իրոք անազնիվ էր բիզնեսի նկատմամբ։ Նախ հայտարարվեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ է սուբսիդավորվելու, իսկ հետո պարզվեց, որ խոսքը բիզնեսին չի վերաբերվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս