Բաժիններ՝

Անկարան՝ օդային և ցամաքային պատերազմների նեղ արանքում

Բավական բարդ է մեկնաբանություն անել Անկարայի հարափոփոխ դիրքորոշումների մասին: Ավելի մասնակի` «Իսլամական պետության» (ԻՊ) եւ քրդական ուժերի դեմ միաժամանակ հայտարարված եւ իրականացվող պատերազմը մեծ հարցականների  դուռ է բացել։

Խնդիրը կենտրոնանում է հետեւյալ հարցի վրա. Անկարան միջազգային ահաբեկչության դեմ պատերազմ ասելով մասամբ ընկալում է ԻՊ-ի, բայց հատկապես ՔԱԿ-ի դեմ պայքարը, մինչ ԱՄՆ-ը ոչ միայն հավասար դիրքերի վրա չի դնում ռազմական այս երկու միավորները, այլեւ ԻՊ-ի դեմ պահերազմ, քրդերին` աջակցություն դիրքորոշումով է  շարժվում:

Ամենից խոսուն ընդգծումը այս հակասության, Թուրքիա – Սիրիա սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի հանկերգն է, ավելի ճիշտ` մղձավանջը, որը համապատասխան արձագանգ չի գտնում միջազգային ընտանիքի կողմից:

Այստեղ լրատվությունները հակասում են իրար: Շատ հատկանշական է վարչապետի պաշտոնակատար Դավութողլուի այն հայտարարությունը, որ նախագահ Ասադի դեմ ԻՊ-ի գոյությունը միջազգային անգործության արդյունքն է: Հայտարարությանը հետեւելով հասկացվում է այն, որ եթե ժամանակին Անկարայի առաջադրած անվտանգության գոտին ստեղծվեր, կանխված կլիներ սիրիական պատերազմը եւ ԻՊ-ի գոյությունը: Թուրքական պաշտոնական կենտրոնների մոտ կանգնած աղբյուրները շարունակում են շրջանառության մեջ դնել այն, որ Վաշինգտոնն ու Անկարան համաձայնել  են առաջացնել անվտանգության գոտի: Մինչ ամերիկյան կողմը հերքում է` շեշտելով, որ անվտանգության գոտին կամ այդ տարածքում թռիչքազրկումը ավելորդ է, որովհետեւ այդ տարածքում ահաբեկչության դեմ դաշնակցած ուժերի օդանավներն են, որ թռիչքներ են իրականացնում։

Կարդացեք նաև

ԻՊ-ի դեմ առնված Անկարայի զինվորական քայլերը առայժմ չեն օգնել անվտանգության գոտու որոշման հանգմանը: Այս համատեղ պատերազմը, որ Անկարան է մղում, խորքում ոչ թե ԻՊ-ին  արմատախիլ անելու համար է, այլ քրդական վտանգը չեզոքացնելու: ԻՊ-ը Անկարայի համար այդ գործիքն էր. ԻՊ-ի դեմ հասցված հարվածը դարձյալ այդ գործիքի օգտագործումն է` ապահովության գոտու ստեղծման որոշումը հիմնավորելու եւ արդարացնելու համար:

Ապահովական գոտին ոչ թե ԻՊ-ի չեզոքացման նպատակն է հետապնդում, այլ արգելակումն է Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի քրդերի ցամաքային միավորմանը:

Մինչ Վաշինգտոնից եւ ՆԱՏՕ-ից հնչած ձայները ողջունում են Անկարայի երեւութական աշխուժացումը ԻՊ-ի դեմ, սակայն չեն հաստատում անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտությունը: Անկարային պարտադրվում է գործնապես դիրքորոշվել ԻՊ-ի դեմ: Գետնի վրա երեւացածը այն է, որ ԻՊ – քրդական ուժեր պատերազմին Անկարան միջամտում է սահմանափակ հարվածելով ԻՊ-ի ռազմակայաններին, ավելի ուժգին հարվածելով քրդական ուժերին: ՔԱԿ-ը արդեն պաշտոնապես հայտարարել է վերջ տալ զինադուլին: Սա նշանակում է տարածաշրջանային բռնկվածության կարեւոր միջավայրի վերածել նաեւ Թուրքիան:

Տարբեր քաղաքական եւ վերլուծական շրջանակների մոտ թվում է, որ շատ թեական է ԻՊ-ի դեմ Անկարայի պատերազմ մղելու երեւույթի հավաստիությունը: ԻՊ-ի կամ միջազգային ահաբեկչության դեմ միջազգային դաշինք կազմվել է այո, բայց այդ դաշինքից անկախ գետնի վրա ԻՊ-ի դեմ կռվողներն են Դամասկոսը, Հեզբոլլահը, քրդերը, պարագայաբար իրաքյան կառավարական ուժերը: Եւ այժմ թեական եւ հարցականների դուռ բացելով` Անկարան, որը ավելի ԱՄՆ-ի նման նման առայժմ իրականացնում է օդային սահմանափակ գործողություններ:

Հստակ տարբերություն կա ուրեմն, ցամաքային, գետնի վրա կողմերի մղած պատերազմի եւ ահաբեկչության դեմ միջազգային պատերազմ հայտարարած օդային սահմանափակ գործողություններ իրականացնողների միջեւ:
Անկարան հայտնվել է այնպիսի կացության մեջ, որ չի կարող մնալ միայն օդային տարբերակը ընտրած դաշինքի սահմաններում: Դեպքերը տեղի են ունենում իր սահմանների անմիջական հարեւանությամբ եւ նույնիսկ իր երկրում: Իսկ անվտանգության  գոտին  գեթ մինչ այժմ չի աշխատում։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս